Թվում էր, թե ՀՀ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը տարին սկսել է «հին կադրերից» ազատվելով, որպեսզի համակարգում վստահելիներով շրջապատվի:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման հենց սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գեւորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդ կերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել: Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին, ազատվեցին: Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են: Սակայն, ինչպես պարզվում է, այդքան էլ այդպես չէ:
Համակարգում կադրային ջարդի հաջորդ փուլը մեկնարկեց այս տարվա հունվարի 18-ին: Բանն այն է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը ազատվեց աշխատանքից: Գրել էինք, որ Ս.Խաչատրյանը անձնական դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Իսկ ի՞նչն էր եղել նրա ազատման պատճառը: Պարզել էինք, որ Սասուն Խաչատրյանն այս քայլին գնացել էր բարձր թոշակ ստանալու համար: Բանն այն է, որ քսան եւ ավել տարվա ստաժ ունեցողները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում նախկին կարգով հաշվարկվող կենսաթոշակ են ստանում՝ վերջին տարվա միջին ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով:
Իսկ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո նրանց կենսաթոշակը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով, ինչն առավել ցածր կլինի: Չնայած Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատվել էր հանուն բարձր թոշակի, սակայն նշենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի կադրերից է, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները այդքան էլ լավ չեն: Ու դա առաջին դեպքը չէ, որ Գեւորգ Կոստանյանը համակարգից հեռացնում է Հրաչյա Բադալյանի կադրերին: Դեռեւս 2015 թվականին Գեւորգ Կոստանյանը հրահանգել էր Հրաչյա Բադալյանի մտերիմին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կարեն Բատիկյանին, աշխատանքից ազատման դիմում գրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է նաեւ Տավուշի մարզի դատախազը, որը Աղվան Հովսեփյանի կադրերից էր: Չնայած տեսակետ կա, որ նա եւս աշխատանքից ազատվել է բարձր թոշակ ստանալու համար, սակայն տարօրինակ է, որ հենց հին կադրերն են նախընտրում բարձր թոշակ ստանալ ու լքել համակարգը:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում տիրող իրավիճակը այսքանով չի ավարտվում: Մեզ հասած տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը ոչ միայն հին կադրերից է ազատվում, այլեւ իր վստահելի աշխատակիցներին կարեւոր պաշտոնների է նշանակում, որպեսզի կարողանա դատախազությունում առկա իրավիճակն իր վերահսկողության տակ պահել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Գեւորգ Կոստանյանը այսպիսի կտրուկ քայլերի է գնում, քանի որ նրան չսիրող իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները պարբերաբար Սերժ Սարգսյանի սեղանին են դնում տարբեր շրջանների դատախազների կողմից արված մանր ժուլիկությունների դեպքերը: Որպեսզի Կոստանյանն ապացուցի, որ ինքը որեւէ առնչություն չունի ներքին օղակներում պտտվող «մաղարիչների» հետ, որոշել է «հնձել» համակարգը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրինակ՝ օրերս Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ: Արմավիրի մարզի դատախազի տեղակալը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ: Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սյունիքի մարզի դատախազը նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ: Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ:
Ի՞նչ արդյունք կտան այս փոփոխությունները, եւ արդյո՞ք այս ճանապարհով Գեւորգ Կոստանյանը կկարողանա համակարգը իր ձեռքում պահել, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, նրա երիտասարդ թիմակիցները, որոնք ժամանակին լոբբինգ են արել, որպեսզի Կոստանյանը դատախազ դառնա, այսօր կանգնած են խնդրի առջեւ: Բանն այն է, որ ե՛ւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ե՛ւ դատախազ Գեւորգ Կոստանյանին Սերժ Սարգսյանը «նշանակել» է իր երիտասարդ թիմի խորհրդով: Բայց տարիներ անց պարզվեց, որ օմբուդսմենն «անհաջող կադր է». իրենց չի ենթարկվում, իսկ Կոստանյանն էլ իր հարաբերությունները խզեց երիտթեւի հետ դատախազություն մտնելուց ամիսներ անց: Տեսնենք՝ ինչով կավարտվի այս անգամ արդեն Գեւորգ Կոստանյանի դեմ սկսված արշավը:
Քնար Մանուկյան