Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ հանրապետությունում իրավիճակը բարելավել է, այնուամենայնիվ, նախօրեին արձանագրվեց H1N1 վարակով երկու հիվանդի մահ:
Բարելավում է
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ դեկտեմբերի վերջերին ՀՀ-ում արձանագրվել է գրիպի բարդացման հետեւանքով մահվան 3 դեպք, որոնք պայմանավորված են ուշ դիմելիությամբ, արտահայտված ուղեկցող խրոնիկական հիվանդություններով: Այս կիրակի արձանագրվեց H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով: Նրանցից մեկն ունեցել է նաեւ սիրտթոքային ծանր անբավարարություն: Նշենք, որ հունվարի 15-ին գրանցվել էր H1N1 վարակից մահացության 14-րդ մահվան դեպքը: Երեկվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Ի դեպ, հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում հունվարի 17-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց: Ըստ ԱՆ-ի՝ հանրապետությունում իրավիճակը բարելավվում է:
Խոզագրիպի դեմ դեղատոմսը
Այս դեղամիջոցը այն դեղորայքային խմբից է, որ հայտնի են որպես նեյրամինիդազայի ինհիբիտորներ, հաստատված է ողջ աշխարհի կառավարական օրգանների կողմից եւ պահեստավորվում է գրիպի պոտենցիալ գլոբալ բռնկման դեմ նախապատրաստման շրջանակներում: Դեղամիջոցը նաեւ ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Հիմնական դեղամիջոցներ» ցուցակում: Նշենք, որ գերզարգացած պետությունները միլիարդավոր դրամներ են ծախսում այս դեղամիջոցը պահեստավորելու համար: Եւ չնայած սրան Հայաստանում նախորդ տարվերջին եւ այս տարվա սկիզբ ստեցծվեց այնպիսի իրավիճակ, որից պարզ դարձավ, որ հանրապետությունում տամիֆլյուի դեֆիցիտ կա, իսկ ԱՆ-ն նախապես չի զբաղվել դրանց ձեռքբերման կազմակերպմամբ: Եւ ԱՆ-ի այս չհամակարգված աշխատանքի արդյունքում տուժեցին բազմահազար քաղաքացիներ: Ու թեեւ Ան-ն հավաստիացնում էր, որ հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացողները տամիֆլյու դեղորայքը կարող են անվճար ստանալ, այնուամենայնիվ, առաջնային օղակի բժշկի կողմից տրված դեղատոմսերի դեպքում մարդիկ խնդիրների առաջ էին կանգնում: Քանի որ H1N1 հարուցիչի (խոզագրիպ) տարածմանը զուգահեռ Հայաստանի դեղատներում բացակայում էր տամիֆլյու դեղամիջոցը: Ինչի դեֆիցիտը նկատվեց այն ժամանակ, երբ բժիշկները հարուցիչի բուժման համար սկսեցին հենց դա նշանակել: Ի դեպ, մինչեւ տամիֆլյուի դեֆիցիտը, մասնագետների կողմից պրոպագանդվում էր այդ դեղամիջոցը. ԱՆ պաշտոնական կայքէջում նույնիսկ տեղադրվեց մի տեղեկություն, որտեղ նշված էր նաեւ այն դեղատների հասցեները, որտեղից մարդիկ կարող են ձեռք բերել տամիֆլյու: Սակայն երբ քաղաքացիները կապ էին հաստատում տվյալ դեղատների հետ, պարզվում էր, որ չկա այդ դեղամիջոցը: Եւ երբ հայտնի դարձավ, որ ՀՀ դեղատներում այդ դեղը չկա, մասնագետները սկսեցին խորհուրդ տալ ինքնաբուժությամբ չզբաղվել եւ չփորձել առանց բժիշկների ցուցումների տամիֆլյուով բուժվել:
Տամիֆլյուի դեֆիցիտ
H1N1 հարուցիչի դեմ բժիշկների կողմից նշանակվող տամիֆլյու դեղամիջոցը մինչեւ հունվարի 15-ը հանրապետության դեղատներում հնարավոր չէր գտնել: Հունվարի 14-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շուտով դեղատներում կլինի այդ դեղը: Ըստ նրա՝ այն դեղատներում կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ: Եւ նախարարի խոսքն, իհարկե, իրականություն դարձավ, ցավոք, ուշացած: Հունվարի 15-ին ԱՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվեց մի տեղեկություն, ըստ որի՝ հանրապետությունն ապահովված է տամիֆլյու հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Ապա այն բաշխվել է ՀՀ բոլոր բժշկական հաստատություններին` թե՛ հիվանդանոցներին, թե՛ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին: Իսկ մինչ այդ նշենք, որ տամիֆլյուն վաճառվում էր մոտ 20 հազար դրամով:
Ախ, այդ ուշացած դեղահաբը
Արձանագրենք, որ տամիֆլյու դեղամիջոցը անհրաժեշտ էր այն ժամանակ, երբ չկար՝ երկու շաբաթ առաջ, որովհետեւ այն մասնագետների կարծիքով՝ ոչ միայն կանխարգելիչ է, այլեւ բուժիչ: Եւ հիվանդությունը նոր սկսվելուն պես է անհրաժեշտ ընդունել: Իսկ մարդիկ այն դեղատներում չէին կարողանում գտնել, որովհետեւ երկրում չկար: Չնայած որ տվյալ դեղամիջոցի քիչ քանակություն տրամադրվեց բուժհաստատություններին, բայց այս տարվա հունվարի սկզբին հիվանդանոցներում հրաժարվում էին մարդկանց պառկեցնել՝ պատճառաբանելով, որ տեղ չկա: Բժիշկը հիվանդին զննելուց հետո նշանակում էր տամիֆլյու, իսկ վերջինս չէր կարողանում դեղատներից գտնել:
Ո՞վ թերացավ
Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ունի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչություն, դեղորայքային քաղաքականության, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, դեղերի եւ դեղագործական գործունեության վերահսկողության եւ այլ բաժիններ, որոնք կոչված են վերահսկել եւ կանխարգելել բնակչության առողջությանը սպառնացող վտանգները: Այս բաժիններն ունեն իրենց գործառույթները: Այս վարչությունների աշխատակիցները պետք է նախապես իրականացնեին կանխարգելիչ գործողություններ: Չէ որ համապատասխան մասնագետները դեռեւս ամիսներ առաջ էին կանխատեսել սուր շնչառական վարակների սրացում լինելու մասին: Հետաքրքիր է, թե ինչով էին նրանք զբաղված: Մինչդեռ H1N1 հիվանդության եւ սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգահեռ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում H1N1 հարուցիչի դեմ բժիշկների կողմից նշանակվող տամիֆլյու դեղամիջոցի անհրաժեշտ քանակություն չկա, հիվանդանոցները ապահովված չեն համապատասխան շնչառական եւ այլ սարքավորումներով: Սակայն ինչպես այլ քաղաքակիրթ երկրներում է, այնպես էլ ՀՀ-ում նման իրավիճակներից խուսափելու համար պետք է վերապատրաստեին առաջին օղակի բժիշկները, թերապեւտները, ընտանեկան բժիշկները: Ապա գրիպի դեպքերի ավելացման դեպքում վերջիններս տամիֆլյու տրամադրել մարդկանց: Պետք է հիվանդանոցներին նախապես պատրաստեին. թե որը քանի մահճակալ եւ քանի հիվանդ տեղավորելու խնդիր ունի: Արդյունքում պակասի դեպքում լրացնեին: Գուցե ԱՆ-ն փոձեր տամիֆլյու ներմուծող ընկերություններին նպաստել այն ներկրելու հարցում: Եթե նմանատիպ հիվանդության բռնկում է լինում, ապա պետությունը պարտավոր է մարդկանց անվճար տրամադրել ե՛ւ պաշտպանիչ դիմակները, ե՛ւ հակավիրուսային քսուքները:
Հ.Գ. Մինչ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները գրիպի բուժման համար պրոպագանդում են տամիֆլյու դեղամիջոցը, Cochrane Collaboration միջազգային կազմակերպությունը նշում է, որ դեղամիջոցը նաեւ վտանգավոր է առողջության համար: Սակայն պրեպարատի արտադրողը՝ շվեյցարական «Roche» ընկերությունը, ինչպես նաեւ որոշ փորձագետներ, քննադատել են այդ զեկույցը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ