Ազգային ժողովում տեղի ունեցավ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին քննարկված և քվեարկված հարցերը ներառվելու են Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում:
Նիստի վերջում պատգամավորները փակ քննարկում անցկացրեցին, որը վերաբերում էր Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությանը: Բանն այն է, որ Ազգային ժողովում որոշվել է, որ թեկնածուի` հանձնաժողովում քվեարկությունը տեղի կունենա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որն էլ տարակուսանք էր առաջացրել մարդու իրավունքների հանձնաժողովում:
Հանձնաժողովի անդամներից շատերի խոսքով` ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը պետք է քննարկվեր հենց մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ կարծիք հայտնեց, որ իրենց հանձնաժողովում ընդդիմադիրները շատ են, որն էլ պատճառ է հանդիսացել, որ այդ հարցը քննարկվի մեկ այլ հանձնաժողովում, որտեղ ավելի հեշտ կլինի անցկացնել:
Armlur.am-ի հետ զրույցում, ի պատասխան այս տեսակետի, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ հանձնաժողովի ընտրության հարցն իրականում կապ չի կարող ունենալ հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորի առկայության հետ: Նա ընդգծեց, որ ՄԻՊ թեկնածուն պետք է լինի այնպիսին, որ վայելի քաղաքական գործիչների և հանրության վստահությունը: