Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ որոշման պահանջների կատարումը:
«Խստորեն հետևեք, որ բոլոր տնտեսվարողները կատարեն հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները: Իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարի Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջը, խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 35 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը աղբամանների այրման և գողանալու դեպքերը բացառելու ուղղությամբ: