«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ծննդկան 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան գործով առաջիկայում նոր մանրամասներ հայտնի կդառնան: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015 հուլիսի 27-ին: Անցած տարվա նոյեմբերի 6-ին դատաբժշկական փորձաքննության հանձնաժողով է ստեղծվել՝ կազմված 17 բժիշկներից: Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ծննդկանի մահվան գործով եզրակացությունն արդեն ներկայացրել է իրավապահներին, եւ այն ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվում է: Առաջիկայում հայտնի կդառնա՝ արդյո՞ք հանձնաժողովը բժշկական սխալ գտել է, թե ոչ:
ArmLur.am-ը Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանն արդեն ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։