«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐԸ ԵԶԱԿԻ ԿԱՌՈՒՅՑ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զորաց Քարերի (Քարահունջ) մասին շատ է գրվել, խոսվել, սակայն շարունակվում են իրարամերժ կարծիքներ հնչել:
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանից, 2012թ. վերջին ՊՈԱԿ-ը երկու ծրագիր է ներկայացրել գիտության պետական կոմիտեին. «Մեկը նպատակային ծրագիր է` կապված Մեծամորի հնավայրի համապարփակ ուսումնասիրության, պեղման եւ հրատարակման աշխատանքների հետ, որի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են: Հաջորդ փուլը սկսվելու է սեպտեմբերին, եւ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն են հայտնել Վարշավայի համալսարանի աշխատակիցներ, հնագետներ, հույս ունենք, որ արշավախմբին կմիանա իտալացի հնագետ: Նախնական ցանկություն է հայտնել նաեւ թուրք հնագետներից մեկը` Աթիլե Բաթմազը: Այսինքն` հուշարձանը միջազգային ճանաչման նոր փուլ է մտնում, եւ համատեղ ուսումնասիրությունները հնարավորություն կտան ավելի ճիշտ պատկերացում կազմել հուշարձանի մասին»:
Մարտին, արդեն որպես բազային ֆինանսավորման աշխատանք, ներկայացվել է Զորաց Քարերում համապարփակ ուսումնասիրություններ իրականացնելու ծրագիրը. «Մեկը արգելոց-թանգարան է, մյուսը` արգելոց, եւ դրանց տարածքում գիտական հետազոտություններն իրականացնելու, տուրիստական երթերն ակտիվացնելու, հուշարձանը հանրահռչակելու եւ միջազգային ճանաչման ներկայացնելու համար շատ կարեւոր է նման աշխատանքների կատարումը: Կա նաեւ այս աշխատանքների երկրորդ կողմը. Զորաց Քարերի հետ կապված իրարամերժ կարծիքներ կան, տարիներ առաջ բավական հրատարակություններ են եղել, որոնք այն կապում են աստղադիտարանի, նեոլիթյան կամ էնեոլիթյան դարաշրջանի ինչ-որ մշակույթի, նրան վերագրվող սոցիալական եւ այլ կազմավորումների հետ: Եվ բոլոր այդ երեւակայական «ուսումնասիրություններից» եկող արկածային, ինչ-որ տեղ սիրողական մոտեցումները պիտի իսկապես հիմնավորվեն: Առավել եւս, որ Զորաց Քարերը եզակի կառույց է, հավանաբար ծիսական բնույթ է ունեցել, կենտրոնում կա նաեւ դամբարանախուց, որը, թեեւ թալանված է, բայց մշակութային ինչ-որ հետքեր պարունակում է, իսկ դրանք ցույց են տալիս մոտավորապես մ.թ.ա. 15-14-րդ դարերը: Զորաց Քարերը խնդրահարույց հուշարձան է, եւ կարծում եմ` այդ աշխատանքներին ցանկության դեպքում նաեւ արտասահմանցիները կարող են մասնակցել, սակայն աշխատանքը պիտի լինի ընդգծված գիտական, առանց նախնական խնդիրներ, նախապայմաններ դնելու, առանց նախնական շինծու անվանումներ, մեկնաբանություններ եւ գիտական «թեզեր» առաջադրելու: Այն, ինչ որ ստեղծվել է հայկական լեռնաշխարհում կամ ժամանակակից Հայաստանի տարածքում, մեր նախնիների մշակույթն է, մենք նրանց ժառանգորդներն ենք, բայց եկե՛ք փաստերով, պատմականորեն վերաբերվենք այն երեւույթին, ինչն ուսումնասիրում ենք»:
ՊՈԱԿ-ը նախատեսում է հրատարակել նաեւ որոշակի պատկերաշարեր, բուկլետներ, գրքեր, լույս կտեսնի Անիի ճարտարապետական հուշարձաններին նվիրված երրորդ հատորը…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս