Դեռեւս անցած տարվա վերջից քաղաքական դաշտում սկսվեցին ակտիվ խոսակցություններ տարածվել ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կուսակցությունների հնարավոր միավորման եւ իշխանական կոալիցիա ստեղծելու մասին: Այս տարվա սկզբին նման բովանդակություն ունեցող խոսակցությունները, կարծես թե ավելի ինտենսիվորեն շարունակվեցին քննարկվել:
Նկատենք, որ խոսակցություններն առավել հավաստի դարձան հատկապես այն ժամանակ, երբ իրեն ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարած ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն փոխելով իրենց նախկին դիրքորոշումը՝ սատարեցին իշխանության կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ` հասկանալու համար՝ արդյոք ճիշտ են իշխանական նոր կոալիցիա ստեղծելու մասին խոսակցությունները:
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են: Հնարավո՞ր է, որ մինչեւ ընտրական օրենսգրքի քննարկումը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ձեւավորվի իշխանական կոալիցիա:
-Դեռ ոչ մի քննարկում չկա, ինչի մասին է խոսքը: Առաջարկություն չի եղել: Այս պահի դրությամբ նման խնդիր չկա: Շատ բան կարող են խոսել: Ես հո աստղագուշակ չեմ, նախապես բաներ գուշակեմ: Քաղաքականության մեջ հնարավոր չէ կամ հնարավոր է չի կարելի ասել: Ամեն ինչ էլ հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր չի: Այս պահի վիճակում նման ոչ մի դրվածք, ոչ մի խոսակցություն, առաջարկություն չի եղել:
-Ընտրական օրենսգրքի քննարկումներին ԲՀԿ-ն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու: Առաջարկություններ Ձեր կողմից լինելո՞ւ են, ունե՞ք նոր մտահղացումներ:
-Մեր ֆրակցիայով առաջին նիստին կհավաքվենք, կներկայացնենք միմյանց դիրքորոշումը, կքննարկենք, կնայենք, կծանոթանանք, ըստ այդմ էլ մեր դիրքորոշումը կհայտնենք:
-Կոնկրետ ի՞նչ առաջարկություններ եք պատրաստվում ներկայացնել:
-Առաջարկություններ անելու համար նախ պետք է ծանոթանանք:
-Պարո՛ն Մանուկյան, այժմ ԲՀԿ-ն ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ գործունեություն է ծավալում:
-ԲՀԿ այժմ զբաղվում է իր բնականոն գործունեությամբ, ինչպես որ յուրաքանչյուր տարի հունվար ամսին:
-Քաղաքական զարգացումները տանում են նրան, որ ձեր փոխարեն նոր քաղաքական ուժ է ձեւավորվում ` ի դեմս Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի: Ի՞նչ եք կարծում՝ կստացվի արդյո՞ք գրավել ԲՀԿ-ի նախկին տեղը:
-Ես սա էլ չեմ կարող գուշակել: Նախապես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կստացվի, բայց որ մեր փոխարեն ուրիշ ուժ կարող է գալ, ես դրան այնքան էլ համաձայն չեմ: Մենք մեր ուրույն տեղն ունենք հասարակության մեջ, եւ մեր կուսակցությանը ճանաչում են, հարգում են ե՛ւ համակիրներ ունենք, ե՛ւ բազմատասնյակհազարանոց կուսակցական անդամներ:
-Պարո՛ն Մանուկյան, արդեն երկար ժամանակ է, ինչ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ակտիվ գործունեություն է ծավալում: Նրանք դեռ չեն դադարում պայքարել եւ նոր թափով են շարունակելու: Արդյո՞ք այսպիսով նրանց կհաջողվի արդյունքի հասնել:
-Ես չեմ կարող այս հարցին կոնկրետ պատասխանել: Նրանք այդ պայքարի ուղին են բռնել, թող շարունակեն: Դա իրենց գործն է:
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՊԱՅՔԱՐԸ
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեռ չի դադարեցնում իր պայքարը: Շարժման անդամներին իրենց նպատակից հետ չկանգնեցրին անգամ Ամանորի գիշերը եւ հունվարի 5-ին տեղի ունեցած իրադարձությունները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը հայտնեց, որ կպայքարեն մինչեւ հասնեն արդարության: Վերջինս փոխանցեց, որ պատրաստվում են հունվարի 22-ին առավել ակտիվորեն պայքարի դաշտ մտնել:
-Պարո՛ն Ղուկասյան, արդեն երկար ժամանակ է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պայքար է ծավալում` այն ներկայացնելով որպես իշխանափոխության պահանջ: Դեռ ինչքա՞ն ժամանակ եք պատրաստվում Ձեր պայքարը շարունակել:
-Մինչեւ արդարություն: Ինչքան որ անհրաժեշտ է:
-Հասարակության մի մասը չի ընկալում Ձեր քայլը: Այս տեսակետին են նաեւ ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիները: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը:
-Այդ մարդիկ սխալվում են, որ մեր քայլերը լուրջ չեն ընդունում:
-Այդ դեպքում ինչո՞ւ նրանք եւս չեն միանում Ձեր պայքարին եւ համատեղ ուժերով փորձում արդյունքի հասնել:
-Նրանք վախենում են միանալ մեզ:
-Ինչի՞ց են վախենում: Արդյո՞ք իշխանության կողմից հնարավոր ճնշումներից, թե՞ վախենում են, որ միեւնույն է՝ որեւէ արդյունքի չեն հասնելու:
-Իհարկե, ճնշումներից են վախենում:
-Արդյո՞ք Դուք վտանգ եք ներկայացնում, այդ պատճառով է իշխանությունը ճնշումներ գործադրում Ձեր նկատմամբ:
-Հո խաղ ու պար չէ, որ Գեւորգ Սաֆարյանին ձերբակալել են, Սյուզի Գեւորգյանին ծեծի են ենթարկել, երիտասարդ ակտիվիստ Հովհաննեսին ծեծի են ենթարկել: Ինչո՞ւ են դա արել: Ո՞վ է դա արել եւ ինչո՞ւ:
-Այսինքն՝ այդ կերպ փորձում են Ձեր շարժումը դադարեցնե՞լ:
-Փորձում են վախեցնել, որ վախենան եւ պայքարի, քաղաքացիական շարժման մի մասը չկազմեք: Մեզ չեն կարող վախեցնել, բայց Ձեզ կարող են վախեցնել:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում քաղաքացիական շարժման անդամները իրենց ակցիան նախատեսել էին իրականացնել տոնին համապատասխան՝ օգտագործելով դրան բնորոշ բաղադրիչներ, մասնավորապես՝ Ձմեռ պապ, Ձյունանուշ, տոնածառ, ինչը, սակայն, ոստիկանության կողմից թույլ չտրվեց: Ավելին՝ այդ օրը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվեց Գեւորգ Սաֆարյանը, ով մինչեւ այժմ անազատության մեջ է գտնվում: Իսկ օրեր անց` հունվարի 5-ին, «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գեւորգյանը երկու անձանց կողմից ծեծի ենթարկվեց` ստանալով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանը այս քայլին գնացել է բարձր թոշակ ստանալու համար: Բանն այն է, որ քսան եւ ավել տարվա ստաժ ունեցողները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում նախկին կարգով հաշվարկվող կենսաթոշակ է ստանում՝ վերջին տարվա միջին ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով: Իսկ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո նրանց կենսաթոշակը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով:
ՓՈՂԻՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ
«Ժողովուրդ»-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է: Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի եւ նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաեւ իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված: Մարզպետի մտերիմ շրջապատից մեզ տեղեկություններ հասան, որ Հովիկ Աբովյանին այս օրերին մտահոգում է մեկ հարց՝ եթե հանցագործների բնակարան մուտք գործելու պահին իր կինն ու դուստրը տանը լինեին, ապա ամեն ինչ կարող էր ավելի վատ ընթացք ստանալ: Ասել է թե, մարզպետին ներկայումս առավել մտահոգում է իր ընտանիքի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ մուտք էին գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս, կանխիկ գումար: Ընդհանուր գողոնը գնահատվում է մոտ 200 հազար դոլար:
ՀԱՆՐԱՔՎԵՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆԸ
Անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հարնաքվեի ժամանակ իրականացված ընտրակեղծիքների փաստով հարուցված քրեական գործերից մեկն արդեն իսկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ 10/14 տեղամասում ընտրողը՝ Ժենյա Ղասաբօղլյանը, տեղամասում պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է, այսինքն՝ իր փոխարեն արդեն ընտրել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով` կեղծ տվյալներ հայտնելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ երկուսից երեք տարի ժամկետով: Նշենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ Մ.Ռ.: