ԷԺԱՆ ԴԵՂՈՐԱՅՔՈՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱԶԳԻՆ ԲՈՒԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. մայիսի 7-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2-րդ կիսամյակի համար կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել “Վագա ֆարմ” ՍՊԸ-ն, որն էլ ներկրելու է հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործվող “Զիպրեքսա” կամ “Օլանզապին” դեղամիջոցը: “Վագա ֆարմ”ՍՊԸ-ի տնօրեն Վահե Վարսանյանի խոսքով՝ նշված դեղորայքի հումքն Իսրայելի  ծագում ունի: Սակայն հոգեկան խնդիրներ ունեցող անձինք “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հակառակն են պնդում: Ըստ նրանց` նոր ներկրվող դեղորայքի հումքն ունի հնդկական ծագում եւ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում օգտագործման փորձ չունի: 
Հիմա այս հիվանդությամբ տառապող մարդիկ օգտագործում են ԱՄՆ-ում արտադրված, Իսպանիայում փաթեթավորված եւ բոլոր երկրներում գրանցված “Զիպրեքսա”, “Օլանզապին” դեղը, որից շատ գոհ են: Սակայն “Վագա ֆարմ”-ի տնօրեն Վահե Վարսանյանը հակառակն է պնդում. “Հնդկական ծագում ունեցող “Զիպրեքսա”, “Օլանզապին” չենք ներկրելու, այդ մասին քաղաքացիները որտեղի՞ց գիտեն: Մեր ընկերությունը մրցույթում հաղթել է ու եվրոպական “Օլանզապին” ենք բերելու, եւ կարիք չկա, որ հիվանդներն անհանգստանան: Մենք հարցում ենք արել եւ տեղեկացել, որ նոր ներկրվող դեղորայքի հումքը հնդկական չէ, այլ Իսրայելից է: Իսկ գինն էլ երեք անգամ մատչելի է, օգուտ ենք տվել պետությանը: Հա՛մ ժողովուրդն է որակով դեղ խմելու, հա՛մ էլ պետությունն է երեք անգամ էժան վճարելուե: Ի դեպ, մասնագետները պնդում են, որ Իսրայելը չունի դեղորայքային հումքի արտադրություն: Նշենք նաեւ, որ մեր փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ “Վագա ֆարմ” դեղատների ցանցում չկա “Օլանզապին” կամ “Զիպրեքսա”: 
Մեզ դժգոհած քաղաքացիները հայտնում են, որ “Վագա ֆարմ”-ի տնօրենը հարկ չի համարել բացատրություն տալ նոր ներկրվող “Զիպրեքսա”, “Օլանզապին” դեղերի ծագման եւ որակի վերաբերյալ: 
Հոգեկան հիվանդությամբ տառապող 39-ամյա Լիլիթի հարազատի կարծիքով՝ էժան գնով ձեռք բերված դեղորայքը, միեւնույն է, որակ չի ունենա: “Բերում են, էժան գնահատում, եւ մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում: Այս դեպքում պետությունը շատ ավելի մեծ գումար է ծախսում, թեեւ երեք անգամ էժան է ձեռք բերում դեղորայքը: Հիվանդն այդ անորակ դեղը խմում է ու վատանում, որից հետո հիվանդությունը սրվում է, ու ստիպված սկսում է  ստացիոնար պայմաններում բուժվել: Հոգեբուժարաններում պետությունը 24 ժամ պետք է իրենց պահի, որի համար օրական վճարում է վեց հազար դրամ: Արդյունքում՝ այդ հիվանդի մոտ անձի դեգրադացիա է սկսվում, վիճակի սրացում, արդեն մարդու անհատականության վրա խորը հետք է թողնում, որովհետեւ այդ անձինք դադարում են ադեկվատ լինելուց: Հիվանդների մտավախությունը հենց սա է: Իսկ հիմա իրենք հազիվ ձեռքբերումներ ունեն, ինտեգրվել են հասարակության մեջ: Ու մի էժան դեղորայքի պատճառով պետք է տուժեն: Էժան դեղով ուզում են ազգին բուժել”,-ներկայացրեց Լիլիթի հարազատը, որը մասնագիտությամբ իրավաբան է:
Ինչպես հաստատում են մեզ դժգոհած քաղաքացիները, շնորհիվ այս՝ ամերիկյան արտադրության “Զիպրեքսա”-ի՝ բազմաթիվ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն են ունեցել շարունակել ուսումը, կրթությունն ու աշխատանքը: Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք եւ նրանց հարազատները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: 
“Քսան տարուց ավելի է, ինչ ունեմ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Ամեն բժշկի դիմել եմ, բայց անարդյունք է եղել: 5 տարի է, ինչ օգտագործում եմ ամերիկյան արտադրության “Զիպրեքսա” տեսակի դեղամիջոցը եւ շատ գոհ եմ: Այն խմելուց հետո ինձ մոտ դրական փոփոխություններ են ի հայտ գալիս: Դա ոչ միայն ես եմ նկատում, այլեւ իմ հարազատներն ու ընկերներըե,-ասաց 34-ամյա Հասմիկը՝ ընդգծելով, որ բարձր որակի “Զիպրեքսա” չընդունելու դեպքում իր հիվանդությունը կսրվի եւ նույնիսկ կարող է իրեն վնասել:
Հասմիկը “Ժողովուրդ”-ին պատմեց, որ ինքը երկու շաբաթ օգտագործել է հնդկական ծագում ունեցող այս դեղորայքը, բայց սկսել է իրեն վատ զգալ: “Լեզուս ուռչում էր ու ծակծկում, գլխապտույտ ու գլխացավ էի ունենում, հետո՝ սրտխառնոց: Տեսնելով, որ օր օրի ինձ վատ եմ զգում, եղբայրս ստիպված գումար է հավաքում ու դեղատնից գնումե,-նկարագրեց մեր զրուցակիցը: Իսկ 60-ամյա Գոհարի որդին հնդկական ծագում ունեցող ,Զիպրեքսաե-ն օգտագործելուց հետո սկսել է վատ մտքեր հղանալ եւ տեւական ժամանակ սրտխառնոց է ունեցել: 
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ, որն էլ ԱՆ-ին առաջարկեց ուսումնասիրել խնդիրը. “Եթե կան դժգոհություններ, գանգատներ, ապա առողջապահության նախարարությունը պետք է արձագանքի խնդրին եւ այն ուսումնասիրի”: Միգուցե Դերենիկ Դումանյանը հետամուտ լինի եւ հանձնարարի ուսումնասիրե՞լ նոր ներկրվող դեղերի որակը, որից բազմաթիվ հիվանդներ դժգոհում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 545 համար




Լրահոս