ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արագած-Արթիկ ճանապարհին

Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագած-Արթիկ ավտոճանապարհին: 60-ից ավել տրանսպորտային միջոց մնացել էին ձնաբքի տակ եւ չէին կարողանում շարժվել: Քաղաքացիների թիվն անցնում էր 200-ը, որոնց մեջ կային կանայք, երեխաներ, մեծահասակներ: Ճանապարհը սպասարկող Արագածի «Ճանշին»-ի ղեկավար Ռաֆիկ Մարտիրոսյանը չէր բարեհաճել ժամանել դեպքի վայր, իսկ քաղաքացիներն էլ ամենավերջին խոսքերով հիշում էին նրան:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ձեռնարկությունների լուծարման գործընթացն ի՞նչ է իրենից ներկայացնում: Ինչպե՞ս է ձեռնարկությունը լուծարվում:

Եփրեմ Հարությունյան (54 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով: Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների այլ անձանց փոխանցման: Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված:
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետեւյալ դեպքերում.
գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության,
օրենքով արգելված գործունեության իրականացում,
գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչված ձեռնարկության գործունեության դադարեցումը կարգավորվում է ՀՀ սնանկության մասին օրենսդրությամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձն իրավունք ունի՞ փոխել սոցիալական փաթեթի իր հաշիվը: Եթե այո, ապա ի՞նչ գործընթաց է նախատեսված դրա համար:

Ռիտա Մովսիսյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք՝ պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Հայտնում ենք նաեւ, որ սոցիալական փաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի շահառուի` մեկ աշխատանքի վայրից մեկ այլ աշխատանքի վայր տեղափոխվելու դեպքում նոր աշխատավայրում շահառուին սոցիալական փաթեթ տրամադրվում է 6 ամսվա աշխատանքային ստաժը լրանալուց հետո:




Լրահոս