Ո՞Վ «ՓԱԿԵՑ» ՇԱՔՐՈ ՄՈԼՈԴՈՅԻ ԱՅՑԻ ՀԱՇԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը եւ դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»:

Եվ այսպես, armlur.am-ը գրել էր, որ հունվարի 6-ին օրենքով գող Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան եւ այստեղ գտնվելու ողջ ընթացքում եղել է Ծաղկաձորում: Ինչպես հայտնի է՝ նրան օդանավակայանում դիմավորել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաեւ Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանը:
Իսկ ինչո՞ւ էր հայտնի քրեական հեղինակությունը ժամանել Հայաստան, արդյո՞ք նախորդ տարվա պես քրեական հավաքն էր պատճառը: Պարզվեց՝ այս անգամ Շաքրո Մոլոդոյը պարզապես որոշել է իր ամանորյա հանգիստն անցկացնել հենց Հայաստանում: Ի դեպ, նրա հետ Հայաստան էին ժամանել նաեւ մի քանի այլ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ տարբեր երկրներից: Եվ այսպես, քրեական հեղինակությունը Հայաստանում մնաց ընդամենը 6 օր, եւ, ահա, նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Տեղեկացանք, որ երբ Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, որոշ քրեական հեղինակություններ փորձել են դիմնավորել նրան օդանավակայանում, սակայն ՀՀ իրավապահները արգելել են նրանց մուտքը օդանավակայան:
Այսպիսով, օրենքով գողը անմիջապես ուղեւորվել է Ծաղկաձոր: Նա իր ամանորյա հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շաքրո Մոլոդոյը մնացել է Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցային համալիրի ամենաթանկ համարում, որտեղ երկու անձի համար 1 օրվա արժեքը կազմում է 4 միլիոն դրամ:
Ըստ ականատեսների` Շաքրո Մոլոդոյը ամեն առավոտ դահուկ է քշել, իսկ օրվա երկրորդ կեսին նկատել են, թե ինչպես են նրա համար հատուկ հայկական խորոված եւ այլ հետաքրքիր ուտեստներ պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Շաքրո Մոլոդոյին են հանդիպել նաեւ Հայաստանի որոշ քրեական հեղինակություններ, որոնց վերջինս խորհուրդներ է տվել, թե օրինակ՝ ինչպես ապրել քրեական աշխարհում՝ անխոցելի լինելու համար:
Մասնավորապես նա հատուկ շեշտադրում է արել, որ քրեական հեղինակությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ֆինանսական կախում չունենան օլիգարխներից, գործարարներից, որպեսզի հետագայում նաեւ կարողանան ազդեցության առումով առավել ազատ լինել: Ավելին՝ իր խոսքից բացի, նա նաեւ օրինակ է ծառայել: Հյուրանոցային համալիրի մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Հայաստանի մի շարք օլիգարխներ փորձել են «փակել» Շաքրո Մոլոդոյի ամանորյա հանգստի ծախսերը, հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանը` Զապը, թույլ չի տվել՝ անձամբ վճարելով հայտնի քրեական հեղինակության ամանորյա ծախսերի հաշիվը: Ասել է թե՝ Շաքրո Մոլոդոյի հանգստի համար քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը 24 միլիոն դրամ գումար է ծախսել:
Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե Շաքրո Մոլոդոյը հանդիպել է Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն մեր աղբյուրների վստահեցմամբ` քրեական աշխարհի հյուրերը հայաստանյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ չեն հանդիպել: Նրանց հանդիպումները սկսվել եւ ավարտվել են քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանակներում: Ականատեսները պատմում են, որ Շաքրո Մոլոդոյը ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցաբերել Արմեն Հարությունյանի, հանցավոր շրջանակներում ավելի հայտնի Արմեն Կանեւսկոյի եղբոր` Արտյոմ Կանեւսկոյի նկատմամբ:
Քրեական հեղինակության այցը այսքանով չի ավարտվել, ինչպես բոլոր նմանատիպ այցերի, այնպես էլ այս այցի շրջանակներում որոշ հայ քրեական հեղինակություններ փորձել են իրենց շրջապատի մարդկանց Շաքրո Մոլոդոյին որպես քրեական աշխարհի նոր դեմք մատուցել, սակայն փորձերն անցել են ապարդյուն: Վերջինս հրաժարվել է նմանօրինակ հանդիպումներից` նշելով, թե իր այցի նպատակը Հայաստանում հանգստանալն է:
Քրեական անցուդարձն իմի բերեցին
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՔԿՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 38-ամյա Արթուր Ջավադյանը ինքնասպանության փորձ է կատարել:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել պատժախցում, երեկոյան ուշ ժամի: Պարզեցինք, որ պատժախցում գտնվող մյուս դատապարտյալները տեսել են վերջինիս այդ վիճակում եւ աղմուկ են բարձրացրել, ինչից հետո հաջողվել է փրկել Արթուր Ջավադյանի կյանքը: Իսկ ինչն է մղել դատապարտյալին այդ քայլին գնալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ դատապարտյալներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ Արթուր Ջավադյանի անվան հետ կապված ՔԿՀ-ի դատապարտյալները տարբեր անձնական բնույթի լուրեր են տարածել, ինչը խիստ անհանգստացրել է նրան: Արթուր Ջավադյանը որեւէ կերպ չի կարողացել պաշտպանվել այդ խոսակցություններից եւ այլ տարբերակ չունենալով՝ ինքնասպանության փորձ է կատարել: Ի դեպ, հավելենք, որ դեպքից հետո Արթուր Ջավադյանին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ:
Իսկ ինչի՞ հետեւանքով է Արթուր Ջավադյանը հայտնվել քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013 թվականին, մարտի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արթուր Ջավադյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով պատի վրայով մուտք է գործել Երեւանի Արցախի փողոցի 55 հասցեում գտնվող «Ինժգլոբալ» ԲԲ ընկերությանը պատկանող արտադրամաս եւ այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի` 306.000 դրամ արժողության պղնձյա մալուխներ: Բացի այդ՝ 2013 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Ջավադյանը մուտք է գործել Երեւանի Արցախի փողոցի 59 հասցեում գտնվող «Հիդրոհաղորդակ» ԲԲ ընկերությանը պատկանող արտադրամաս եւ այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի` 10.200 դրամ արժողության պղնձյա մալուխներ: Այս եւ այլ նմանօրինակ արարքների համար Արթուր Ջավադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասի 3-րդ կետի` (գողություն) հատկանիշներով եւ ազատազրկման է դատապարտվել 3 տարի ժամկետով: Ի դեպ, նա նախկինում երեք անգամ դատապարտված է եղել:
4 ամիս էր մնացել, որպեսզի ավարտվեր նրա պատժի ժամկետը, սակայն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ նախընտրել է վերջ տալ կյանքին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում երեկ կայացավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը: Գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովին դահլիճ բերելուն պես լարված մթնոլորտ ստեղծվեց. տուժողների հարազատները աղմուկ բարձրացրին՝ քննադատական խոսքեր հնչեցնելով մեղադրյալի հասցեին:

Դատական նիստին հիմնականում քննարկվեց նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկի հարցը: Ըստ տուժող կողմի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի՝ դատարանը տուժող կողմի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերունք ունի: Դրա մասին է վկայում այն, որ նախորդ դատական նիստում համածառայակիցներին Պերմյակովի ճաղավանդակի մոտից հեռացնելու մասին տուժող կողմի միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության մերժվեց, իսկ այսօր «մեկ նախադասությամբ» նույնպես մերժվեց դատավարությունը Շիրակի մարզի դատարանի շենքում անցկացնելու միջնորդությունը: Տուժող կողմի ներկայացուցիչները նշեցին, որ որոշում կայացնողը դատարանը չէ, այլ անձինք: Նրանք չբացառեցին, որ հաջորդ դատական նիստում ամբաստանյալի համար նախատեսված ապակեպատ խուցը կքանդվի, մինչդեռ այսօր դատարանը դրա վերաբերյալ միջնորդությունը մերժեց:
Տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, միանալով միջնորդությանը, դատարանին ինքնաբացարկի այլ հիմք ներկայացրեց: Նրա գնահատմամբ՝ դատարանը շարունակում է թույլ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ ոչ թե չիմացության, այլ կաշկանդված լինելու պատճառով: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ կաշկանդվածությամբ էլ վերջնական դատական ակտ է կայացվելու, որն էական է լինելու բոլորի համար: Իսկ Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանի վրա ազդում են թաքնված շահերը: Ամբաստանյալը, ի պատասխան ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի հարցի, նախագահողի համար կարծես անսպասելի պատասխան տվեց. «Չեմ առարկում»: Մեղադրող Գեւորգ Գեւորգյանն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, թե դատարանի անկողմնակալության վերաբերյալ որեւէ հիմք եւ փաստարկ չներկայացվեց:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այնուհետեւ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը մասնավորապես նշեց, որ իր կողմից թույլ չի տրվել քրեադատավարական օրենքի որեւէ խախտում: Այլ միջնորդություններ կողմերը չներկայացրին: Ապա դատարանը հայտնեց, որ քանի որ կողմերը միջնորդություններ չունեն, դատարանը կանցնի դատաքննության փուլին: Տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը միջնորդեց՝ մինչեւ դատաքննւոթյունը սկսելը հետաձգել դատական նիստը, որովհետեւ իրենք հաջորդ դատական նիստին մտադիր են հանդես գալ միջնորդությամբ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մինչեւ ուրբաթ: Այսուհետ դատական նիստերը կայանալու են ուրբաթ օրերին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս