Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանի տարածած հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Երեւանի քաղաքապետարանը 2015թ. դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։
Ըստ Թարխանյանի` այդ թույլտվությունը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Դրանից հետո Երեւանի քաղաքապետարանը շտապեց պարզաբանել, որ որեւէ շինարարական կազմակերպության «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն չի տրվել, եւ օդանավակայանի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ՝ կլոր մասնաշենքը արտաքին փոփոխության կամ որեւէ ապամոնտաժման աշխատանքների չի ենթարկվելու: Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ իր հերթին տարածեց հայտարարություն, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձեւ վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը: Այսինքն` թույլ է տրվել, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքի էստակադան, որով մեքենաները բարձրանում են, քանդվի:
Հայտնի է, որ 1974թ. կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ Ուստի մասնագետներն ամեն առիթով ահազանգում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվությունը կարող է հանգեցնել այն բանին, որ «Զվարթնոց»-ն ամբողջությամբ քանդեն:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ ընդհանուր էստակադան վթարային վիճակում չէ, եւ այն հնարավոր է պահպանել. «Բնական է, որ դրա որոշ հատվածներում հանգույցներ կան, բայց էստակադան կարելի է ամրացնել, վերանորոգել: Պետք է տեսնել` այն պահպանելու ինչ հնարավորություններ կան: Որոշ տեղերում հնարավոր է անել քանդումներ, փոփոխություններ, բայց հարկավոր է իմանալ վերջնական արդյունքը, ամեն քայլ պետք է ամրագրված լինի պայմանագրերով, դրա կետերով եւ ժամանակացույցով, որպեսզի հետագայում խնդիրների առջեւ չկանգնենք»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված հաշվետվությանը, Մ. Մինասյանը նկատեց, որ հնարավոր է` կողմերից մեկն ասի, թե շենքը բոլորովին անպիտան է, բայց, միեւնույն ժամանակ, մի շարք մասնագետներ հայտնում են, որ էստակադան դիմակայելու մեծ պոտենցիալ ունի. «Այսինքն` երրորդ կողմը պետք է էքսպերտիզա անցկացնի… Տվյալ ՊՈԱԿ-ի էքսպերտներին հավատում են, մեր էքսպերտներին, չգիտես ինչու, այդքան էլ չեն հավատում»,-ասաց նա:
Կոնցեսիոները, որին տվել են հին շենքը այն օգտագործելու եւ հետո որպես պետական գույք պետությանը հանձնելու նպատակով, որոշ ժամանակ օգտագործել է եւ հիմա, փաստորեն, առաջարկություն է ներկայացնում` նշելով, որ շենքն արդեն սպառել է իրեն, եւ անհրաժեշտություն կա այն մասնակի քանդելու: «Երբ կոնցեսիոներին ժամանակին տրվեց պետական սեփականությունը, այն ժամանակ անհանգստություն չկար այն առնչությամբ, որ շենքը վթարային վիճակում է գտնվում, հիմա, պարզվում է, կա: Այնինչ՝ կոնցեսիոները պետք է շենքը հանձնի պետությանը այնպիսին, ինչպիսին այն ստացել է»,-ընդգծեց Մ. Մինասյանը:
Նշենք, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը հիմնովին վերանորոգելու համար, տարբեր գնահատականներով, անհրաժեշտ է $15-20 մլն: «Հայ նախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը այդ թվերին կասկածանքով է վերաբերվում. «Համապատասխան նախագծային լուծում, որը կապացուցի, թե դրա համար որքան գումար է անհրաժեշտ, չկա: Դա էքսպերտային գնահատական է, իսկ թե ովքեր են էքսպերտները, ես չգիտեմ: Բացի այն, որ նշված թվերը վիճելի են, հարց է ծագում` եթե հին մասնաշենքը քանդեն եւ նորը կառուցեն, դա որքա՞ն կարժենա. այդ թվերի մասին ոչ ոք չի խոսում: Եթե դա ավելի թանկ արժենա, ապա ո՞րն է ճիշտ` քանդե՞լը, թե՞ 15 միլիոնով այն ուժեղացնելը»,-մեզ հետ զրույցում հարցրեց նա:
Գ. Ազիզյանը եւս պնդեց, որ էստակադան հնարավոր է վերանորոգել. «Կա համապատասխան մասնագիտական կարծիք, որն անցյալ տարի է ձեւավորվել Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի շրջանակներում: Այդ հանձնաժողովի անդամները շատ ավելի բարձր որակավորում ունեն, քան սեյսմիկ պաշտպանության համապատասխան հանձնաժողովի մասնագետները: Մենք հիմա փորձում ենք ապացուցել, որ էստակադայի ուժեղացումը, միանշանակ, հնարավոր է եւ այն մեծ ծախսեր չի պահանջում, իսկ թե որքան դա կարժենա, հարկավոր է հաշվարկել, եթե նման պատվեր ստանանք, կկատարենք»,-եզրափակեց նա:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆՈՒՍ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ԹԱԻԼԱՆԴ
2015 թվականն արդեն անցյալում է, եւ մենք կես ամսից ավել է` թեւակոխել ենք նոր տարի` նոր հույսերով, սպասումներով եւ դրանք իրականություն դարձնելու մեր ծրագրերով: «Ժողովուրդ»-ը տարվա մեկնարկի եւ առաջիկա պլանների մասին զրուցել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանի հետ:
-Ալլա՛, հետաքրքիր է` 2016 թվականը գործնական առումով խոստումնալի՞ց է թվում:
-Այս տարի անպայման կլինեն հյուրախաղեր, արդեն մի քանի պայմանագիր կնքել եմ, այնպես որ, սփյուռքում շատ համերգներ կունենամ, բայց, օրինակ, Հայաստանում չեմ կարծում, թե մենահամերգ կունենամ: Նշեմ նաեւ, որ առաջիկայում սպասվում է նոր համագործակցություն, սակայն այդ մասին փակագծերը դեռ չեմ բացի: Իսկ, առհասարակ, ինձ համար ամենակարեւորը կարիերայի մասին խոսելը չի. ավելի մտահոգիչ բաներ կան (գիտեք` ինչ եմ ասում), որոնք շատ վախեցնող են… Հույս ունեմ, որ 2016-ը գոնե խաղաղ տարի կլինի. հիմա ամենակարեւոր բանը դա է, մնացած ընթացիկ խնդիրները լուծվող են:
-Կա՞ն ծրագրեր, որոնք նախորդ տարում չստացվեցին կամ չհասցրեցիք իրականացնել եւ մտադիր եք այս տարի անպայման կյանքի կոչել:
-Ամեն տարի էլ ինչ-որ մտքեր լինում են, որոնց իրականացումը նախ կապված է համապատասխան հնարավորությունների հետ, բացի այդ` մեր այս ոչ խաղաղ պայմանները արդեն մի տեսակ կոտրում են քեզ… Չեմ ասում` չես երգում, համերգներով հանդես չես գալիս, բայց միտքդ ուղղվում է այդ կողմ… Դա ավելի կարեւոր է այս փոքրիկ ժողովրդի, մեր երեխաների համար… Գուցե մի փոքր տխուր ստացվեց, բայց ռեալ բան եմ ասում:
-Իսկ տարին ինչպե՞ս եք սկսել:
-Պատրաստվում եմ ամուսնուս հետ շուտով մեկնել Թաիլանդ` զուտ հանգստանալու նպատակով: Բալիկներիս կթողնեմ Հայաստանում: Ամբողջ տարվա կտրվածքով աշխատում եմ պլաններ չգծել. այն, ինչ մշակում եմ, չի ստացվում իրականացնել, իսկ ինչ չեմ նախատեսում, ավելի լավ է ստացվում:
-Տեղյակ ենք, որ տարին սկսել եք նաեւ ակտիվ հասարակական գործունեությամբ, կպատմե՞ք այդ մասին:
-Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարողացա երկու երեխայի օգտակար լինել (սա կապ չունի ՄԱԿ-ի Յունիսեֆի բարի կամքի դեսպանի իմ գործունեության հետ): Ես ոչ թե ֆինանսավորել եմ, այլ միջնորդության միջոցով հնարավորություններ եմ ստեղծել, որպեսզի նրանք բուժում ստանան: Սովորաբար, նման բաներից չեմ սիրում խոսել, բայց որքանով կարողանում եմ, օգնում եմ հայրենակիցներիս:
-Եվ վերջում` 2016-ի հետ կապված Ձեր ամենամեծ իղձը ո՞րն է:
-Որ մեր ժողովուրդը լավ ապրի, ներդաշնակ… Ի՞նչ պետք է ցանկանա մեկը, ով ապրում է Հայաստանում, սիրում է իր երկիրը եւ բացարձակ մտադրություն չունի այնտեղից գնալու: Շատ եմ ճամփորդել, հասել եմ մինչեւ Ուրուգվայ, ամեն տեղ ինձ շատ լավ դիմավորել են, բայց ես ուզեցել եմ մնալ իմ երկրում: Ես լավատես եմ եւ հուսով եմ, որ դրական տեղաշարժեր են սպասվում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍՊԻՎԱԿՈՎՆ ԷԼ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին արդեն շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լեւոն Արոնյանը եւ այլք։ Շնորհավորական ուղերձ է հղել նաեւ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը: Մաեստրոն իր խոսքում նշել է. «Եթե խոսեմ Երիտասարդական նվագախմբի մասին, ապա այն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, եւ կարծում եմ՝ երաժիշտների միջեւ ձեւավորված մեծ բարեկամությամբ։ Ահա, այս երեք գործոնները, ինձ թվում է, ապահովում են հաջողություն»։
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ
Բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի վերջին՝ Blackstar ալբոմը, հայտնվել է Billboard ամսագրի աղյուսակի առաջին հորիզոնականում: Interfax.ru-ի փոխանցմամբ` մինչ այդ 7 շաբաթ անընդմեջ առաջին տեղում էր երգչուհի Ադելի «25» ալբոմը։ Հիշեցնենք, որ Բոուին կյանքից հեռացել է հունվարի 10-ին, 69 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ պայքարից հետո։ Իսկ նրա ալբոմը լույս է տեսել հունվարի 8-ին։