ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ եթե անձը բնակվում է ՀՀ-ից դուրս, ապա քաղաքացի դառնալու համար սահմանված է ժամկետ, ըստ որի՝ ծանուցագիր ստանալուց հետո նա 30 օրվա ընթացքում պետք է անպայման գա Հայաստան՝ իր անձնագիրը ստանալու: Արդյո՞ք այս գործընթացը որոշ բարդություններ չի առաջացնում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է, եւ, բնականաբար, յուրաքանչյուր կառուցակարգ պահանջում է առավել կատարելագործում, ավելի մեղմացում, պարզեցում: Դա չի արվել որեւէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով: Այս հարցերը ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրել է ոստիկանության ու անձնագրային եւ վիզաների վարչության հետ, որովհետեւ փաստաթղթերի ստեղծման եւ տրամադրման հիմնական կրողը կառավարությանը կից ՀՀ ոստիկանությունն է: Քաղաքական առումով նպատակահարմար համարվեց, որ ՀՀ քաղաքացիություն ստացողը գոնե 1 անգամ պետք է գա հայրենիք, հատկապես եթե ցանկանում է այդ երկրի քաղաքացին դառնալ: Անձնագիրը պետք է ստանա Հայաստանում: Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանված 30 օրը բավական կարճ ժամանակահատված է՝ հաշվի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, կարող է հիվանդ լինել, երկրում չլինել եւ այլն: ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, եւ այս արգելքը նույնպես վերացվեց: Այսպիսով՝ քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երբ իրեն է հարմար, եթե ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումից հետո նրան շնորհվել է երկքաղաքացիություն եւ տասնօրյա ժամկետում ծանուցվել այդ մասին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` սահմանված կաղապարներից մեկը եւս վերացվում է: Եվ, անշուշտ, ցանկալի է, որ մարդը նման ծախսատար եւ ժամանակատար ուղեւորության ժամկետներն ընտրելիս ավելի հեշտ կողմնորոշվի: