Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու համար Երևանից բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր էին ժամանում Սարդարապատ: Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում տեղադրված են արագաչափեր և վարորդները, եթե ավտոմեքենան վարելու ժամանակ գերազանցում են արագությունը, ապա արագաչափը ֆիքսում է խախտումը, ինչի համար էլ օրինախախտը վարչական պատասխանատվության է ենթարկվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարդարապատ մեկնելու ճանապարհին Ակնալիճ վարչական շրջանում տեղադրված արագաչափը արձանագրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota Corola մակնիշի 002 ՕՕ 01 և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող Volksvagen Tuareg մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենաների խախտումը, որոնց վարորդները նշված տրանսպորտային միջոցները վարում էին մեծ արագությամբ: Ճանապարհային ոստիկանությունից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բացառվում է, որ նրանք վարչական պատասխանատվության չենթարկվեն, քանի որ տուգանքի կտրոնը ուղարկվելու է ըստ հասցեատիրոջ, իսկ Toyota Corola համարանիշները հաշվառված է ԱԺ-ի հաշվեկշռում, իսկ Volksvagen Tuareg-ի համարանիշները՝ ԿԳՆ-ի հաշվեկշռում: Մեր տեղեկություններով՝ պաշտոնյաները եղել են ավտոմեքենաներում և կարծում ենք՝ չեն հերքի դա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքը չի ալարել և նշված արագաչափի մոտ “հերթափահ է կանգնել” և երբ անցնելիս են եղել ՀՀ նախագահը, ՀՀ ոստիկանապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը, վարորդները ավտոմեքենան վարում էին սահմանված արագությամբ, ինչի համար էլ “պրծան” և արագաչափիչ և ֆոտոլրագրողի տեսախցիկից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի