ԱՂՔԱՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած 2015 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանում իրականացվող առեւտրի շրջանառությունը ամիսը ամսի ետեւից շարունակ նվազեց, եւ տարվա վերջն այս տեսանկյունից բացառություն չէր:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականի տասնմեկ ամիսների վիճակագրական տվյալները, ըստ այդմ, պարզվում է, որ առեւտրի շրջանառությունը տասնմեկ ամիսներին նախորդ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,8 տոկոսով: Գումարային արտահայտությամբ նվազումը կազմել է 113 միլիարդ 201 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե Հայաստանի սպառողները 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ վերը նշված գումարի չափով քիչ առեւտուր են կատարել, ապա ստացվում է, որ նրանք այդքանով աղքատացած են եղել: Հանրահայտ փաստ է, որ առեւտրի շրջանառությունը նվազում է միայն սպառողի գնողունակության նվազելու դեպքում: Ավելին՝ պաշտոնական վերջին տվյալները ներկայացված են ընթացիկ գներով: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ տասնմեկ ամիսների գնաճը ավելի քան 4 տոկոս է կազմել, ապա ստացվում է, որ սպառողների գնողունակության անկումն իրականում վերը բերված թվից շատ ավելին է:
Պաշտոնական վիճակագրությունը այն ոլորտներից է, որտեղ ներկայացվող տվյալներին մշտապես անհրաժեշտ է վերաբերել մեծ վերապահումով: Սակայն միեւնույն ժամանակ առանձին տվյալներ կան, որոնց հետ կապված մեքենայություններ անելու հարցում ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը մի փոքր կաշկանդված է: Նման «պաշտպանված» տվյալներից է առեւտրի շրջանառության ցուցանիշը: Այս թիվը կազմվել է ԱՎԾ-ն սուպերմարկետների, խանութների եւ կրպակների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: Իսկ վերջիններս իրենց հաշվետվությունները ներկայացնում են ըստ իրենց ՀԴՄ տվյալների:
Մյուս կողմից՝ հայտնի է, որ Հայաստանում իրականացվող առեւտուրն ամբողջությամբ ՀԴՄ տվյալներով չի արտացոլվում: Մոտավոր հաշվարկներով ՀԴՄ տվյալներով արտացոլվում է իրական առեւտրի 60-ից 70 տոկոսը: Այս հանգամանքի մասին գիտեն բոլորը, այդ թվում ՀՀ հարկային տեսչության խանութները եւ սուպերմարկետները հսկող տեսուչները: Արդյունքում տեսուչներն ամեն մի խանութի համար իրական եւ ՀԴՄ-ով ցուցադրվող առեւտրի որոշակի հարաբերակցություն են «սահմանում»: Այդ ցուցանիշը փոխվում է՝ ըստ իրական առեւտրի ծավալների փոփոխության: Այսինքն՝ եթե իրական առեւտրի ծավալն ավելանում է, ապա խանութը պարտավոր է այդ աճը արտացոլել ՀԴՄ-ով ներկայացվող տվյալներում եւս: Ասել կուզի, ՀԴՄ-ով ներկայացվող թվերի նվազում հարկայինի տեսուչները թույլատրում են միայն մեկ դեպքում. երբ իրենք էլ գիտեն, որ առեւտուրն իսկապես նվազել է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015-ի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ուղեւորաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով: Ի դեպ, այս թիվն իր մեջ ներառում է տրանսպորտային բոլոր տեսակներով ուղեւորաշրջանառությունը: Հարկ է նշել, որ ուղեւորաշրջանառության անկման պատճառներից մեկն էլ բնակչության արտագաղթն է: Այլ կերպ ասած՝ փաստ է, որ 2015-ին Հայաստանի բնակչությունը 2014-ի համեմատ մոտ 50 հազարով նվազել է, այս հանգամանքը չէր կարող իր ազդեցությունը չթողնել ուղեւորաշրջանառության վրա:
Ըստ տրանսպորտային միջոցների առանձին տեսակների, օրինակ՝ ավիացիայի դեպքում, ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 8 տոկոսով: Նշենք նաեւ, որ ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների ընդհանուր թիվը կազմում է մոտ 29 հազար: Իհարկե, երբ ամբողջ տարվա տվյալները հայտնի դառնան, ապա ամենայն հավանականությամբ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը մի փոքր կնվազի, որովհետեւ արտագնա աշխատանքի մեկնածների մի մասը Հայաստան է վերադառնում դեկտեմբերին: Մյուս կողմից հարկ է նկատել, որ Հայաստանից արտագաղթի հիմնական ցուցանիշն արտացոլվում է ավտոմոբիլային տրանսպորտով մեկնումների տվյալներում: Այդ թիվը, որպես կանոն, հրապարակվում է եռամսյակը մեկ: 2015 թվականի առաջին երեք եռամսյակների թվերը հաշվի առնելով՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ անցած տարվա արտագաղթի թիվը կկազմի 40-ից 50 հազար մարդ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016թ. փետրվարի 24-ին տեղի կունենան Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք, որ ներկայումս համայնքը ներառում է ոչ միայն Դիլիջան քաղաքը, այլեւ Դիլիջանի տարածաշրջանի 6 այլ բնակավայրեր: 2015թ. մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայացան համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ: Չնայած Հաղարծին եւ Թեղուտ համայնքների բնակիչներն այդ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեցին Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն, սակայն ի սկզբանե հայտարարված էր, որ հանրաքվեն կրում է խորհրդատվական բնույթ եւ արդյունքները պարտադիր իրավաբանական ուժ չունեն:
2016թ. փետրվարի 24-ին միավորված Դիլիջան համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների կապակցությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Իջեւան քաղաքում գործող Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի հետ, որը, սակայն, ասաց, որ ընտրությունների օրվա մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է կայանան այդ մասին կառավարության որոշման ընդունման օրվանից 60 օր անց: Նշված որոշումն ընդունված է, սակայն իրենք այն դեռ չեն ստացել, որպեսզի հայտնեն, թե Դիլիջանի քաղաքապետի ընտրությունները երբ են կայանալու: Ու չնայած ընտրությունների օրվա վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, Դիլիջան քաղաքում նախընտրական եռուզեռն արդեն սկսել է:
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ բացի Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածաշրջանի տարածքային կազմակերպության ղեկավար Արմեն Սանթրոսյանից, միացյալ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնին ներկայումս հավակնում է եւս 3 թեկնածու: Եվ դա բնական է, քանի որ վերջին մի քանի տարում Դիլիջանում խոշորածավալ ծրագրեր են իրականացվել, առողջարանային եւ զբոսաշրջային քաղաքում ավելացել են կապիտալ ներդրումները: Իսկ հարակից 6 համայնքների հետ միավորվելուց հետո էլ Դիլիջան համայնքի բնակչությունն ու միացյալ քաղաքի բյուջեն ավելանալու է: Ուստի միացյալ Դիլիջանը ղեկավարելն ավելի հրապուրիչ է դարձել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՉԷ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ մարզպետների միջեւ լարված հարաբերությունների մասին տեղեկություններին, ասաց. «Ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կմտածի, որ ինչ-որ ստորաբաժանման ղեկավար իմ հանձնարարությունը չկատարի»:

Մինչդեռ մարզպետարանները պաշտոնապես իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Այսինքն՝ ամենավառ երեւակայություն ունենալու պարագայում անգամ դժվար է մարզպետներին համարել սուպերնախարարին ենթակա ստորաբաժանման ղեկավար:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվել, թե ինչպես են իրենց զգում ԱԻՆ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, Դուք չե՞ք կատարում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականները:
-Երիցյանի հետ նման թեմա չեմ քննարկել: Ես պետական աշխատող եմ եւ կատարում եմ իմ աշխատանքը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ նախարարը մարզպետարանը համարում է ստորաբաժանում, իսկ մարզպետին՝ դրա ղեկավար:
-Մարզպետարանը չի կարող ստորաբաժանում լինել: Մարզպետարանը պետական կառույց է, որը կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրով:
-Իսկ Ձեր որոշումները նախապես քննարկո՞ւմ եք Ա. Երիցյանի հետ, թե՞ ոչ:
-Իհարկե, միասին աշխատում ենք:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
-Պարո՛ն Ղահրամանյան, ՏԿԱԻՆ նախարար Ա. Երիցյանը մոտ օրերս անդրադառնալով իր եւ մարզպետների միջեւ լարվածությունների մասին տեղեկություններին՝ հայտարարել է հետեւյալը. «Ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կմտածի, որ ինչ-որ ստորաբաժանման ղեկավար իմ հանձնարարությունը չկատարի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը:
-Հո քմահաճույք չէ: Ղեկավարը նաեւ պարտականություններ ունի, որոնք պետք է կատարի: Ինչի՞ մասին է խոսքը: Հո նա իրեն գլխից դուրս հանձնարարականներ կամ հրամաններ չի տալիս: Վերջը օրենքի շրջանակներում է ամեն բան:
Իհարկե, Արմեն Երիցյանի տրամաբանությունը պայմանավորված է նախկինում զբաղեցրած պաշտոններով: Հիշեցնենք, որ 1982-2010 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ: Այսինքն՝ երկար տարիներ նա աշխատել է որպես փոխոստիկանապետ: Այնուհետեւ վերջինս նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար եւ երկար տարիներ զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ միեւնույն է՝ ինքը շարունակում է առաջնորդվել ոստիկանի հոգեբանությամբ եւ նախարարից ցածր կառավարման օղակներին դիտարկում է որպես ստորաբաժին, իսկ իրեն էլ՝ դրանց ղեկավար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս