ԱԺ ՆԻՍՏԻ ՀԵԶԱՍԱՀՈՒՆ ԸՆԹԱՑՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն իրենց ողջ պոտենցիալը երեկ կենտրոնացրել էին խորհրդարանում` կառավարության ծրագրի քննարկման շրջանակներում երկու օր շարունակ իրենց հասցեին ամենածանր քննադատական խոսքերը լսելուց հետո ընդդիմությանը հակադարձելու համար: Ընդ որում, ՀՀԿ-ն երեկ հրապարակ էր հանել իր ծանր հրետանին` ոչ միայն հանրապետական պատգամավորներն էին անցել հակահարձակման, այլեւ նախարարները:
Հատկապես ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթը նվիրեց ընդդիմության քննադատությանը: Աշոտյանի խոսքով՝ 7 անդամ ունեցող ընդդիմադիր խմբակցությունում` ՀԱԿ-ում, գոյություն ունեն 5 տարբեր կարծիքներ ունեցող կենտրոններ, իսկ 5 անդամ ունեցող «Ժառանգություն»-ում քաղաքական 3 ուժերի կենտրոններ կան: Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցությանը, ըստ Աշոտյանի՝ օրհասական է դարձել քաղաքական սերնդափոխությունը: «ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ… Սիրելի՛ գործընկերներ, հիշեցնում եմ 90-ականների Ռուսաստանը, երբ որ 5 հատ «Լասկովի մայ» էր երկրում պտտվում գաստրոլներով: Կողմնորոշվե՛ք՝ որն է իսկականը,-ասաց նա, այնուհետեւ անցում կատարեց ՀՅԴ-ին,-դաշնակցական գործընկերներից մեկը երեկ, մյուսը այսօր, գուժում էր պետականության վախճանը եւ փորձում էր մեզ մեղադրել այդ մոտալուտ վախճանի մեջ: Ուզում եմ հանգստացնել մեր ընդդիմախոսներին: Մենք լավ ենք սերտել առաջին հանրապետության դասերը եւ ձեր դափնիներին չենք հավակնում»: Այնուհետեւ ընդդիմությանը սկսեցին հակադարձել նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները` ասելով, որ քննադատության փոխարեն լավ կլիներ ներկայացնել այլընտրանքային ծրագիր, եւ որ պետք է ցրել բացասական էներգետիկան, ու ընդդիմությունը պետք է հեղափոխություն կատարի իր գլխում:
Թվում էր` իշխանություններին երեկ հաջողվեց «փակել ընդդիմության բերանը», մանավանդ որ ընդդիմադիր պատգամավորները կառավարության ծրագրի մասին խոսել էին նախորդ օրը, եւ երեկ ընդդիմադիրներից միայն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր մնացել, որ ելույթ ունենա: Բայց իշխանությունների այս «երջանկությունը» երկար չտեւեց. ՀՅԴ խմբակցության անունից ելույթի համար ԱԺ ամբիոնին մոտեցավ Վահան Հովհաննիսյանը, որն իրեն հատուկ սարկազմով սկսեց պարզապես ծաղրել իշխանություններին` պարբերաբար հիշատակելով նաեւ «ՀՀԿ մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչ Սահակյանին»:
Վ. Հովհաննիսյանը նախ հայտարարեց, թե ինքը ցնցված է իշխանությունների` կառավարության ծրագիրը պաշտպանելու «կրկեսային հնարքներից»: Այնուհետեւ ասաց, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հասարակություն` լինելության սահմաններում, ուստի հարկավոր է անկեղծ լինել: «Բայց մենք անկեղծ չենք, որովհետեւ կանգնում են այստեղ ու փորձում են մեզ նորից համոզել, որ քաղաքական գնահատականը տվել է ժողովուրդը` տալով մեզ քվե: Եթե ժողովուրդը ձեզ այդքան հսկայական քանակով քվեարկել է, ու դուք արժանացել եք ժողովրդի վստահությանը, որովհետեւ դուք լավն եք, իսկ մենք` վատը, էլ ինչո՞ւ եք ուզում համագործակցել մեզ հետ: Արե՛ք ամեն ինչ, դուք ամենախելոքն եք, չէ՞, դուք եք, չէ՞, ամենախելացին… հը՞ն, Գրիգորի՛չ, տնեց ա, չէ՞,-հեգնեց Վահան Հովհաննիսյանն ու անդրադարձավ Աշոտյանի` ընդդիմության հասցեին արված չարախնդություններին,-ես ուզում եմ ուղղակի հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների: Դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունն ընտրությունների ժամանակ դնեք ու ձեզ չպաշտպանեն ՀՀ նախագահը, ձեզ չպաշտպանի Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի դատախազը, ոստիկանապետն ու հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլեւ կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք: Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մեկ ձայն հավաքել»: Ապա հավելեց, որ իրականում երկրում «կատաստրոֆիկ վիճակ է», եւ իշխանություններն իրենց պահվածքով խորացնում են անջրպետը: Վ. Հովհաննիսյանի քննադատությունները միայն այսքանով չավարտվեցին. նայելով իր մոտ եղած գրառումներին՝ նա կրկին դիմեց Գալուստ Սահակյանին. «Այստեղ խայտառակ բաներ եմ գրել, չասեմ երեւի… հը՞, ասե՞մ, Գրիգորի՛չ»: Պատգամավորները սկսեցին ծիծաղել, իսկ քիչ անց, երբ Վ. Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Գ. Սահակյանը ակտիվ զրուցում էր իր կուսակից ընկերների հետ, դաշնակցական պատգամավորը կրկին նրան դիմեց. «Գրիգորի՛չ, Դուք խանգարում եք նիստի հեզասահուն ընթացքին»:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը Գալուստ Գրիգորիչին հարցրեց, թե ինչու է այս երկու օրը հայտնվել Վ. Հովհաննիսյանի թիրախում:
-Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ:
-Բայց էլի ինչ-որ բաներ ուներ ասելու, խնայեց Ձեզ:
-Չի կարա ասի: Պետք է կցկտուր ասեն, հումորով ասեն: Եթե լուրջ ասեն, գիտեք՝ ինչ կարամ անեմ:
-Ի դեպ, ինչո՞ւ էիք խանգարում ԱԺ նիստի հեզասահուն ընթացքին:
-Դե որպեսզի Վահանը չսայթաքի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս