Մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե գրիպը եւ սուր շնչառական վարակները նահանջում են, սակայն խոզագրիպից մահվան դեպքեր վերջերս նույնպես եղան: Ըստ ԱՆ-ի՝ պատճառը ուշ դիմելիությունը եւ ուղեկցող հիվանդություններն են:
Տեղեկացնենք, որ H1N1 հարուցիչի դեմ բժիշկների կողմից նշանակվող տամիֆլյու դեղամիջոցը մինչեւ հունվարի 15-ը հանրապետության դեղատներում հնարավոր չէր գտնել: Հունվարի 14-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շուտով դեղատներում կլինի այդ դեղը եւ կվաճառվի ոչ ավելի, քան 11.500 դրամով: Հունվարի 15-ին հանրապետությունն ապահովվեց տամիֆլյուով, իսկ մինչ այդ տամիֆլյուն վաճառվում էր մոտ 20 հազար դրամով:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, տամիֆլյու դեղամիջոցի անհրաժեշտությունը կար, բայց հանրապետությունում համապատասխան քանակություն չկար: Ինչո՞ւ:
-Տամիֆլյուն միշտ եղել է, ավելին՝ հիվանդանոցային, իսկ աշխատանքային օրերը սկսվելուց հետո՝ պոլիկլինիկական ցանցում այն եղել է անվճար: Բացի տամիֆլյուից պոլիկլինիկական ցանցը մինչ այդ ունեցել է այլ տեսակի հակավիրուսային դեղորայք: Այսօր էլ տամիֆլյու կա, եւ որեւիցե հիվանդ, որը տամիֆլյուի կարիք է ունեցել, առանց դրա չի մնացել: Այս պահին մենք ունենք տվյալ դեղամիջոցի համապատասխան պաշարները եւ անհրաժեշտության դեպքում կարող ենք նորից բերել: Այնպես որ, այս թեմայի շուրջ, կարծում եմ, ապատեղեկատվություն են տալիս: Տամիֆլյու միշտ եղել է:
-ԱՆ-ի պաշտոնական կայքէջում հայտնվեց այն դեղատների ցանկը, որտեղից քաղաքացիները հնարավորություն ունեին նշված դեղը ձեռք բերել: Դա նշանակում է միշտ եղե՞լ է:
-Դեղատներում եւս եղել է: Մեր մշտադիտարկումներով այս պահին ազատ վաճառքում այն եւս կա: Որեւիցե մեկին ո՛չ արգելված է եւ ո՛չ էլ մենաշնորհ է տրված տամիֆլյու ներմուծելու ուղղությամբ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ