Ինչու է Արա Աբրահամյանը մեկնում ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջիկայում պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց նաեւ վերջինիս եղբայրը` Սերգեյ Աբրահամյանը, որը եւս օրերս Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից ստացավ մուտքի արտոնագիր` վիզա:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Արա Աբրահամյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սերգեյ Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ եք մեկնում ԱՄՆ, արդյո՞ք այդ այցը քաղաքական կամ բիզնես-գործունեության հետ կապ ունի:

-Չէ՛, չէ՛, եղբորս կինը, աղջիկները, ընկերներ ունենք այնտեղ, տուրիստական, բարեկամական գնում ենք:

-Իսկ Ձեր եղբայրը` Արա Աբրահամյանը, ե՞ւս տուրիստական նպատակներով է գնում:

-Մեկը մյուսի հետ կապ չունի, բայց, այո՛, ինքն էլ է առաջիկայում գնալու: Չէ՛, ուղղակի ստացվում է այնպես, որ առիթ կա, ու մի քանի բարեկամներով իրար հետ կլինենք:

-Արա Աբրահամյանի նոր կուսակցություն ստեղծելու մտադրությունը եւ, առհասարակ, հայաստանյան քաղաքական դաշտում գործունեություն սկսելը լուրջ քննադատությունների առթիվ դարձավ, ի՞նչ եք մտածում այս մասին:

-Ինքը շատ հայրենասեր է, ով մոտիկից ճանաչում է, գիտի դա, իր ցանկությունն է, որ մեր հարենիքը լինի բոլոր հայերի համախմբան կենտրոնը, որ ոչ թե գնան, այլ հավաքվեն: Ուրիշ երկրորդական, երրորդական բան չեմ կարող ասել:

-Իսկ ինչո՞ւ հենց հիմա նա որոշեց հայրենիքի «փրկությամբ» զբաղվել:

-Արդեն Հայաստանը այն վիճակում է, որ հիմա իր նպատակը մեկն է. բոլորին համախմբի, որ բոլորն իրենց հնարավորությամբ նպաստեն, եւ այս վիճակից դուրս գանք:

-Հաշվի առնելով քաղաքական դաշտի, ինչպես նաեւ հասարակության տրամադրվածությունը՝ ըստ Ձեզ` նրա այս քաղաքական ձեռնարկը կհաջողվի:

-Գիտեք, հասարակության մի մասը ամեն ինչի մեջ փնտրում է բացասականը, դա ճիշտ մոտեցումը չէ, պետք է տեսնել դրականը, ինքը ուզում է լավ բան անել:

-Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք օգնել նրան քաղաքական գործեունեության մեջ:

– Այո՛, եթե որոշի, իհարկե, որպես եղբայր՝ կօգնեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս