Կոալիցիայի ձևավորումից հետո պորտֆելներին հրաժեշտ կտա 6 նախարար. ինչ մտավախություն ունեն կառավարության անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում նոր իշխանական կոալիցիայի ձեւավորման հարցը, կարծես թե, արդեն մոտենում է հանգուցալուծմանը: Ըստ այդմ, ակնկալվում են լուրջ փոփոխություններ կառավարության կազմում: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկությունների` ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ նոր կոալիցիայի ձեւավորման արդյունքում կառավարության ներկայիս կազմից իրենց պորտֆելներին հրաժեշտ կտան 6 նախարարներ, որոնց տեղը կզբաղեցնեն ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական կադրերը:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է մի քանի նախարարների հետ՝ պարզելու համար նրանց դիրքորոշումն ու մտավախությունները հնարավոր պաշտոնանկության հեռանկարի շուրջ:

aramayis-grigoryan

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան

-Պարո՛ն Գրիգորյան, կարծես թե առաջիկայում նոր իշխանական կոալիցիա ձեւավորելու հարցն արդեն վճռված է, եւ ըստ տարածված տեղեկությունների` հնարավոր է` 6 նախարար պաշտոնանկ արվի, որոնց պորտֆելները կբաշխվեն իշխանական կոալիցիային մաս կազմող ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչներին: Այս առնչությամբ ի՞նչ տեղեկություններ ունեք: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ Դուք եւս հայտնվեք այդ նախարարների թվում:

-Որպես կոալիցիոն կառավարության կազմում աշխատելու փորձ ունեցող անհատ՝ դրական եմ գնահատում առողջ քաղաքական համագործակցությունը կոալիցիայի ձեւաչափով: Իսկ ընդհանրապես, նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, եւ ցանկացած անհատ քաղաքական որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ պետք է պատրաստ լինի նաեւ, որ նույն քաղաքական որոշմամբ կարող է այդ լիազորությունները փոխանցել մեկ ուրիշին:

-ՀՀ նախագահի հետ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպում ունեցել: Ի՞նչ հրահանգներ եւ ցուցումներ եք նրանից ստացել` կապված Ձեր գործունեության հետ:

-ՀՀ նախագահի հետ հանդիպումների մասին նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պատշաճ կերպով իրազեկում է:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան

gabriel xazaryan

-Պարո՛ն Ղազարյան, ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձեւավորվելիք կոալիցիայի մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են: Նշվում է 6 նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին, որոնց տեղը, հավանաբար, զբաղեցնելու են ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչները: Մտավախություն չունե՞ք, որ Դուք այդ նախարարների թվում կհայտնվեք: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:

-Ախր, այնպիսի հարցեր եք տալիս, ոչ կոմպետենտ: Ես, ախր, ինչ իմանամ, նման հարցին ես պատասխան կարող եմ ունենալ կամ ինֆորմացիան կարո՞ղ եմ ունենալ, իհարկե, ոչ: Ես այս պահին այս ամենի առնչությամբ կարծիք չունեմ, ես առաջին անգամ եմ լսում: Իմ կարծիքով մենք աշխատում ենք, բոլորս նորմալ իրականացնում ենք մեր աշխատանքները

-Վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից Ձեր աշխատանքային գործունեության հետ կապված ի՞նչ հրահանգներ եւ ցուցումներ եք ստացել:

-Դա էլ պետք է պարտադիր ասե՞մ, չեմ ասի: Բնականաբար, միշտ էլ հրահանգներ եղել են, լինում են, մենք էլ իրազեկվում ենք, իրականացնում ենք այդ բոլոր ցուցումները, հրահանգները` ֆիզկուլտուրայի զարգացման, սպորտի ոլորտում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան

arpine hovhannisyan

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ձեւավորվելիք ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիան կարող է հանգեցնել 6 նախարարների պաշտոնանկությանը, որոնց պորտֆելները կտրվեն ՀՅԴ եւ ԲՀԿ անդամներին: Հնարավո՞ր է, որ Դուք եւս այս ամենի արդյունքում զրկվեք Ձեր պորտֆելից:

-Արդարադատության նախարարությունն ու արդարադատության նախարարը Ձեր հարցադրման հետ կապված որեւէ տեղեկատվության չեն տիրապետում:

-Ձեր աշխատանքային գործունեության մասով վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից հրահանգներ ստացե՞լ եք:

-Հրապարակման ենթակա բոլոր հանդիպումների վերաբերյալ համապատասխան հաղորդագրություններ են տարածվել:

Հ.Գ.«Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել նաեւ այլ նախարարների հետ, սակայն նրանց հետ չհաջողվեց կապ հաստատել: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ մեր հնչեցրած հարցերից հետո հայտնեց, որ ինքը քաղաքական հարցերի չի պատասխանում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս