ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը.
Հայրենակիցներ
ՀՀ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 95-րդ տարեդարձի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետություններով, որոնց սկիզբը դարձավ 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը:
1918 մայիսի 21-28-ը տեղի ունեցած ճակատամարտերում հայկական կամավորական ուժերին հաջողվեց միասնական ջանքերով ջախջախիչ հարված հասցնել թուրքական կանոնավոր բանակին:
Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր միասնությամբ եւ երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար եւ ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի խորհրդային հանրապետությունը եւ պետականության այդ հենքի վրա կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, անկախ Արցախը որոնք արդեն թեւակոխում են իրենց գոյության երրորդ տասնամյակը:
Մայիսի 28-ը իր ուժերին հավատացող հայի տոնն է, անհավասար պայմաններում հաղթող հայի տոնը:
1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով եւ հասնում Արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, այո նաեւ սեպտեմբերի 2-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի իր պատմական ներդրումն ունենար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության եւ իր պատմական տարածքների ազատագրում ունենար, ունենար ազատ, անկախ Արցախ, Երկրապահի օր, այսինքն իր ինքնության համար մարտնչողի տոն եւ հաղթանակի ու խաղաղության տոն:
Տոնական տրամադրությամբ շարունակենք մեր պայքարը, աշխատենք օրըստօրե հաղթահարել մեր առջեւ ծառացած խնդիրներն ու հզորացնենք մեր հայրենիքը:
Փառք տալով հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:
Շնորհավորում եմ հայ ժողովրդին: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հայի եւ մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունք են:
Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու եւ եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահներին փոխանցելու վճռականությամբ:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ՚ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս