Պաշտոնական թվերը ոգևորող չեն. մարդիկ աղքատանում են ու արտագաղթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած 2015 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանում իրականացվող առեւտրի շրջանառությունը ամիսը ամսի ետեւից շարունակ նվազեց, եւ տարվա վերջն այս տեսանկյունից բացառություն չէր:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականի տասնմեկ ամիսների վիճակագրական տվյալները, ըստ այդմ, պարզվում է, որ առեւտրի շրջանառությունը տասնմեկ ամիսներին նախորդ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,8 տոկոսով:

Գումարային արտահայտությամբ նվազումը կազմել է 113 միլիարդ 201 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե Հայաստանի սպառողները 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ վերը նշված գումարի չափով քիչ առեւտուր են կատարել, ապա ստացվում է, որ նրանք այդքանով աղքատացած են եղել: Հանրահայտ փաստ է, որ առեւտրի շրջանառությունը նվազում է միայն սպառողի գնողունակության նվազելու դեպքում: Ավելին՝ պաշտոնական վերջին տվյալները ներկայացված են ընթացիկ գներով: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ տասնմեկ ամիսների գնաճը ավելի քան 4 տոկոս է կազմել, ապա ստացվում է, որ սպառողների գնողունակության անկումն իրականում վերը բերված թվից շատ ավելին է:

Պաշտոնական վիճակագրությունը այն ոլորտներից է, որտեղ ներկայացվող տվյալներին մշտապես անհրաժեշտ է վերաբերել մեծ վերապահումով: Սակայն միեւնույն ժամանակ առանձին տվյալներ կան, որոնց հետ կապված մեքենայություններ անելու հարցում ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը մի փոքր կաշկանդված է: Նման «պաշտպանված» տվյալներից է առեւտրի շրջանառության ցուցանիշը: Այս թիվը կազմվել է ԱՎԾ-ն սուպերմարկետների, խանութների եւ կրպակների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: Իսկ վերջիններս իրենց հաշվետվությունները ներկայացնում են ըստ իրենց ՀԴՄ տվյալների:

Մյուս կողմից՝ հայտնի է, որ Հայաստանում իրականացվող առեւտուրն ամբողջությամբ ՀԴՄ տվյալներով չի արտացոլվում: Մոտավոր հաշվարկներով ՀԴՄ տվյալներով արտացոլվում է իրական առեւտրի 60-ից 70 տոկոսը: Այս հանգամանքի մասին գիտեն բոլորը, այդ թվում ՀՀ հարկային տեսչության խանութները եւ սուպերմարկետները հսկող տեսուչները: Արդյունքում տեսուչներն ամեն մի խանութի համար իրական եւ ՀԴՄ-ով ցուցադրվող առեւտրի որոշակի հարաբերակցություն են «սահմանում»: Այդ ցուցանիշը փոխվում է՝ ըստ իրական առեւտրի ծավալների փոփոխության: Այսինքն՝ եթե իրական առեւտրի ծավալն ավելանում է, ապա խանութը պարտավոր է այդ աճը արտացոլել ՀԴՄ-ով ներկայացվող տվյալներում եւս: Ասել կուզի, ՀԴՄ-ով ներկայացվող թվերի նվազում հարկայինի տեսուչները թույլատրում են միայն մեկ դեպքում. երբ իրենք էլ գիտեն, որ առեւտուրն իսկապես նվազել է:
Պ

աշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015-ի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ուղեւորաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով: Ի դեպ, այս թիվն իր մեջ ներառում է տրանսպորտային բոլոր տեսակներով ուղեւորաշրջանառությունը: Հարկ է նշել, որ ուղեւորաշրջանառության անկման պատճառներից մեկն էլ բնակչության արտագաղթն է: Այլ կերպ ասած՝ փաստ է, որ 2015-ին Հայաստանի բնակչությունը 2014-ի համեմատ մոտ 50 հազարով նվազել է, այս հանգամանքը չէր կարող իր ազդեցությունը չթողնել ուղեւորաշրջանառության վրա:

Ըստ տրանսպորտային միջոցների առանձին տեսակների, օրինակ՝ ավիացիայի դեպքում, ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 8 տոկոսով: Նշենք նաեւ, որ ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների ընդհանուր թիվը կազմում է մոտ 29 հազար: Իհարկե, երբ ամբողջ տարվա տվյալները հայտնի դառնան, ապա ամենայն հավանականությամբ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը մի փոքր կնվազի, որովհետեւ արտագնա աշխատանքի մեկնածների մի մասը Հայաստան է վերադառնում դեկտեմբերին: Մյուս կողմից հարկ է նկատել, որ Հայաստանից արտագաղթի հիմնական ցուցանիշն արտացոլվում է ավտոմոբիլային տրանսպորտով մեկնումների տվյալներում: Այդ թիվը, որպես կանոն, հրապարակվում է եռամսյակը մեկ: 2015 թվականի առաջին երեք եռամսյակների թվերը հաշվի առնելով՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ անցած տարվա արտագաղթի թիվը կկազմի 40-ից 50 հազար մարդ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս