«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դիվանագիտական արխիվը հանրայնացրած «Վիկիլիքսի» փաստաթղթերը: Այսօր կանդրադառնանք ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի հեղինակած զեկուցագրին, որը պատմում է դիվանագետի եւ այնժամ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Այն տեղի է ունեցել 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, եւ քննարկումը ընթացել է ընտրախախտումների հարցի շուրջ:
Այսպես, Գոդֆրին տեղեկացնում է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանել է ամերիկյան կողմին` նպատակ ունենալով Քոչարյանին որոշ մեսիջներ փոխանցել: Ամերիկացիները կոչ են արել վերջինիս հրահանգել դատախազությանը քայլեր ձեռնարկել ընտրախախտումներ թույլ տվողներին պատժելու ուղղությամբ:
Քոչարյանը համաձայնել է հրապարակային հայտարարություն անել, որ ընտրախախտումներ կատարողները խստագույնս պատժվելու են: Է. Գոդֆրին, անդրադառնալով 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանին, նկատել է, որ իր կարծիքով իշխանությունը բավականին դրական է աշխատել` հաշվի առնելով հավաքների ազատության, ընդդիմության համար լրատվության հասանելիության եւ ընտրացուցակների կազմակերպման հարցերում կատարված աշխատանքները: Գոդֆրին հատկանշել է 500 հազար քվեարկողների խնդիրը, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում, սակայն չկան կառավարության տվյալների բազայում, ինչի կապակցությամբ, սակայն, ամերիկացի դիվանագետը խոստացել է հայտարարությամբ հանդես չգալ` մտավախությամբ, որ այն կարող է ազդել քվեարկության նկատմամբ հասարակական վստահության վրա: Ամերիկացին հավելել է, որ խնդիրը կարգավորելը կապված է օրենսդրական հարցերի հետ եւ այդ կապակցությամբ շարունակվում են քննարկումները ամերիկյան մասնագետների ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջեւ:
Մինչդեռ այս ձեւակերպումների հեղինակը պետք է լիներ հենց Քոչարյանը, այլ ոչ թե ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը, որը բարձրաձայնում է, թերեւս, ընտրական համակարգի ամենակարեւոր հիմնախնդիրը: Սակայն պարզվում է, որ ամերիկացիները այդ մասին պաշտոնական հայտարարություն չեն անում` քաջ տեղյակ լինելով հանդերձ ընտրացուցակների` կեղծիքների ակունքը լինելու փաստին: Ավելին` հիշենք, որ հենց այս ընտրություններից հետո էր, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը աննախադեպ քայլ արեց ու պաշտոնական շնորհավորանք ուղարկեց վարչապետ Սերժ Սարգսյանին, որը ՀՀ առաջին դեմքը չէր տվյալ ժամանակահատվածում: Հաշվի առնելով Գոդֆրիի ընդգծված դրական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ` կասկած չկա, որ վերջինիս կուսկացության հաղթանակի պատճառով է դիվանագետը խորհուրդ տվել իր կառավարությանը շնորհավորանք ուղարկել: Հիշեցնենք, որ Քոչարյանի կողմից սատարվող ԲՀԿ-ն այդ ժամանակ բավականին քիչ ձայներ էր հավաքել` ի հեճուկս Քոչարյանի ու նրա շրջապատի սպասելիքների:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Է. Գոդֆրին Ռոբերտ Քոչարյանին հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության ծրագրի համակարգող Թոմ Ադամսին ուղղված խնդրանքը, որով Քոչարյանն ակնկալում էր հայաստանյան դատախազների համար ընտրախախտումներին պատշաճորեն արձագանքելու ուսուցողական ծրագրեր իրականացնել: Պարզվում է, որ 2007թ. սկզբում մեկ ամսից ավել տեւողությամբ նման ծրագիր ԱՄՆ կառավարությունն իրականացրել է: Ի պատասխան այդ նկատառումների` Քոչարյանը հավաստիացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բավականին տպավորված է եղել ԱՄՆ-ում տեղի ունեցած ուսուցողական ծրագրով: Գոդֆրին ծաղրանքով նկատում է, որ ի հեճուկս գովեստների` Քոչարյանը հիմա տարատեսակ պատրվակներ է բերում, թե ինչու հրապարակված խախտումների կապակցությամբ ակտիվ ու առաջընթաց ապահովող քննություններ չեն կատարվում:
Այնուհետեւ ամերիկացի դիվանագետը խնդրել է Քոչարյանին հանձնարարել գլխավոր դատախազին ակտիվ միջոցներ ձեռք առնել այս ուղղությամբ: Քոչարյանը շտապել է հակադարձել, որ խնդիրը իրականում ավելի խճճված է: Ըստ նրա` ՀՀ իշխանությունները նախորդ տարիներին բազմիցս են արժանացել քննադատության դատախազության գերակտիվ գործունեության համար, որը միջազգային շրջանակներն անգամ համարել են քաղաքականապես ուղղորդված: Գոդֆրին խնդրել է Քոչարյանին գոնե հրապարակային հայտարարություն անել, որ որեւէ ընտրախախտում չի հանդուրժվելու, ինչին ի պատասխան Քոչարյանը «մեծահոգաբար» համաձայնել է: Վերջինս, սակայն, չի զսպել իրեն ու վերապահում է արել, ըստ որի` ինքը չի սիրում հայտարարություններ անել, որոնց չի կարող կամ էլ չի ցանկանում հետամուտ լինել:
Փաստորեն, Քոչարյանը չի էլ թաքցրել, ավելին՝ վերոնշյալ վերջին ձեւակերպմամբ հստակեցրել է, որ ընտրախախտումներ անողները Հայաստանում պիտի անպատիժ մնան: Ավելին` նա իշխանության անգործությունը քողարկել է քաղաքական հետապնդումների շուրջ շահարկումներ թույլ չտալու մտահոգությամբ: Սակայն Քոչարյանի նախագահության թե՛ մենկարկը, թե՛ անփառունակ ավարտը փաստում են, որ նա ամենեւին էլ կանգ չի առել քաղաքական բռնությունների մեղադրանքների առաջ եւ երբեւէ չի էլ մտահոգվել այդ հարցով: Ցավալի է, սակայն, ամերիկացի դիվանագետի կեցվածքը, որը քաջատեղյակ լինելով ընտրախախտումների իրական բնույթի ու պատասխանատուների մասին՝ լռելյայն աջակցել է իշխանություններին:
Նժդեհ Հովսեփյան