ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս եւ Ջուջեւան գյուղերը Հայաստանի անկախացումից հետո չեն օգտվել բնական գազից: Ոսկեպարի բնակիչները խորհրդային տարիներին բնական գազ էին ստանում ադրբեջանական Յուխարի Աքսիբարա (Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարից եւ դրա դիմաց ընդհանրապես չէին վճարում: Հիմա սահմանամերձ այդ 6 գյուղերի համար գազի մատակարարման ցանց է կառուցվում: Սակայն դրանից սահմանագոտու բնակիչներն այնքան էլ ուրախ չեն:
«Գազը, որ թանկանում է, ո՞նց ենք օգտվելու: Մեր վիճակը վիճակ չէ: Մի կերպ յոլա ենք գնում, ժողովուրդը քոչում է Ռուսաստան»,-«Ժողովուրդ»-ին բողոքեցին սահմանամերձ Կոթիի  բնակիչները: Նրանցից մեկն էլ հույս հայտնեց, որ սահմանագոտու բնակիչների համար գուցե ցածր սակագին սահմանվի կամ կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատուցի սահմանին կից գյուղերի բնակիչների սպառած բնական գազի գումարը: «Պահուստային ֆոնդի փողերը հազիվ իրենք ենք ծախսում»,-համագյուղացուն արձագանքեց Կոթիի մեկ այլ բնակիչ:
Նշենք, որ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման ծրագիրն իրականացվում է  «ԻՖԱԴ» կազմակերպության ֆինանսավորմամբ, ծրագրի արժեքը 740 մլն դրամ է: Ծրագրում այդ գյուղերի համար նախատեսված ներդրումը՝ 72 մլն դրամ, նվիրաբերել է գործարար, թիվ 40 ընտրատարածքից ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները նշեցին, որ գազի թանկացումից հետո ավելանալու է վառելափայտի սպառումը, քանի որ ձմռանը մեծ առանձնատները բնական գազով ջեռուցելը շատ ծախսատար է: Դժվար չէ կռահել, որ բնական գազի սակագնի բարձրացումից հետո ապօրինի ծառահատումներն ավելանալու են, եւ անտառների նկատմամբ հսկողությունը  դրական արդյունք չի տալու:




Լրահոս