Նոր ընտրական օրենսգրքի թեման այժմ քաղաքական դաշտում ամենաքննարկվողներից է. ինչ լուծում է առաջարկում ընդդիմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններն այս օրերին ակտիվորեն զբաղված են նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներով: Իհարկե, ներկա փուլում այդ աշխատանքները դեռեւս ստվերային բնույթ են կրում: Սակայն ակնհայտ է, որ նոր ընտրական օրենսգրքի թեման առաջիկա ամիսներին լինելու է քաղաքական դաշտի հիմնական քննարկման առարկաներից մեկը:

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունը, որպես կանոն, չի մասնակցում ԸՕ-ի նախագծի քննարկումներին, կամ էլ դրանցում ներգրավվում է միայն ամենավերջում, երբ արդեն նախագիծը վաղուց գրված պատրաստ է, եւ իշխանությունները հասցրել են բոլորին համոզել, որ իրենց կազմած փաստաթուղթն ամենալավն է, եւ իրենք էլ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կողմնակից են: Սակայն իրականությունն այն է, որ իշխանություններն ամեն անգամ ԸՕ նախագիծ մշակելիս ընտրակեղծարարության գործիքները դրել են այդ փաստաթղթի հիմքում: Իսկ ընդդիմությունը ստիպված է եղել ամեն ընտրություններից հետո արձանագրել, որ իշխանություններն իրենց կաշին չեն փոխել եւ նրանք շարունակում են կեղծել ընտրությունները:

Սակայն այլեւս ակնհայտ է, որ գործընթացներին մասնակցելը եւ սեփական տեսակետը ներկայացնելն ավելի արդյունավետ է: Ի վերջո, Հայաստանում բոլոր կարեւոր փաստաթղթերի մշակմանը, որպես կանոն, ներգրավված են լինում նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նախագծերի մշակումից հետո իշխանությունների համար ավելի հեշտ է «հիմնավորել» ընդդիմության առաջարկները չընդունելու գործելաոճը: Իսկ նախագծի մշակման փուլում ծավալվող քննարկումների ժամանակ իշխանությունների կողմից ընդդիմության բոլոր առաջարկները մերժելն այդքան հեշտ չի լինի: Կասկածից վեր է, որ իշխանությունները ստիպված կլինեն, ասենք, տասը առաջարկից մեկ կամ երկուսն ընդունել:

Հայաստանի ընտրական համակարգի առանցքային խնդիրն ընտրացուցակների հարցն է: Տարիներ շարունակ ընդդիմությունը բարձրաձայնում է ընտրացուցակների ուռճացված լինելու մասին, բայց հարցը այդպես էլ լուծում չի ստանում: Նույնիսկ իշխանություններն են ընդունում, որ ՀՀ ընտրական ցուցակները 800 հազարից մինչեւ 1 միլիոն ընտրողով ուռճացված են, քանի որ մարդիկ տարիներ առաջ Հայաստանից արտագաղթել են, բայց շարունակում են ընտրացուցակներում մնալ:

Իշխանությունների փաստարկն այն է, որ եթե մարդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունից չի հրաժարվել կամ պաշտոնապես չի տեղեկացրել մշտական բնակության նպատակով արտերկիր տեղափոխվելու մասին, ապա իրենք իրավունք չունեն նրան ընտրական ցուցակից հանել: Առաջին հայացքից թվում է, թե տրամաբանական պատճառաբանություն է: Բայց ողջ խնդիրն այն է, որ մարդիկ Հայաստանից ուղղակի փախչում են, եւ ընտրացուցակներում եղածների մեծ մասը վաղուց նաեւ ՀՀ քաղաքացի չէ, ու նրան չի էլ հետաքրքրում՝ իր անունը ընտրական ցուցակում կա, թե ոչ: Ինչեւէ, ուռճացված ընտրացուցակները իշխանություններին հնարավորություն են տալիս բացակա մարդկանց փոխարեն «ընտրելով»՝ իրենց անհրաժեշտ քվեն գրել:

Ընդդիմությունը որպես լուծում առաջարկում է ընտրողների մատի թանաքոտումը: Ենթադրվում է, որ այդպիսով հնարավոր կլինի կանխել բազմակի անգամ եւ ուրիշի փոխարեն քվեարկելու մեխանիզմի կիրառումը: Մյուս կողմից ընդդիմությունն առաջարկում է նաեւ քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները:

Մատերի թանաքոտման դեպքում իշխանությունները հոդաբաշխ եւ տրամաբանված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացնում: Իսկ այն պնդումները, թե դա մեր ազգին հարիր չէ, կամ որ խանդի տեսարանների առիթ կարող է դառնալ, այնքան անհեթեթ են, որ դրանց իմաստ չունի անդրադառնալ: Իրականում իշխանությունները մատերի թանաքոտումից վախենում են եւ այդ պատճառով չեն համաձայնում: Սակայն իրականում, եթե անգամ իշխանությունները համաձայնեն մատերի թանաքոտմանը, ապա միեւնույն է՝ այդ մեխանիզմը առանց ընդդիմության վերահսկողության մնացող 500-ից 600 գյուղերի խնդիրը չի լուծում: Այսինքն՝ առանց վերահսկողության մնացած գյուղում, միեւնույն է, իշխանությունները կարող են իրենց ուզած թիվը գրել:
Ստորագրված ցուցակները չհրապարակելու վերաբերյալ իշխանությունների պատճառաբանություններից մեկն այն է, որ դրանցում առկա են քաղաքացիների անձնագրերի տվյալները, եւ չարագործները կարող են այդ հանգամանքը օգտագործել:
Հատկապես եվրոպական երկրներում, որի բնակչությունը եւս ակտիվ տեղաշարժվում է, ընտրացուցակների խնդիրը լուծում են ընտրողի վկայականների միջոցով: Հայաստանը եւս կարող է անցում կատարել «ընտրական անձնագրերին»:

Այսինքն՝ ընտրողներին, ըստ նրանց հայտերի, տրամադրվեն «ընտրական անձնագրեր» եւ ընտրական ցուցակներում տեղ զբաղեցնեն միայն այն քաղաքացիները, ովքեր դիմել եւ ստացել են այդ փաստաթղթից: Այսպիսով լուծվում է ինչպես ընտրացուցակների ուռճացվածության, այնպես էլ ստորագրված ընտրացուցակների հրապարակման խնդիրը, քանի որ այդ փաստաթղթերի վրա այլեւս նշված կլինի ոչ թե մարդու անձնագրի, այլ «ընտրական անձնագրի» տվյալները, որը չարագործները ոչ մի կերպ չեն կարող օգտագործել: Մյուս կողմից այդ փաստաթղթերում այլեւս ոչ թե ժամանակավոր, այլ պահպանվող կնիք կդրվի, եւ բազմակի քվեարկության խնդիրն էլ կլուծվի: Կլուծվի նաեւ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների քվեարկության խնդիրը:

Ի դեպ, եթե ընդդիմությունը կարողանա հասնել այն բանին, որ վերը բերված մեխանիզմը Հայաստանի ներկա ընտրական համակարգում ներդրվի, ապա ընտրակեղծարարության խնդիրը մեծ հաշվով լուծված կլինի: Դրանից հետո եթե իշխանություններին վերստին հաջողվի ընտրությունները կեղծել, ապա դա հնարավոր կլինի միայն ընդդիմության անգործության շնորհիվ միայն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս