«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016թ. փետրվարի 24-ին տեղի կունենան Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք, որ ներկայումս համայնքը ներառում է ոչ միայն Դիլիջան քաղաքը, այլեւ Դիլիջանի տարածաշրջանի 6 այլ բնակավայրեր: 2015թ. մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայացան համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ:
Չնայած Հաղարծին եւ Թեղուտ համայնքների բնակիչներն այդ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեցին Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն, սակայն ի սկզբանե հայտարարված էր, որ հանրաքվեն կրում է խորհրդատվական բնույթ եւ արդյունքները պարտադիր իրավաբանական ուժ չունեն: 2016թ. փետրվարի 24-ին միավորված Դիլիջան համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների կապակցությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Իջեւան քաղաքում գործող Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի հետ, որը, սակայն, ասաց, որ ընտրությունների օրվա մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է կայանան այդ մասին կառավարության որոշման ընդունման օրվանից 60 օր անց: Նշված որոշումն ընդունված է, սակայն իրենք այն դեռ չեն ստացել, որպեսզի հայտնեն, թե Դիլիջանի քաղաքապետի ընտրությունները երբ են կայանալու: Ու չնայած ընտրությունների օրվա վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, Դիլիջան քաղաքում նախընտրական եռուզեռն արդեն սկսել է: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ բացի Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածաշրջանի տարածքային կազմակերպության ղեկավար Արմեն Սանթրոսյանից, միացյալ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնին ներկայումս հավակնում է եւս 3 թեկնածու: Եվ դա բնական է, քանի որ վերջին մի քանի տարում Դիլիջանում խոշորածավալ ծրագրեր են իրականացվել, առողջարանային եւ զբոսաշրջային քաղաքում ավելացել են կապիտալ ներդրումները: Իսկ հարակից 6 համայնքների հետ միավորվելուց հետո էլ Դիլիջան համայնքի բնակչությունն ու միացյալ քաղաքի բյուջեն ավելանալու է: Ուստի միացյալ Դիլիջանը ղեկավարելն ավելի հրապուրիչ է դարձել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ