ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեյսբուք»-ում որպես «Նոյեմբերյանցիներ» հանդես եկած օգտատերը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին. «Հարգելի՛ պարոն Սերժ Սարգսյան, Ձեզ են դիմում Նոյեմբերյանի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող հիմնարկների աշխատակիցները: Ս.թ. հունվարի 1-ից աշխատողների մոտ 80% աշխատավարձը նախկին 32.500 դրամի փոխարեն դարձրին 17.500 (0,5 դրույք): Խնդրում ենք միջնորդել ՏԻՄ-ին վերանայելու մեր աշխատավարձերի չափերը, քանի որ դա մեզ մոտ առաջացնում է սոցիալական ավելի ծանր պայմաններ: Կանխավ շնորհակալություն: Խնդրում ենք պատասխանել»: Նամակն  ուղարկվել է նաեւ «Ժողովուրդ»-ի թղթակցի ֆեյսբուքյան էջին: Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ դրա ենթակայությամբ գործող հիմնարկներում կա 138 աշխատող, ինչը փոքր քաղաքի համար մեծ թիվ է: Աշխատավարձերի բարձրացման միջոցներից մեկը կարող էր լինել աշխատողների կրճատումը: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ համայնքի ավագանին անցյալ տարվա հոկտեմբերին համայնքի բյուջեն հաստատելիս հաստիքների կրճատումներ չարեցին՝ համարելով, որ դա ավելի կսրի կրճատվողների սոցիալական վիճակը: Հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ սահմանելու որոշումը Նոյեմբերյանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատողների մոտ անհանգստություն է առաջացրել: Նրանք չգիտեն՝  արդյոք դրա հետեւանքով կրճատումներ կլինեն, թե ոչ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս