ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե Իրանը Ռուսաստանից ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, եւ միայն այդ պատճառով է, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից: Ընդ որում, ինչպես միշտ, Մովսիսյանը խուսափել է կոնկրետ թվային տվյալներ ներկայացնելուց եւ նշելուց, թե որքան է մեկ խմ գազի դիմաց պահանջում իրանական կողմը: Սակայն մշտապես հանրության աչքին թոզ փչելու մեջ մասնագիտացած  այս նախարարն այդքանով չի բավարարվել, նա նաեւ հավաստիացրել է, թե  իրանական գազամուղը «Հայռուսգազարդ»-ին հանձնելու  հարցում հայկական կողմի վրա ռուսների կողմից որեւէ ճնշում չի եղել: Հիշեցնենք, որ նախօրեին այդ ճնշման մասին խոստովանել էր անգամ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ,  ՀՀԿ-ական  Վարդան Այվազյանը:  Իսկ ահա 2001-ից Հայաստանի էներգետիկ ոլորտը ղեկավարող Արմեն Մովսիսյանը կարծես թե ստանձնել է ռուսական շահերի ներկայացուցչի դերը` ամեն կերպ հակադարձելով ՌԴ հասցեին ուղղված  որեւէ քննադատության եւ փորձելով հերքել ակնհայտ փաստերը: Մինչդեռ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ի սկզբանե  1400 մմ տրամաչափով նախատեսված իրանական գազատարի թողունակությունը  հենց Կրեմլի պարտադրանքով   փոքրացվեց` հասցվելով 710 մմ-ի: Ավելին, անգամ այդ փոքր տրամաչափի գազամուղի կառավարումն էլ հանձնվեց 80  տոկոսով  ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող «Հայռուսգազարդ»-ին` այդպիսով վերջնականապես  վերահսկողության տակ առնելով Հայաստանի կողմից ռուսական գազային մահակին հակազդելու նվազագույն փորձն անգամ: Ով-ով, բայց Արմեն Մովսիսյանը բոլորից լավ է տեղեկացված, թե ինչու եւ ինչպես 2004թ. Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ  պաշտպանել Հայաստանի ազգային շահը եւ մեր երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու եզակի շանսը տանուլ տվեց: Մինչդեռ եթե Ռոբերտ Քոչարյանն ունենար անվիճելի լեգիտիմություն եւ ռուսական հատուկ ծառայություններից   տարբեր բնույթի կախվածություններից զերծ լիներ,  ապա այսօր Հայաստանը ոչ թե  ստիպված կլիներ խնդրել ռուսներին`  խղճալ  իրենց աղքատ ռազմավարական դաշնակցին եւ գազը շատ չթանկացնել, այլեւ  կկարողանար ռուսական գազային շանտաժին հակադրել իրանական գազը, որը, անկախ Արմեն Մովսիսյանի հավաստիացումներից, դժվար թե ավելի թանկ լիներ: Էլ չասած, որ նախատեսված թողունակությամբ գազատարը կառուցելու դեպքում Հայաստանը կարող էր գազ մատակարարել նաեւ Վրաստանին: Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, եւ այսօր Հայաստանի քաղաքացիները ստիպված են վճարել  մինչեւ ուղնուծուծը կոռումպացված եւ  հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մարսած իշխանություն  հանդուրժելու համար: Նաեւ` տասներկու տարի շարունակ առանց կարմրելու ժողովրդին խաբող էներգետիկայի նախարար ունենալու համար:




Լրահոս