Իշխանությունը գնում է կարդինալ փոփոխությունների. թիվ մեկ խնդիրը նոր ընտրական օրենսգրքի ընդունումն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո իշխանության թիվ մեկ խնդիրը նոր ընտրական օրենսգրքի ընդունումն է` ինչը հնարավորություն կտա իշխող ՀՀԿ-ին ապահովել իր անխոչընդոտ վերարտադրությունը: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակումը հանձնարարված է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, ով արդեն հասցրել է հանդիպել տաբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Սակայն ուշագրավ է, որ ընտրական օրենսգրքի մշակման համար համապատասխան հանձնաժողով չի կազմավորվելու, քանի որ իշխող Հանրապետականը չի ցանկանում այլոց կարծիքը հաշվի առնել, ինչը բազում հարցերի տեղիք է տալիս:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:

-Պարո՛ն Նիկոյան, հայտնի է, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործը իշխանությունները հանձնարարել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին եւ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, կարծես թե, խոսք չի գնում: Ի՞նչ տեսակետ ունեք այս առնչությամբ: Արդյո՞ք ճիշտ է, որ նման կարեւորագույն փաստաթղթի նախագիծը մշակի մեկ հոգի, եւ ոչ թե տարբեր մասնագետներից եւ ուժերից բաղկացած աշխատանքային խումբը:

-Օրենսդրական նախաձեռնության իրավունքը սահմանադրությամբ տրված է կառավարությանը եւ Ազգային ժողովի պատգամավորներին: Շատ մարդիկ, իրավասու, կարող ուժեր կարող են այդ պրոցեսին մասնակցություն ունենալ: Մինչեւ հիմա ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը եղել է պառլամենտում: Պառլամենտում կազմվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներառվել են նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, եւ աշխատանքները այդպես են տարվել: Բայց կարող է այդ առաջարկը անել նաեւ կառավարությունը, որին նորմալ պետք է վերաբերել: Բոլորն էլ կարող են ունենալ ազդեցություն` մասնակցելով քննարկումներին` իրենց տեսակետներով, փորձով, գիտելիքներով, բայց օրենսդրական նախաձեռնության իրավունքը կառավարությանն ու պատգամավորինն է: Ամեն դեպքում, ով էլ լինի օրենսդրական նախաձեռնության իրականացնողը, պառլամենտը պետք է դա ամբողջությամբ, լիագումար նիստով, իր ծավալով ուսումնասիրի, քննարկի փոփոխություններ առաջարկի: Որովհետեւ պառլամենտը քաղաքական մարմին է, եւ անհրաժեշտություն կա, որ քաղաքական ուժերը գան համագործակցության: Պառլամետն ամբողջությամբ եւ պառլամենտում եղած ուժերը ներգրավված կլինեն պրոցեսին:

-Իսկ ինչո՞ւ այս անգամ էլ, ինչպես եղել է մինչ այս, չի կազմվում համապատասխան աշխատանքային խումբ կամ հանձնաժողով, որի կազմում ներգրավված կլինեն նաեւ արտախորհրդարանական ուժեր:

-Մինչեւ հիմա բոլոր քննարկումներին նրանք մասնակցություն ունեցել են, իրենց տեսակետները հայտնել են: Պառլամենտական քննարկման ամբողջ փուլում, դա լինի հանձնաժողովում, լինի լիագումար նիստերում, նրանք կարող են իրենց տեսակետները հայտնել: Եւս կարելի է կիրառել այդ հնարավորությունը, եւ դրանով ընտրական օրենսգիրքը ավելի լավը կարող է լինել:

-Պարո՛ն Նիկոյան, ինչպիսին են անձամբ Ձեր պատկերացումները կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք հնարավոր կդարձնեն ընտրական գործընթացի թափանցիկությունն ու արժանահավատությունը:

-Բոլոր այն փոփոխությունները, որոնք մինչեւ այժմ իրականացվել են` նկատի ունենալով ընտրական պրոցեսի վերահսկելիության, օրինականելիության, օրենքներին համապատասխանեցնելու տեսակետից, իհարկե, լուրջ աշխատանքներ են արվել: Ընտրական օրենսգիրքն իր մեջ ունի լուրջ փոփոխությունների կարիք: Խոսքը վերաբերում է համամասնական ընտրակարգին անցմանը: Դա իր մեջ բերում է քվեարկության որոշակի ձեւի փոփոխություն: Իշխանությունները փորձ են անում գնալ եւ իրականացնել կարդինալ, սկզբունքային փոփոխություններ:

-ՀՀԿ-ն արդեն որոշե՞լ է համամասնական ընտրացուցակի կազմման մեթոդը եւ ըստ այդ ցուցակի խորհրդարան անցնելու ձեւը:

-Խոսում եք գործնական կիրառման մասին, բայց օրենսգիրքը որպես այդպիսին դեռեւս չկա: Նախ պետք է նախագիծը լինի, նախագիծը պետք է դառնա օրենք, հետո նոր փորձի որեւէ կուսակցություն, այդ թվում ՀՀԿ-ն, այդ օրենքով գնալ դեպի ընտրություններ:

-Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ համամասնական ընտրական համակարգը լինելու է ռեյտինգային: Ի՞նչ է սա նշանակում: Ռեյտինգային պատգամավոր ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ:

-Զուտ համամասնական ընտրակարգ լինելու դեպքում որեւիցե ընտրատարածքում, որեւիցե կուսակցություն ինչ-որ դեմքերով պետք է հանդես գա: Բնականաբար, ընտրատարածքային թիվը կնվազի, որտեղից որ անպայմանորեն պատգամավոր է ընտրվում: Հիմա այսքանով սահմանափակվենք, լավ կլինի նախագիծը լինի, նոր այս հարցին կանդրադառնանք:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս