Դերասանուհի ԱՍՏՂԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ հեռուստատեսության ոլորտում է 2005 թվականից: Նկարահանվել է «Տարբերակ», «Երջանկության մեխանիկա», հիմա էլ «Ընտանեկան պատմություններ» հեռուստանախագծերում: Իր իսկ խոսքով` հեռուստատեսությունը քաշող ուժ ունի, եւ այն երբեք չի փոխի ոչ մի թատրոնի հետ: Դերասանուհին չի հասկանում նաեւ այն մարդկանց, որոնք ասում են` առանց թատրոն կյանք չունեն: 2008թ.-ից Աստղիկը թատրոնում չի աշխատում. «Կոմերցիոն ներկայացումներ եթե լինեն, մեծ սիրով կհամաձայնեմ, բայց ստաժով չեմ աշխատի, քանի որ այն կապում է դերասանի ոտքն ու ձեռքը»:
-Արդեն 8 տարի է՝ հեռուստատեսության ոլորտում եմ: Սիրում եմ ստեղծագործելու այս ձեւը, գուցե նրա համար, որ այստեղից եմ սկսել: Այն, ինչ ստանում ես բեմում, ռեալ է, տեսնում ես մարդկանց թե՛ զգացողությունները, թե՛ ծափահարությունները, ամեն ինչը զգում ես այդ պահին: Կինոն նույնպես, դրա մասին խոսում են տարիներ շարունակ: Իսկ հեռուստատեսությունը՝ այսօր խաղացիր, վաղը կհիշեն, մյուս օրը կմոռանան: Բայց դա էլ ստեղծագործելու մի ձեւ է:
-Այս տարիների ընթացքում բազմաթիվ կանանց, աղջիկների կերպարներ եք ստեղծել, եղե՞լ են Ձեզ նման:
-Իհարկե, շաբաթը հինգ նոր կերպար ես խաղում: Գուցե ոչ ամբողջությամբ, բայց բնավորության գիծ, խոսելու, վարվելու ձեւ:
-Դո՞ւք եք ընտրում Ձեր կերպարները:
-Ես ե՛ւ բացասական, ե՛ւ դրական դերեր եմ խաղում: Բայց կան դերեր, որ հենց կարդում ենք սցենարը, ասում ենք՝ սա, օրինակ, սուսիկ-փուսիկ դեր է, այսինչին կսազի: Իսկ ես խաղացել եմ ե՛ւ խորամանկ, ե՛ւ հանգիստ, ե՛ւ ասող-խոսող կանանց: Կերպարների մեջ ես խտրականություն չեմ դնում: Ասեմ ավելին, բացասական դերի մեջ ավելի մեծ է ստեղծագործելու հնարավորությունը:
-Երբ հեռուստադիտողը փողոցում տեսնում է Ձեզ, ո՞ր կերպարի անունով է կոչում:
-4-5 տարի առաջ կերպարներիս անունն անընդհատ Շուշան էր, ու երբ դրսում տեսնում էին, ասում էին՝ վա՜յ, Շուշանը: Իսկ հիմա ասում են` Նարբեի Աստղիկը կամ «Տարբերակներ»-ի աղջիկը: Հիմա արդեն անունս գիտեն: Ճանաչելիս էլ կոմպլիմենտներ ու ջերմ խոսքեր են ասում, որոնք ինձ ուժ են տալիս:
-Կհամաձայնե՞ք նկարահանվել, օրինակ, կիսամերկ:
-Մենք օգոստոսի վերջին մի տեսանյութ ունեինք, որտեղ պետք է մեր հերոսները լողավազանում ծանոթանային: Ես պետք է լինեի իմ երկու ընկերուհիների հետ: Բայց մենք ամբողջ Հայաստանում չկարողացանք գտնել մի դերասանուհու, որը լողազգեստ կհագնի ու էկրան դուրս կգա: Մենք մի ամիս այդ սերիան հետ գցեցինք, սեզոնն էլ փակվում էր, բայց համարձակ դերասանուհի չգտանք: Վերջը երկու մոդելի հետ նկարահանեցինք: Չեք պատկերացնում՝ քանի դերասանուհու առաջարկեցինք, չէին համաձայնում: Ես լողազգեստ հագա, որովհետեւ ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Իսկ դերասանուհիներն անձամբ իրենց վրա են վերցնում այն, ինչ իրենք խաղում են: Հիմա որ ես լողազգեստ հագա, թեթեւաբարոյի տպավորությո՞ւն թողեցի, ո՛չ, դա ընդամենը կերպար է: Իսկ լողավազան գնալիս ի՞նչ ես հագնում:
Նույնիսկ համբույրի տեսարաններից են խուսափում, երբ ասում ենք՝ մեջքից է երեւալու, չեն ճանաչի, դու էլ իրականում չես համբուրվում, ասում են՝ դե որ մեջքից է, կխաղամ: Այսինքն՝ գաղտնի կանեն, բայց բացահայտ` ոչ:
-Ձեր խոսքից հասկացա, որ մեր հայ դերասանուհիները բավական կոմպլեքսավորված են:
-Շատ: Ասում են՝ գամ, լողավազանի սերիան նկարվեմ, բայց լողազգեստով չլինեմ: Ես ինքս կհրաժարվեմ, օրինակ, բաց սիրային տեսարաններից: Դա արդեն մենթալիտետի հարց է, ես էլ կարիերիստ չեմ ու նման քայլի հաստատ չեմ գնա:
-Դուք եւ Ձեր ամուսինը` Նարբեն, երկուսդ էլ նույն ոլորտում եք աշխատում, ստեղծագործական վեճերը տեղափոխվո՞ւմ են տուն եւ ընդհակառակը:
-Հիմա այնպես է ստացվել, որ ես ու Նարբեն միասին չենք աշխատում: Մի օր ես եմ նկարվում, ռեժիսուրան անում, մյուս օրը՝ ինքը: Բայց երբ նախկինում միասին էինք խաղում… Ռեժիսուրայի առումով երկուսս շատ նման ենք մտածում, բայց խաղի առումով` տարբեր, դրա համար էլ վեճեր շատ են լինում: Ես կարծում եմ, որ արվեստի բնագավառում աշխատող մարդը պետք է ամուսնանա միայն արվեստի բնագավառի մարդու հետ, որովհետեւ եթե իմ ամուսինը լիներ բժիշկ կամ ինժեներ, ինքը չէր հասկանա այն, որ ես նկարահանումից ուշ եմ տուն գալիս կամ որ մեկ այլ դերասան կարող է ինձ գրկել: Նարբեի հետ աշխատելն ինձ համար հաճույք է: Մեզ մոտ նա է ստեղծագործողը, ես էլ` կատարողը: Հիմա Նարբեն շատ լավ սերիալի գաղափար ունի, շուտով կյանքի կկոչվի, ես էլ կլինեմ հերոսներից մեկը:
-Լսել եմ նաեւ, որ ընտանեկան փոքր բիզնես ունեք:
-Դա գովազդային ամսագիր է, որը կոչվում է «Հեռախոսագրքույկ»` 5000 տպաքանակով, անվճար բաժանվում է քաղաքում:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՏԱՆՔ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ