Այսօր տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, էթիկայի ոլորտի միջազգային փորձագետներ, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում քննարկվել են հանրային ոլորտում բարեվարքության խթանման միջազգային լավագույն փորձն ու դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում, ինչպես նաև ներկայացվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ռազմավարության նախագծի կարևորագույն դրույթները:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել են բարեվարքության առավել բարձր չափանիշներ հանրային ոլորտում հետևողականորեն ներդնելու անհրաժեշտությունը՝ հանրային ինստիտուտների նկատմամբ վստահություն ձևավորելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է դատախազության՝ կոռուպցիոն դեպքերի բացահայտմանն ուղղված ներկայիս ջանքերն ու դրանց արդյունքները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարության դրույթներին՝ արժեհամակարգ ձևավորող մոտեցումների միջոցով օրինավոր և բարեխիղճ հանրային պաշտոնյաների և ծառայողների ձևավորման կարևորությանը: Նա նաև կարևորել է հանրային բարեվարքությունը որպես առաջնորդության հատկանիշ և արդյունավետ կառավարման հիմնական գրավական:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հանձնաժողովի կողմից մշակված ռազմավարության նախագիծը և առաջիկա տարիների գործունեության հիմնական ուղղությունները:
Խորհրդաժողովին մասնակցել է Եվրոպական հանձնա¬ժողովի Խարդախությունների դեմ պայքարի գրասենյակի (OLAF) հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար տիկին Պետրա Քնյուերը: Նա իր խոսքում անդրադարձել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից որդեգրած կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականություն» քաղաքականությանը և ընդգծել է, թե հանրային ծառայողներն իրենց վարքագծով պետք է պաշտպանեն հանրային կառույցների հեղինակությունը:
Քրիսթիան Միխելսենի համալսարանի U4 հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Բորիս Դիվժակը շեշտադրել է կրթության կարևորությունը որպես կոռուպցիայի կանխարգելման գործիք և ներկայացրել իր կառույցի ծրագրերը հանրային ոլորտի կազմակերպությունների կարողությունների ձևավորման գործում:
Խորհրդաժողովի բանախոսներից տիկին Էլիզաբեթ Թոյբլը՝ Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի աշխատակազմի ղեկավարը, հորդորել է զարգացնել մեր երկրի կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իրավական դաշտը, ինչպես նաև միանալ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ցանցին և պայմանագրերին:
Խորհրդաժողովին մասնակցում էր նաև համաշխարհային ճանաչում ունեցող Սիմենս ընկերության համապատասխանության հարցերով գլխավոր պատաս¬խանատու դոկտոր Անթոնյե Վաուշքուհնը: Նա խոսել է գործարար աշխարհի՝ հակակոռուպցիոն պայքարին մասնակցելու կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձել Սիմենս ընկերության հակա¬կոռուպցիոն ծրագրերին