Չնայած ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ Դաշնակցությունը «սկզբունքորեն» ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը, սակայն իշխող ՀՀԿ կուսակցությունը դեռևս չի շտապում հստակ որևէ բան ասել:
Armlur.am-ի տեղեկություններով` երեկ մոտ երեք ու կես ժամ քննարկումներից հետո ՀՀԿ-ականներն այդպես էլ ընդհանուր եզրակացության չեն եկել: Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը սովորականից ավելի երկար է տևել, ինչն էլ վկայում է, որ կուսակցության ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում վերջնական համաձայնության հասնել:
Բացի դա` նրանք դեռ չեն էլ շտապում սպասվելիք համագործակցության ֆորմատը կոալիցիա կոչել: Համենայնդեպս, նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե գործընկեր կուսակցությունների հետ համագործակցություն է լինելու, սակայն թե ինչ ֆորմատով, պարզ կդառնա ապագայում, այն էլ` մոտ ապագայում:
Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու դիմաց նախարարների և մարզպետների պորտֆելներ է ցանկանում, ինչպես նաև հայտնի 7 կետերի կատարումը, որոնցից մեկը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին: ՀՀԿ-ականներին առաջին հերթին հետ է պահում և զգուշավորության է դրդում հենց այս հանգամանքը. նրանք չեն ցանկանում, որ իրենց հետ նախապայմաններով խոսեն:
Թե ինչ ընթացք կստանա ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունը, պարզ կդառնա առաջիկայում, համենայնդեպս, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին սպասելու կարիք, դժվար թե, լինի, համագործակցության ֆորմատի հետ կապված հարցերը կլուծվեն մինչ այդ: