Արդեն փաստ է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զգուշացումներից անցել է գործի:
Ինչպես հայտնի է՝ հունվարի 20-ին ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետը խիստ գնահատական էր տվել հատկապես ՃՈ աշխատանքին` կարգադրելով առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում:
ArmLur.am-ը հայտնել էր, որ Ճանապարհային ոստիկանությունում պաշտոնանկություններ են, որոնք որոշ ժամանակ շարունակական բնույթ կկրեն:
Այսպես, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ևս Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից հեռացվել է ՃՈ բաժնի պետերից մեկը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Վլ. Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում իրենց մտածելակերպով և վարքագծով: Եվ դա շարունակվելու է: Ես կարծում եմ, որ 2015 թվականից կմտնենք ավելի ինտելեկտուալ փուլ: Այսինքն՝ որոշակի գիտելիքներով, որոշակի մարտավարությամբ կմտնենք մյուս փուլ և կունենանք ավելի կիրթ ու գրագետ ոստիկաններ շարքայինից մինչև…»:
Վլադիմիր Գասպարյանը բազմիցս նշել է, որ այն բոլոր ոստիկաններին, ովքեր չեն համապատասխանում ոստիկանի պահանջված կերպարին, ինքը «կհանի համազգեստի միջից»:
Իսկ օրեր առաջ տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետը հավելել էր. «Կոռուպցիան էս համակարգում ես կոչնչացնեմ հիմնովի, շեշտում եմ Ճանապարհային ոստիկանությունը, որովհետև դա մեր դեմքն ա, և քաղաքում տեսնում են՝ ինչ ա կատարվում: Մեր հասարակությունը մեզ չի վստահում, այդ թվում նաև ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի և նրանց աշխատաոճի հետ կապված: Ձեռքներդ կկտրեմ եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը՝ հարկահավաքը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը. խոսքս էս պարգայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը: ՃՈ-ն շատ դժվարին աշխատանք ա տանում, բայց մի քանի թափթփուկ կարող ա էդ ամբողջ աշխատանքը զրոյականի բերի: Չեմ հանդուրժի, չի կարելի մյուսների աշխատանքը աղտոտող անթասիբների, անշնորքների պահել էս համակարգում»: