Ընդամենը մեկ շաբաթից պարզ կդառնա՝ արդյոք ՀՀ իշխանությունները կկարողանան ԵԽԽՎ-ում տապալել հակահայկական երկու զեկույցների ընդունումը, թե ոչ: Ինչպես հայտնի է՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հակահայկական միանգամից երկու զեկույցներ` «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նախատեսված է հունվարի 25-ից 29-ը: Հակահայկական զեկույցների քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակահայկական զեկույցների ընդունումը թույլ չտալու նպատակով դեռեւս անցած տարվա վերջին ՀՀ իշխանությունները ստեղծել են հատուկ աշխատանքային խումբ: Այն ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը: Հիշեցնենք, որ վերջինս պատգամավոր է դարձել անցած տարվա սեպտեմբերին: Աշխատանքային խմբի ղեկավարումը նրան հանձնարարելը պայմանավորված է այն փաստով, որ նա տարիներ շարունակ գործունեություն է ծավալել հասարակական սեկտորում, եվրոպական կառույցների հետ շփման հարուստ փորձ ունի, եւ նրա անձը ՀՀ իշխանությունների հետ անմիջական չի ասոցացվում: Ենթադրվում է, որ ի տարբերություն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նա առավել անկաշկանդ կարող է շփվել ԵԽԽՎ-ում տարբեր երկրների պատվիրակների հետ: «Ժողովուրդ»-ը Բեքարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքի վերաբերյալ, սակայն հայտարարեց. «Ոչ հիմա, ժամանակ չկա, եւ այդ թեման այսօր ինձ համար քննարկման առարկա չէ: Ամսի 27-ին կարող ենք խոսել»:
Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը: Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա կտակել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը եւ գոյացած գումարն ուղղել բարեգործության: Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք: Ասել է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են: Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց: Բայց Քրքորյանին զայրացրել էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, եւ նա լուծարեց «Լինսի» հիմնադրամը` հրաժարվելով Հայաստանին որեւէ սենտ տալ: Եւ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար եւ գուցե ավելի:
Կարեն Անդրեասյանը երեկ վերահաստատեց հունվարի 12-ին ներկայացրած իր հրաժարականի դիմումը: Այսպիսով՝ երեկվանից Հայաստանը չունի մարդու իրավունքների պաշտպան: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թափուր մնալու դեպքում նոր օմբուդսմենը պետք է ընտրվի մեկ ամսվա ընթացքում: Կարեն Անդրեասյանը դեռեւս շարունակում է խուսափել լրագրողների հետ շփումներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Անդրեասյանը պատրաստվում է վերստին զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Ավելին՝ իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փաստաբանական պալատի անդամների շրջանում առկա հակասությունների շնորհիվ նախկին օմբուդսմենին կհաջողվի լուրջ պաշտոն զբաղեցնել փաստաբանների պալատում: Իսկ այդ նպատակով Կարեն Անդրեասյանը կօգտագործի ՄԻՊ պաշտոնում ձեռք բերած կապերն ու հմտությունները՝ առավել լավ արդյունքներով գործունեություն ծավալելու համար:
Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման մասին լուրերը տարեսկզբից կրկին սկսեցին ակտիվ շրջանառվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ կոալիցիան պետք է կազմվի մինչեւ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների պաշտոնական մեկնարկը: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ կմտնեն ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Քննարկումներին կոալիցիայով մոտենալու հանգամանքը իշխանությունների համար կարեւոր է, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան առավել անաղմուկ անցկացնել նոր ԸՕ-ի՝ իրենց համար ցանկալի նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե մինչեւ ԸՕ նախագծի պաշտոնական քննարկումների մեկնարկը չհաջողվի կոալիցիա կազմել, ապա այն ընդհանրապես չի կայանա, եւ իշխանության բաժանմանն ուղղված բոլոր հարցերը կտեղափոխվեն 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո: «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվեց այդ լուրերը մեկնաբանել:
ՍՊԱՍՈՂԱԿԱՆ
2016 թվականը շատ պաշտոնյաների համար տհաճ անակնկալներով մեկնարկեց: Հայաստանի Հանրապետության կառավարության գերակշիռ մեծամասնությունն ատամները կրճտացնելով երկմտում է, թե ինչ է սպասվում իրեն: Բանն այն է, որ գործադիրի գրեթե բոլոր անդամները սպասում են, թե երբ են իրենց պաշտոնանկ անելու, քանի որ նախ հասարակական դժգոհությունը որոշակիորեն մեղմելու անհրաժեշտություն կա, բացի այդ՝ խնդիր կա նաեւ իշխանական նոր կոալիցիայի բարձրաստիճան անդամների համար գործադիրում տեղեր ազատելու համար: Թերեւս սա է պատճառը, որ շատ նախարարներ այսօր սպասողական վիճակում են. մեկը գործուղման է մեկնել, մյուսը «խոզի գրիպ»-ի մասին է հիշել, երրորդը գնում է աշխատանքի՝ իր աշխատասենյակի համակարգչով նորությունները կարդալու համար եւ այլն: Ասել է թե՝ խաթարված է շատ պաշտոնյաների բնականոն գործունեությունը, քանի որ չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում առաջիկայում:
Սրան էլ երբ գումարվում է տեղեկությունն այն մասին, որ իշխանական կոալիցիայի ձեւավորման համար Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն իրենց համար պաշտոններ են պահանջում՝ ընտրական օրենսգրքի քննարկումները սկսելու եւ համաձայնություն տալու համար, ամեն ինչ տեղն է ընկնում: Սակայն այս դեպքում հակառակ իմաստով, քանի որ տեղն ընկնելու փոխարեն լրացուցիչ անհանգստության առիթ է շատ նախարարների համար:
Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, ՀՀ նախագահի նստավայրում փակվում է, միանձնյա որոշումներ կայացնում, իր մոտ հրավիրում բոլոր այն գործիչներին ու մարդկանց, ում պատկերացնում է ապագա կառավարությունում, զրուցում է ու բանակցում՝ ճանապարհելիս պահանջելով ոչինչ չասել մինչեւ պաշտոնական հրամանագրի հրապարակումը: Եւ այս գաղտնիությունը առավել դժվար կացություն է ստեղծում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել Բաղրամյան 26-ում լռող Սերժ Սարգսյանից:
Ամենայն հավանականությամբ, Հանրապետական կուսակցության առաջիկա նիստը բավականին հետաքրքիր ընթացք կունենա ու վճռորոշ ազդեցություն ապագա իրավիճակում: Քանի որ նոր կառավարության կամ վերաձեւավորված կառավարության անդամները, ըստ ամենայնի, կմնան մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ համապատասխանաբար քվեներ ապահովելով իրենց ներկայացրած քաղաքական ուժերի համար:
Ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով է պայմանավորված Սերժ Սարգսյանի որոշումների դանդաղկոտությունը: Վճռորոշ մարտերից առաջ պետք է հասկանա՝ ում ինչով կամ ինչն ումով է փոխարինում: