Ազգագրական երգերի կատարող ՌՈՒԲԵՆ ՍԱՍՈՒՆՑԻՆ (ՀԱԿՈԲՅԱՆ) իրեն ձեւական հայրենասեր չի համարում: Ամիսներ առաջ, երբ Ռուբենը պատրաստվում էր հայր դառնալ, մեզ հետ զրույցում նշել էր, թե իր ցանկությունն է, որ որդին ծնվի Հայաստանում, այն դեպքում, երբ մեր շատ հայտնի ծնողների պես` Արմինկա, Աիդա Սարգսյան, նրա բալիկն էլ կարող էր ծնվել ԱՄՆ-ում: «Ես ուզում էի, որ իմ երեխան լինի ՀՀ քաղաքացի, փառք Աստծո, Ամերիկան երազանք չէ մեզ համար, մենք էլի գնում-գալիս ենք, 2 ամսից համերգ ունեմ ԱՄՆ-ում, այս անգամ երեխային էլ կտանենք մեզ հետ»,-հավելեց երգիչը:
-Գիտեմ, որ արմատներով սասունցի եք, դրանո՞վ է բացատրված Ձեր բեմական անվան ընտրությունը:
-Պապայի կողմից սասունցի եմ, մամայի կողմից` մշեցի: Բեմական անունս էլ շատ պատահական ստացվեց: 8 տարի առաջ՝ իմ առաջին մենահամերգի վերջում, պրոդյուսերս` իմ ընկեր Էմին Թորոսյանը, ասաց. «Եկե՛ք ողջունենք Ռուբեն Սասունցուն»: Այդ օրվանից էլ անունը դարձավ իմը, որը շատ մեծ պատասխանատվությամբ եմ կրում:
-Ասում են` սասունցիները ծուռ են:
-Այդ ծռությունը կա, ես իմ կյանքում շատ եմ սիրում ազնվություն, ինքս համեստ եմ ու համեստություն եմ սիրում: Իսկ երբ տեսնում եմ սուտը, դավաճանությունը, երբ մարդուն շահագործում են, ա՛յ էդտեղ բռնում է իմ ծռությունը:
-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ազգային երգը գնահատվում պետության կողմից:
-Մենք ասում ենք՝ գնահատվում է, բայց չի գնահատվում: Հիշում եմ, երբ մանուկ էի, բոլոր ալիքներով` սկսած Հանրայինից, հնչում էր մեր ազգային երգը, դհոլ-զուռնան: Դա էր առաջնայինը, հետո մնացած ոճերն էին գալիս: Իսկ այսօր…
-Ի՞նչ չկա այսօր:
-Օրենք ասվածը, ու, ցավոք, այն գործում է մարդկանց վրա, որոնք չունեն հնարավորություն: Օրինակ, եթե մեկը չի կարողանում իր գազի վարձը վճարել, գալիս անջատում են, ա՛յ այդտեղ օրենքը գործում է: Տեսնես ուրիշ մեկի ծանոթի գազը կանջատե՞ն, թե՞ ոչ: Իսկ դրսում հավասարությունը գործում է, ով ուզում ես եղիր:
-Երգում եք նաեւ կորպորատիվ միջոցառումներին, հարսանիքներին, տարբերություն կա՞ Հայաստանի ու դրսի քեֆ անող հասարակության միջեւ:
-Այստեղ շատ ձեւական բնույթ է կրում միջոցառմանը երգիչ հրավիրելը, այստեղ կարող են վճարել, բայց չլսել՝ դու ինչ ես երգում: Իսկ դրսում մարդիկ իրոք ուզում են լսել ազգագրական երգ: Յուրաքանչյուր երկրում իրենց ազգայինը գումարայինով ավելի բարձր է գնահատվում: Մեզ մոտ հակառակն է, այսօր ազգայինն ավելի ցածր է գնահատվում, քան էստրադան, ռաբիսը: Բայց չէ՞ որ մեր երիտասարդները կարողանում են պարել հայրենասիրական երգերի տակ, էնպես չէ որ մենակ ռաբիս են լսում:
-Նկատել եմ, որ Ձեր համերգներին Դուք նույնպես լավ պարում եք:
-Տիրապետում եմ մեր ազգագրական պարերին: Սասունցիների մոտ ընդունված է, ծնված օրվանից սասունցու էրեխեն պարում է: Մեզ էդպես են դաստիարակել, մենք էլ մեր երեխաներին ենք այդ ոգով դաստիարակում: Իմ որդին էլ` Արեգը, երբ լաց է լինում, մենք մեր ազգային երգերն ենք միացնում: Իմ տեսակն էլ էնպիսին է, որ ես նորաձեւությամբ չեմ շարժվում, երգում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է:
-Երիտասարդությունը լսում, հասկանո՞ւմ է ազգային երգը:
-Մի հատված կա, որ շատ լավ է ընդունում, բայց… Գիտե՞ք՝ ցավալին ինչն է, որ այսօր մեր իրականության մեջ երիտասարդներ կան, որ Եռաբլուրի տեղը չգիտեն, ասում են՝ դա ի՞նչ ա: Այսօր ոչ բոլորն են փորձում հասկանալ ու գնահատել այդ արժեքները: Ինչքան էլ ասում ենք՝ հույսով լինենք, որ ամեն ինչ լավ կլինի, ոչ մի բան էլ լավ չի լինում: Գոնե մնա էսպես, ոնց որ կա:
-Չե՞ք բացառում, որ մի օր էլ դրսում կարող եք ապրել:
-Իհարկե չեմ բացառում: Դրսում ապրելն էլ այնպես չէ, որ գնալու եմ ու վերջ: Գուցե գործնական առաջարկներն ընդունեմ: Նպատակ կա Լոս Անջելեսում ազգագրական երգի-պարի համույթ բացել: Շուտով այստեղ էլ կբացվի նմանատիպ ստուդիա, ինքս էլ կդասավանդեմ:
-Ի՞նչն է Ձեզ կապում Հայաստանին:
-Այստեղ ես իմ տանն եմ, ինչքան էլ դրսում ամեն ինչ լավ ու հետաքրքիր լինի, միեւնույն է, օտար հողում դու քեզ էլի օտար ես զգում… Գիտե՞ք՝ երգն էլ հավիտենական չէ: Այսօր ես ինձ լավ եմ զգում Հայաստանում, իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում ու կարողանում ընտանիքս պահել այնպես, ինչպես ուզում եմ: Հետոն չգիտեմ՝ ինչ կլինի:
-Կողմնակի բիզնես չունե՞ք:
-Չկա, միայն երգն է, շրջագայությունները, ձայնագրությունները…
-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
-Ընկերոջս հետ նոր ձայնասկավառակ ենք ուզում թողարկել, որտեղ կլինեն մեր հին հայրենասիրական երգերը, այն երգերը, որ հնչել են 25 տարի առաջ: Չենք ուզում, որ նման երգերը գնան պատմության գիրկը: Նոր մատուցմամբ ենք ներկայացնելու, որ մեր երիտասարդների մոտ սեր առաջանա մեր ազգային, հայրենասիրական երգերի հանդեպ: Հասկանում եմ նաեւ, որ նմանատիպ ձայնասկավառակ թողարկելը եկամտաբեր չէ: Չեմ էլ մտածում՝ շահույթ լինի, ուզում եմ, որ մեր երգն անկում չապրի:
«ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ԴՈՒ ԷԼԻ ՕՏԱՐ ԵՍ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ