Արմեն Բարսեղյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա մի դեպքում ներկայանալով որպես ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի, մյուս դեպքում՝ նույն հանձնաժողովի աշխատակից, քաղաքացիներից խաբեությամբ խոշոր չափի գումարներ է հափշտակել:
Այսպես, ըստ մեղադրանքի, չարաշահելով Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Կարեն Ստեփանյանի վստահությունը, վերջինիս եղբոր որդու` ԼՂՀ ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Ստեփանյանի վաղաժամկետ զորացրման և թոշակավորման գործընթացը կազմակերպելու համար, 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի` ընդհանուր առմամբ 891000 ՀՀ դրամին համարժեք 2200 ԱՄՆ դոլար գումար: Ուղղակի դիտավորությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է գումարը, իսկ գումարի դիմաց Կ.Սարգսյանին է տվել կեղծ ուղեգիր, նշելով, թե իբր դրա հիման վրա Հ.Ստեփանյանը վաղաժամկետ ազատվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց և ենթակա է զորացրման ու թոշակավորման:
Բացի այդ, Արմեն Բարսեղյանը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Մովսես Սարոյանի վստահությունը չարաշահելով՝ նրան խոստացել է օրինական վճարումներ կատարելու եղանակով կազմակերպել նրա որդու` ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մարտիկ Սարոյանի զորացրման և թոշակավորման գործընթացը և այդ նպատակով 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերցրել է խոշոր չափի` 760000 ՀՀ դրամ և 1235250 ՀՀ դրամին համարժեք 3050 դոլար գումար, սակայն որևէ վճար չի կատարել և ողջ գումարը ստանալուց հետո, այն խաբեությամբ հափշտակել է:
22-ամյա ՀՀ քաղաքացի Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Սուրիկ Կոստանյանի վարույթ:
ՓԱՍՏԻՆՖՈ