«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում «Դորիանս»-ը գրավեց 18-րդ տեղը: Առաջին տեղում Դանիան էր, երկրորդում՝ Ադրբեջանը, երրորդում` Ուկրաինան: Հայաստանին այս անգամ որեւէ երկիր չտվեց 12 միավոր, մեր երկիրը 10 միավորի արժանացավ Վրաստանի, 8 միավորի` Բուլղարիայի կողմից: Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանը մեր երկրին տվեց ընդամենը 2 միավոր:
Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս: Ընդհանրապես ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մրցույթն առաջին հերթին քաղաքական է, բայց չարժե բոլոր մեղքերը, բացթողումները վերագրել դրան ու մի կողմ քաշվել: Միանգամից ասենք, որ, ըստ շատ մասնագետների, «Դորիանս»-ի ելույթը պրոֆեսիոնալ էր, գրեթե անթերի: Բայց միանգամից հարց է ծագում` իսկ այն հիշվո՞ղ էր, այսպես ասած, հիթայի՞ն էր: Շատերն են այդ հարցին «ոչ» պատասխանում: Ի տարբերություն այդ երգի՝ հիշվող էին Դանիայի, Ուկրաինայի, ինչու չէ, Ադրբեջանի եւ մի քանի այլ երկրների ներկայացուցիչների ելույթները. մեկը` մեղեդայնությամբ, մյուսը` շոուով… Ու ոչ մեկի, հատկապես մրցույթի հայաստանյան պատվիրակության համար դա երբեւէ գաղտնիք չի եղել, ուստի այս անգամ ընդամենը երգի ընտրության հարցում պետք է դա հաշվի առնվեր:
Բնական է, որ հույս ենք դնում հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցների խղճի, հայրենասիրության վրա, բայց ինչպե՞ս կարող է զուտ հայաստանցի լինելու համար, ասենք, Գոռ Սուջյանի օգտին քվեարկել երկրից արտագաղթած, իշխանություններից պարզապես զզված, սփյուռքում բնակվող հայը: Եթե նույնիսկ չբացառենք, որ, ասենք, Ադրբեջանն ապօրինություն է թույլ տվել` 20 եվրոյով իր օգտին sms գնելով, քվեարկությունները ցույց տվեցին, որ սփյուռքահայերը վերջնականապես հիասթափվել են երկրից, ավելի ճիշտ` իշխանավորներից:
Այս անգամ պարզապես զարմացրեց Ռուսաստանից ստացած 2 միավորը: Մոսկվայի ամենաթանկ բեմերը «Տաշիր» մրցույթի համար զբաղեցրած ռուսահայերը երեւի տարված են եղել իրենց հարազատ մրցույթով եւ քվեարկելու ժամանակ չեն ունեցել: Այստեղ նաեւ ճաշակի խնդիր կա, եւ եթե, ասենք, շատերի սիրելի ու հարազատ ռաբիս երգիչ Արմենչիկը կամ նրա ոճի մեկ այլ երգիչ-երգչուհի ելույթ ունենար, հաստատ նրա օգտին կքվեարկեին: Դե, իսկ ոչ հայ քվեարկողներին էլ դժվար է զարմացնել, թեկուզ պրոֆեսիոնալ, սակայն, ինչպես վերը նշեցինք, ոչ հիթային երգով:
Այստեղ, իհարկե, Հայաստանի դեսպանատները կարող էին հայ համայնքին կազմակերպելու փորձեր անել Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ այլ երկրներում, բայց նրանք շատ ավելի «կարեւոր» գործեր ունեն:
Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մրցույթը կազմակերպում, երգը եւ երգչին ընտրում է Հանրային հեռուստաընկերությունը մեր գրպանի հաշվին, ուստի այն պարտավոր է հաշվի առնել բոլոր լուրջ առաջարկներն ու կարծիքները: Եվ տվյալ դեպքում տեղին չէ օլիմպիական կարգախոսը` կարեւորը մասնակցությունն է:
Իսկ միգուցե ճիշտ կլինի երգի ընտրությունը կատարել սփյուռքահայերի՞ քվեարկությամբ:
ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ