ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԺՌԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ. ՈՎ Է ՀԱՋՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանկախ Հայաստանի ամենաերիտասարդ կառույցներից մեկը՝ օմբուդսմենի ինստիտուտը վերացնելուն ուղղված իշխանության ջանքերը համառորեն շարունակվում են գործադրվել: Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց իր վերջնական հրաժարականի դիմումը: Պատճառները պաշտոնապես չհրապարակվեցին, բայց հասկանալի էր, որ նա հրաժարական տվեց ճնշումների ներքո:

Հիշեցնենք, որ 2006 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամկետը, նրան փոխարինեց իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը, որը եւս կարճ ժամանակ անց դարձավ համակարգի «աչքի փուշը», եւ հարաբերություններն այն աստիճան լարվեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ Արմեն Հարությունյանին որակեց որպես «ամենաանհաջող կադր»: Այս արտահայտությունը Արմեն Հարությունյանին քարտ բլանշ տվեց՝ առավել անկաշկանդ գործելու եւ 2008 թվականի մարտի 1-ին նախորդած ու հաջորդած ողբերգական իրադարձությունների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իրեն դրսեւորեց որպես իրական օմբուդսմեն՝ անկաշկանդ, համարձակ, ինչը չներվեց: Ու պալատական ճնշումների արդյունքում, ի վերջո, Արմեն Հարությունյանը 2011-ի փետրվարի 1-ին հրաժարական ներկայացրեց եւ գնաց Հայաստանի ՄԱԿ-ում զբաղեցնելով ազդցիկ ու եկամտաբեր պաշտոն:
Ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանը եւս հեռացավ ճնշման արդյունքում: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է, ինչ իշխանության երբեմնի սիրելի Կարեն Անդրեասյանը դարձել էր իշխանական հատկապես երիտասարդ թեւի թիրախը, քանի որ անձնական խնդիրներ ուներ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ: Եւ նրա հրաժարականը իրավիճակին ծանոթ շրջանակների համար ամենեւին էլ անակնկալ չէր: Ակնհայտ էր, որ նա կա՛մ պետք է միանգամից կտրեր իր բոլոր թելերը իշխանական համակարգի հետ՝ դառնալով իրապես մարդու իրավունքների պաշտպան՝ միաժամանակ վտանգելով իրեն եւ ընտանիքին, կա՛մ պետք է հրաժարական տար՝ տուրք տալով ճնշումներին: Կարեն Անդրեասյանը ընտրեց երկրորդ տարբերակը՝ գերադասելով առավել հանգիստ ապրել:
Պետք է նկատենք, որ Կարեն Անդրեասյանը, լինելով համակարգի «մարդը», մշտապես աշխատել է այնպիսի սկզբունքով, որ լղոզի իրականությունը եւ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ խորովածը»: Սակայն իր գործունեության վերջին մեկ-մեկուկես տարում նա կարողացավ իր շուրջ համախմբել իրավապաշտպանների հսկա բանակ, վստահության բավականին պաշար հավաքեց, ու ամենեւին էլ պատահական չէր, որ շատ ու շատ շրջանակներ ափսոսանքով արձանագրեցին նրա հրաժարականի փաստը: Անգամ եվրոպական կառույցների՝ նրա գործընկերները ափսոսանք հայտնեցին Անդրեասյանի հրաժարականի մասով, քանի որ տիրապետելով օտար լեզուներին, նա կարողանում էր նաեւ այդ ոլորտի մասնագետների համար ընկալելի կերպար ներկայանալ:
Իհարկե, ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդ թեւը շարունակում է ամենատարբեր խողովակներով տեղեկություններ մատակարարել, թե Կարեն Անդրեասյանը համակարգի կանոններ է խախտել, մարդկային դաշտում սխալներ է թույլ տվել, պետության մեջ պետություն է ստեղծել եւ ՄԻՊ համակարգը ծառայեցրել է իր ընտանիքին… Սակայն երկու կողմն էլ պաշտոնապես որեւէ կերպ չեն պատճառաբանում պաշտպանի հրաժարականը: Կարեն Անդրեասյանը միայն հայտարարել է.«Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանում վատագույն ավանդույթները շարունակվում են: Եւ նա, ով համարձակվում է դուրս գալ Սերժ Սարգսյանի փեսայի դեմ, պատժվում է խստագույն՝ ընդհուպ մինչեւ պաշտոնից հրաժարական տալով: Այս իմաստով ՄԻՊ-ի հրաժարականը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ հաջորդ օմբուդսմենը ով էլ որ նշանակվի ՀՀ Ազգային ժողովի կողմից, արդեն ունի լեգիտիմության պակաս ու չի կարողանալու անկաշկանդ աշխատել:
Գուցե ժամանակն է նման ձեւական հիմնարկն ուղղակի փակե՞լ: Ի վերջո, եվրոպական արժեքներն այլեւս «նորաձեւ» չեն մեր երկրում, մենք գնում ենք դեպի եվրասիական տնտեսական միություն, որտեղ մեզ չեն պարտադրում ունենալ մարդու իրավունքների պաշտպան:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԷԼ ՑԵՄԵՆՏ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 3.4 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Սրան զուգընթաց 13.8 տոկոսով նվազել են գաջի արտադրության ծավալները, 63 տոկոսով՝ մարմարը, 9.2 տոկոսով՝ կրի արտադրության ծավալները: Վերը բերված տվյալներից առավել ուշագրավ է ցեմենտի արտադրության թիվը: Բանն այն է, որ անցած տարվա փետրվարին կտրուկ աճել էր ցեմենտի արտադրության թիվը: Ենթադրվում է, որ անցած տարվա փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պատերազմ էր հայտարարել «Արարատցեմենտի» սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, «Արարատցեմենտը» սովորականից մի քանի անգամ ավել ցեմենտ էր արտադրել, հավանաբար մտավախություն էին ունեցել, որ գործարանի գործունեությունը կարող է դադարեցվել: Հաջորդող ամիսներին եւս պաշտոնական վիճակագրությունը մշտապես ցեմենտի արտադրության աճ էր արձանագրում: Սակայն տարվա վերջի տվյալները, ինչպես տեսնում ենք, արդեն սկսել են արտացոլել իրականությունը:

 

ՀԵՏՈ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՓՈՂ ՉԿԱ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել «Վի ընդ Բի Սթայլ» ընկերության հետ եւ ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար ձեռք բերել տարբեր տեսակի կահույք: Այս նպատակով պետբյուջեի միջոցներից ծախսվել է մոտ 243 մլն դրամ: Ֆինանսների նախարարությունը, մասնավորապես, գնել է օրինակ՝ 6 հատ բազկաթոռ, որի համար ընդհանուր վճարել է 3 մլն 630 հազար դրամ, հատը 605 հազար դրամ: Բացի այդ՝ աթոռներ են գնել՝ 72, 180, 120, 100, 90 հազար դրամանոց աթոռներ, իսկ սեղանների միավորի արժեքը սկսում է 200 հազար դրամից: Իսկ փափուկ կահավորանքի միավորի արժեքը կազմում է՝ 910 հազար դրամ, 890 հազար դրամ եւ 2 մլն դրամ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆինանսների նախարարությունը գումարի ավելցուկ է ունեցել:

 

ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ
«Գազպորմ Արմենիա» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2016-2018 թվականների ներդրումային ծրագրերը: Ըստ այդմ, այս տարվա համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսել է 5 միլիարդ 581 մլն դրամի ներդրում: Սա այն դեպքում, երբ այդ ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 220 միլիարդ դրամ: Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է 2016-ին ընդամենը իր շրջանառության 2 տոկոսի չափով ներդրում իրականացնել: Ի դեպ, 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսել է 8 միլիարդ 834 մլն, իսկ 2018-ի համար՝ 16 միլիարդ 598 մլն դրամ:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՈՂՋՈՒՆԵՑԻՆ
Պաշտոնական Երեւանը արագ ողջունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Արեւմուտքի որոշումից ժամեր անց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. «Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։
Երեւանում փորձագետները չեն կասկածում՝ նման զարգացումը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության եւ տնտեսության վրա:

 

ԿՎԱՐՁԱՏՐՎԵՆ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի:
«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ», – քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
«Գառնիկ Մարգարյանին ճանաչել եմ նախկինում, եւ որեւէ առիթ չի եղել ինձ մտածելու, որ նա քաղաքականության մեջ ուժային մոտեցումներ ներկայացնող է, ճանաչել եմ նաեւ Վահան Շիրխանյանին, հավատացեք, ոչ պակաս»,- Aravot.am-ի հետ զրույցում վերջին ձերբակալությունների հետ կապված՝ այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Գառնիկ Մարգարյանը երկու օր առաջ կալանավորվեց:
Ստեփան Սաֆարյանի համար այս գործում դեռ մի շարք հարցականներ կան: «Մեկ-մեկ աբսուրդի է նմանվում, որ 30-ից ավելի մարդիկ են ձերբակալվել եւ ափաշքյարա բոլորը օրը ցերեկով հավաքվել, քննարկել են այսքան մեծաթիվ կազմով, ինչպես Գորիկ Հակոբյանն է ասում՝ շատ հրեշավոր արարքներ: Դժվար եմ հավատում, որ խումբն այդքան մեծ լինի. նման բաներ փոքր խմբերով են անում: Ինչքան մարդ բռնել են, կարծես թե, այդքանին էլ պահում են մեկուսարաններում: Վստահություն չունեմ, որ նրանք բոլորը խմբի անդամներ են»,- ասաց Սաֆարյանը:




Լրահոս