Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թեւակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով: Ի դեպ, նշված պետական պարտքից 3 միլիարդ 833 մլն 200 հազար դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ նշված գումարը ՀՀ կառավարությունը պարտքով վերցրել է միջազգային ֆինանսական կառույցներից: Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ արտաքին պետական պարքից 487 մլն 900 հազար դոլարը գոյացել է անցած տարվա ընթացքում: Ի դեպ, նշենք նաեւ, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսեց աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչեւ տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտք կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար: Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի: Հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունները մի փոքր դանդաղեցրին պետական արտաքին նոր պարտքերի ներգրավման գործընթացը, բայց անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին սկսեց մեկը մյուսի ետեւից պարտքեր վերցնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը: Ըստ լուրերի՝ Սաղաթելյանի նշանակման քաղաքական որոշումն արդեն կայացված է, եւ նա այս օրերին զբաղված է նոր պաշտոնի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմամբ: Ենթադրվում է, որ Հանրային ռադիոյի նոր տնօրենի նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին: Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի` անցած տարվա դեկտեմբերի 8-ին ներկայացրած հրաժարականից հետո: Վերջինս հետագայում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում: Նշենք նաեւ, որ Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց անցած տարվա հուլիսի 18-ին: Նա իր հրաժարականը պատճառաբանել էր մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելու ցանկությամբ:
Հանրապետականների հետ դաշնակցության կոալիցիա կազմելու մասին լուրերն այլեւս նույնիսկ պաշտոնապես չեն հերքվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն նոր կոալիցիայի անդամ դառնալուց հետո ի թիվս նախարարական 3 պորտֆելների, ակնկալում է ստանալ նաեւ մարզպետի 3 պաշտոններ: Ուշագրավը, սակայն, այն է, որ դաշնակցությունն ի սկզբանե արդեն կուլիսային բանակցություններում նշում է, թե կոնկրետ որ մարզի ղեկավարումն են իրենք ցանկանում ստանձնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականների ցանկում ամրագրված են Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի մարզպետների պաշտոնները: ՀՅԴ-ի նպատակն այս մարզերից վարչական ռեսուրսներով քվե ստանալն է: Ենթադրվում է, որ այս հանգամանքն է ՀՅԴ-ին գրավում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով նախընտրելի մարզերի մասին տեղեկությանը, ասաց. «Ինչ-որ ասվել է լրատվամիջոցներին, այդքանով բավարարվեք: Որեւէ կոնկրետ պաշտոնի մասին խոսակցություն դեռեւս չկա: Նախնական քննարկումներ են միայն»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում նախօրեին գրանցված պայթյունը, պարզվում է, առավել խորը արմատներ կարող է ունենալ: Բանն այն է, որ խանութի տերը՝ Արսեն Արսենյանը, եղել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի նազիր-վեզիրներից, սակայն հիմա զրկվել է նրա հովանավորությունից դավաճանության համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2004 թվականին Ս. Ալեքսանյանի քեռու որդիներ Սամվելը, Ռուդոն, Ձուկ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը եւ պայթեցված խանութի սեփականատեր Արսեն Արսենյանը Գյումրի-Երեւան ավտոճանապարհին զինված հարձակում են բեմադրել եւ խմբով «մեջ-մեջ արել» Ալեքսանյանին փոխանցվելիք 170 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ տարիներ շարունակ լռելով այս մասին: Բայց երբ անցած տարվանից նրանց միջեւ անհասկացվածություն է առաջացել, Ա. Արսենյանը որոշել է պատմել կատարվածի մասին իր «շեֆ» Սամվել Ալեքսանյանին: Սակայն ներելու փոխարեն Ալեքսանյանը պատժել է խմբի բոլոր 4 անդամներին՝ ներառյալ իր քեռու որդիներին: Եւ հիմա խմբի 4 անդամները միմյանց նկատմամբ խորը թշնամանք ունեն, ու նրանց հետ ամեն պահի կարող է կատարվել ամենաանկանխատեսելին: Ի դեպ, Ա. Արսենյանը, որին մամուլը ազատամարտիկ էր ներկայացրել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց նկարագրվածը: «Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց ազատամարտիկ չեմ, սուտ են գրել»,- ասաց նա:
ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ
Երբ 2013թ. դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց նավթամթերքների ներմուծման մասին միջպետական պայմանագիրը, ինչպես նաեւ քիչ անց կնքվեց հայտնի հայ-ռուսական գազային համաձայնագիրը, որի դիմաց Հայաստանը «Գազպրոմին» հանձնեց իր ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը, իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով դա ներկայացնում էին որպես «դարի պայմանագրեր», որպես մեծագույն ձեռքբերում, որը հնարավորություն էր տալու մատչելի նավթամթերքներ ներմուծել եւ հաջորդող հինգ տարիներին անփոփոխ թողնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրապարակային հարցադրումներ էր անում` արդյոք դա լավ է, թե ոչ` հպարտորեն արձանագրելով, որ դա շատ լավ է:
Այդ ամենից անցել է ընդամենը երկու տարի, սակայն էներգակիրների համաշխարհային շուկայում նավթի գների աննախադեպ անկման, ինչպես նաեւ գազի գների նվազման արդյունքում այսօր, փաստորեն, մեր տնտեսությունը հսկայական վնասներ է կրում հենց այս նույն իշխանության անհեռատեսության արդյունքում կնքված «լավ» պայմանագրերի պատճառով:
Միչդեռ երբ ՀՀ ԱԺ-ում գազային համաձայնագրի քննարկման օրերին ընդդիմադիր գործիչներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչ կլինի, եթե հանկարծ էներգակիրները էժանանան, արդյոք այս դեպքում Հայաստանը տուժողի դերում չի հայտնվի, ՀՀ կառավարության ներկայացուցիչը հարցադրումը համարեց ժպիտ հարուցող: Իհարկե, արդեն այլ մարդ է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում, սակայն ինքնին հասկանալի է, որ այդ պայմանագրի կնքման գործում ներգրավված են եղել բազմաթիվ պաշտոնյաներ եւ փորձագետներ, իսկ բանակցությունները շարունակվել են ավելի քան մեկ տարի: Եվ ուրեմն, բնական հարց է առաջանում՝ ինչու այդ բոլոր պատասխանատուներից որեւէ մեկին ՀՀ կառավարության ներկայիս ղեկավարը պատասխանատվության չի ենթարկում: Անգամ չի էլ փորձում գոնե հրապարակավ պարսավել, ինչի սովորույթը, նա, կարծես թե վերջին ամիսներին ձեռք է բերել` հատկապես կառավարության որոշ ներկայացուցիչների մանր-մունր հարցերում հրպարակային նկատողություններ անելով:
Ստացվում է, որ այս իշխանություններն իրենց տասնյակ թանկարժեք փորձագետ-խորհրդատուներով չեն կարողացել գրագետ, բոլոր մարտահրավերները հաշվի առնող պայմանագրեր մշակել, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք անիմաստ վիճակում, երբ բենզինն ու գազը ողջ աշխարհում, այդ թվում եւ մեր միակ մատակարար Ռուսաստանում, էժանանում են, սակայն Հայաստանում ոչ, քանի որ մենք, չգիտես ինչու, ռուսական ներքին գներով ենք այն ստանում, բայց ամերիկյան դոլարով: Փաստորեն, ազգովի այս իշխանության անգրագետ, անհեռանկար եւ անպատասխանատու գործելաոճի գերին ենք: