Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում այսօր ընթանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։ Նշենք, որ թեև դատական նիստը նշանակված էր ժամը 12:00-ին, սակայն սկսվեց 12:30-ին: Երբ բերեցին ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, հանեցին ձեռնաշղթաները: Դատավորը նշեց, որ նիստին չեն ներկայացել տուժողների իրավահաջորդներից Երեմ Սարգսյանը, Երվանդ Վարոսյանը:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ դատաքննության ժամանակ վկաների կողմից տրված ցուցմունքները ուղիղ եթերով չհրապարակվեն, այսինքն՝ պատկերը կարող է մնալ, ձայնը՝ ոչ:
Այս միջնորդությունը հիմնավորվեց նրանով, որ այն անձինք, որոնք դեռևս սույն քրեական գործի շրջանակներում պետք է ցուցմունք տան, հնարավորություն չունենան տեղեկանալ, թե ինչ փաստական հանգամանքների մասին է խոսվել: Միջնորդությունը ոչ ոք չառարկեց, այդ թվում նաև՝ Պերմյակովը, և դատավորը բավարարեց այն:
Վկաների ցուցմունքների ժամանակ դահլիճում վատացավ մի քանի մարդկանց ինքնազգացողությունը, մոտեցան բուժաշխատողներ, ցուցաբերեցին առաջին օգնություն: Դատական նիստն ընդհատվեց: