«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 18-27 տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում եւ` տարբեր երկրներից եկած միգրանտները: ՌԴ Պետդուման համապատասխան փոփոխություն է կատարել «Բանակում ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում` մինչ ՌԴ քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում: Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաեւ երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից` մյուս երկրում ծառայել է, թե ոչ: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ` այս հարցի շուրջ նրանց տեսակետը պարզելու համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, ՌԴ Պետդուման փոփոխություն է կատարել «Բանակում ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ միգրանտները եւս պետք է ծառայեն ՌԴ բանակում: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին:
-Իրենք ղեկավարվում են իրենց երկրի շահերով եւ ելնելով դրանից` որոշումներ են կայացնում: Յուրաքանչյուր ոք, եթե ընդունում է որեւէ երկրի քաղաքացիություն, պետք է քաջ գիտակցի, որ դա ենթադրում է մի կողմից իրավունքներ, որոնք պարտավոր է ապահովել երկիրը, բայց ենթադրում է նաեւ պարտականություններ: Չի կարող որեւէ մեկը միակողմանի ունենալ միայն իրավունքներ, իսկ այդ պարտականությունները չկատարել: Իրավունքների եւ պարտականությունների չափը սահմանում է երկիրը:
-Մինչ այս շատ հայ երիտասարդներ Ռուսաստան էին մեկնում հենց հայոց բանակում ծառայելուց խուսափելու նպատակով: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է` այս փոփոխությունը նպաստի հայ երիտասարդների արտագաղթի նվազմանը:
-Ես պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին, որովհետեւ միայն լուրջ ուսումնասիրությունից հետո կարելի է այդ հարցի պատասխանը տալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարո՛ն Արսենյան, ՌԴ Պետդումայի որոշմամբ՝ այսուհետ ռուսական բանակում ծառայելու են նաեւ միգրանտները: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը:
-Նախ նշեմ, որ ՌԴ բանակում ծառայում են մեկ տարի, դա ՌԴ-ի կողմից ընդունված շատ ճիշտ եւ խելամիտ որոշում է: Որովհետեւ մարդը, որը գտնում է, որ կարող է ունենալ նոր հայրենիք եւ ստացել է այդ երկրի քաղաքացիությունը, պետք է իմանա նաեւ, որ իր որոշումն իրականացնելու ժամանակ ունի պարտավորություն այդ հայրենիքի առջեւ՝ բանակում ծառայելով: Շատ ճիշտ եւ ողջամիտ որոշում է, որն ընդունել է ՌԴ Պետդուման:
-Բայց ՌԴ բանակում պետք է ծառայեն անգամ նրանք, ովքեր մինչ այդ արդեն ծառայել են իրենց երկրների բանակում: Դա որքանո՞վ եք ճիշտ համարում:
-Իրենք ոչ թե պարտավորվում են ՌԴ բանակում կրկին ծառայել, այլ ընդամենը պետք է ծառայեն Ռուսաստանի բանակում: Ռուսաստանն ասում է, որ իմ բանակում պետք է մեկ անգամ ծառայես: Ինքը չի ասում, որ դու եթե երեք այլ բանակներում ծառայել ես, իմ բանակում չպետք է ծառայես: Եթե ընդունում ես իմ քաղաքացիությունը, բարի՛ եղիր, ծառայի՛ր իմ բանակում: Շատ ողջամիտ մոտեցում է:
-Ըստ Ձեզ` այդ որոշումը կարո՞ղ է նպաստել Հայաստանից արտագաղթի նվազմանը:
-Մեր երկրից արտագաղթի խրախուսողը Հայաստանի իշխանությունների գործունեությունն է: Մնացած երկրները մեղավոր չեն դրանում: Հայ ժողովրդի նկատմամբ ոչ պոզիտիվ նպատակով գործունեություն իրականացնում է իր` ՀՀ իշխանությունը: Որեւէ մեկ այլ երկրի իշխանություն մեղավոր չէ, որ Հայաստանի բնակիչները, դժգոհ լինելով իրենց սոցիալական վիճակից եւ արդարության լրջագույն պակասից, հեռանում են:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերում «Բանակում ծառայության մասին» օրենքում ՌԴ Պետդումայի ընդունած փոփոխությանը, ըստ որի՝ միգրանտները եւս պետք է ծառայեն ՌԴ բանակում:
-Լավ օրենք է այն առումով, որ նրանք, ովքեր փախչում են Ռուսաստան, որպեսզի հայկական բանակում չծառայեն, հիմա հասկանան, թե ինչ ընտրության առջեւ են կանգնած: Օրինակ` Հայաստանի օրենքը երկքաղաքացիության մասին ասում է, որ եթե մարդը մեկ ուրիշ երկրի բանակում ծառայել է եւ դառնում է ՀՀ քաղաքացի, իրեն չեն պարտադրում ծառայել: Ռուսները պարտադրում են: Դե հիմա, արտագաղթո՛ղ երիտասարդ, մտածի՛ր՝ ինչ ես անելու: