«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանական երիտթեւը վերջին տարիներին նպատակաուղղված փորձում է կառավարման բոլոր առանցքային պաշտոնները հերթով իրենով անել: Այս գործընթացում առաջին նշանակալի նվաճումը եղավ 2011-ի փետրվարին ՀՀ մարդու իրավունքների պաշտոնում Կարեն Անդրեասյանի նշանակումը: Վերջինս համարվում էր իշխանական երիտթեւի առաջնորդի` Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ անձանցից: Երբ 2013 հոկտեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ, թվում էր՝ իշխանության երիտթեւի կողմից իշխանությունը «վերցնելու» ծրագրի իրագործմանը մի քանի քայլ է պակասում: 2015-ի գարնանն այդ թիմին հաջողվեց պատվով կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Այլեւս թվում էր, թե նրանց ոչինչ չի խանգարի 2017-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ իրենց նկրտումների մասին լիարժեք հայտարարել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանական երիտթեւի «նշանակումներն» իրենց չեն արդարացնում: Նախ՝ անցած տարվա աշնանը պարզ դարձավ, որ Միքայել Մինասյանը լծվել է իր կադրի` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի պաշտոնանկության գործին: Իսկ դեկտեմբերից էլ սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ վերջին շրջանում խիստ լարվել են երիտթիմի անդամների եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հարաբերությունները: Բանն այն է, որ Կոստանյանը դատախազություն մտնելով՝ խզեց իր գրեթե բոլոր կապերը ընկերների հետ, բացի այդ, լինելով համակարգում նոր մարդ, մինչ օրս չի կարողանում դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել: Դրա համար նա պարբերաբար կադրերին «հնձում» է: Կոստանյանի կողմից նշանակված կադրերը պարբերաբար ինչ-որ տհաճ պատմությունների կիզակետում են հայտնվում, ինչն իշխանության հնաբնակները մեծ հաճույքով օգտագործում են` Սերժ Սարգսյանի մոտ իշխանության երիտթեւին մրոտելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: