ԴԱ ԷԼ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՍԵ՞Մ. ՉԵՄ ԱՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում նոր իշխանական կոալիցիայի ձեւավորման հարցը, կարծես թե, արդեն մոտենում է հանգուցալուծմանը: Ըստ այդմ, ակնկալվում են լուրջ փոփոխություններ կառավարության կազմում: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկությունների` ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ նոր կոալիցիայի ձեւավորման արդյունքում կառավարության ներկայիս կազմից իրենց պորտֆելներին հրաժեշտ կտան 6 նախարարներ, որոնց տեղը կզբաղեցնեն ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական կադրերը:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է մի քանի նախարարների հետ՝ պարզելու համար նրանց դիրքորոշումն ու մտավախությունները հնարավոր պաշտոնանկության հեռանկարի շուրջ:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, կարծես թե առաջիկայում նոր իշխանական կոալիցիա ձեւավորելու հարցն արդեն վճռված է, եւ ըստ տարածված տեղեկությունների` հնարավոր է` 6 նախարար պաշտոնանկ արվի, որոնց պորտֆելները կբաշխվեն իշխանական կոալիցիային մաս կազմող ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչներին: Այս առնչությամբ ի՞նչ տեղեկություններ ունեք: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ Դուք եւս հայտնվեք այդ նախարարների թվում:
-Որպես կոալիցիոն կառավարության կազմում աշխատելու փորձ ունեցող անհատ՝ դրական եմ գնահատում առողջ քաղաքական համագործակցությունը կոալիցիայի ձեւաչափով: Իսկ ընդհանրապես, նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, եւ ցանկացած անհատ քաղաքական որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ պետք է պատրաստ լինի նաեւ, որ նույն քաղաքական որոշմամբ կարող է այդ լիազորությունները փոխանցել մեկ ուրիշին:
-ՀՀ նախագահի հետ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպում ունեցել: Ի՞նչ հրահանգներ եւ ցուցումներ եք նրանից ստացել` կապված Ձեր գործունեության հետ:
-ՀՀ նախագահի հետ հանդիպումների մասին նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պատշաճ կերպով իրազեկում է:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան
-Պարո՛ն Ղազարյան, ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձեւավորվելիք կոալիցիայի մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են: Նշվում է 6 նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին, որոնց տեղը, հավանաբար, զբաղեցնելու են ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչները: Մտավախություն չունե՞ք, որ Դուք այդ նախարարների թվում կհայտնվեք: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:
-Ախր, այնպիսի հարցեր եք տալիս, ոչ կոմպետենտ: Ես, ախր, ինչ իմանամ, նման հարցին ես պատասխան կարող եմ ունենալ կամ ինֆորմացիան կարո՞ղ եմ ունենալ, իհարկե, ոչ: Ես այս պահին այս ամենի առնչությամբ կարծիք չունեմ, ես առաջին անգամ եմ լսում: Իմ կարծիքով մենք աշխատում ենք, բոլորս նորմալ իրականացնում ենք մեր աշխատանքները:
-Վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից Ձեր աշխատանքային գործունեության հետ կապված ի՞նչ հրահանգներ եւ ցուցումներ եք ստացել:
-Դա էլ պետք է պարտադիր ասե՞մ, չեմ ասի: Բնականաբար, միշտ էլ հրահանգներ եղել են, լինում են, մենք էլ իրազեկվում ենք, իրականացնում ենք այդ բոլոր ցուցումները, հրահանգները` ֆիզկուլտուրայի զարգացման, սպորտի ոլորտում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան
-Տիկի՛ն Հովհաննիսյան, ձեւավորվելիք ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիան կարող է հանգեցնել 6 նախարարների պաշտոնանկությանը, որոնց պորտֆելները կտրվեն ՀՅԴ եւ ԲՀԿ անդամներին: Հնարավո՞ր է, որ Դուք եւս այս ամենի արդյունքում զրկվեք Ձեր պորտֆելից:
-Արդարադատության նախարարությունն ու արդարադատության նախարարը Ձեր հարցադրման հետ կապված որեւէ տեղեկատվության չեն տիրապետում:
-Ձեր աշխատանքային գործունեության մասով վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից հրահանգներ ստացե՞լ եք:
-Հրապարակման ենթակա բոլոր հանդիպումների վերաբերյալ համապատասխան հաղորդագրություններ են տարածվել:
Հ.Գ.«Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել նաեւ այլ նախարարների հետ, սակայն նրանց հետ չհաջողվեց կապ հաստատել: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ մեր հնչեցրած հարցերից հետո հայտնեց, որ ինքը քաղաքական հարցերի չի պատասխանում:

 

 

 

 
ՀԵԹԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը` հորդորելով խիստ հսկողություն սահմանել, քանի որ կառավարության աշխատակիցները ուշ են աշխատանքի գալիս եւ շուտ հեռանում: «Ես անձամբ հետեւելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,- զգուշացրեց վարչապետը:

Նկատենք, որ վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, առիթը բաց չի թողնում՝ նախարարներին նկատողություններ անելու համար: Թե ինչով է պայմանավորված վարչապետի այս հրապարակային «խստապահանջությունը», դժվար է ասել: Շատերի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում է իր ռեյտինգը բարձրացնել, կա նաեւ տեսակետ, որ սա կապված է կառավարությունում սպասվող առաջիկա կադրային վերադասավորումների հետ: Ինչեւէ:
Կառավարության երեկվա նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը հաստատեց Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:
Վարչապետը նշեց, որ ծրագրի շրջանակում ակնկալվում է արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում, ինչը հնարավորություն կարող է ընձեռել արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածության, ինչպես նաեւ ՀՀ մարզերում տնտեսական եւ ներդրումային ակտիվության բարձրացման համար: Վարչապետը կառավարության անդամներին հայտնեց, որ այդ կապակցությամբ հանձնարարություններ է տվել էկոնոմիկայի նախարարին` հորդորելով հետեւողական լինել դրանց կատարման հարցում:
Այնուհետեւ կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագիրը, որի իրագործման արդյունքում ակնկալվում է՝ ՏՏ ոլորտի զարգացման միտումների վերլուծություն ու մարտահրավերների ուսումնասիրություն, ոլորտի նվաճումների ներկայացում, ոլորտի զարգացման խթանման եւ առաջմղման մեխանիզմների մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ սահմանվեց այն, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը պետք է վճարվի բացառապես անկանխիկ եղանակով: Այսինքն՝ այս որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաեւ նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25.000 դրամը:
Կարեւորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշեց, որ այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ ներկայումս քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ: «Դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում ենք եւ տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ եւ չփորձել տարբեր ճանապարհներով, նաեւ կորցնելով այդ գումարի որոշ մասը, ինչպես մեր հետաքննությունն է ցույց տալիս, կանխիկացնել այդ գումարը»,-հիմնավորեց վարչապետը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՁԵՎԱԿԱ՞Ն
«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը: Գեւորգ Կոստանյանը, ողջունելով կոռուպցիոն թեմայով արդյունավետ եւ կառուցողական հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել եւ մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից: Գլխավոր դատախազը կարեւորել է փորձի փոխանակումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական առումով՝ հաշվի առնելով ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի օրենսդրությունների առանձնահատկությունները:
Իհարկե, Գեւորգ Կոստանյանը կարող է իր անգլերենի իմացությունն ի ցույց դնելուց լրջորեն ձեւանալ, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց իրականում անգամ եփած հավին է պարզ, որ գործող իշխանության կողմից դատախազ նշանակված մարդը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Կոռուպցիան գործող իշխանության գոյության միակ գրավականն է:

 

ՉԻ ՈՒԶՈՒՄ ԽՈՍԵԼ
Երեկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե իր բնակարանի գողության բացահայտման գործընթացն ինչ փուլում է, եւ արդյոք ինքը որեւէ կասկածներ ունի: Սակայն վերջինս մեր կողմից հնչեցված բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց. «Երեւի Դուք ինձանից ավելի շատ եք հետաքրքրված: Ոչ մի բան չկա, նախաքննությունն ընթացքի փուլում է: Այս պահին ոչ մի բան չկա: Նախաքննությունից հետո կպարզվի, կիմանանք: Կարո՞ղ է ինձանից շատ եք ուզում իմանալ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 13-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք մուտք էին գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն եւ հափշտակել զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար: Ընդհանուր գողոնը մոտավոր հաշվարկներով կազմել է մոտ 200 հազար դոլար:

 

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ամանորից առաջ գողություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքի գյուղապետարանից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անհայտ անձը կամ անձինք ներխուժել են գյուղապետարանի շենք եւ գողացել համակարգիչներ, ինչպես նաեւ մի շարք այլ իրեր: Տեղեկություններ կան, որ հանցագործը կամ հանցագործները շենք են ներխուժել՝ գյուղապետարանի շենքի մուտքը կոտրելով, որն այդքան էլ բարվոք վիճակում չի եղել: Տեղեկությունը փորձեցինք պարզել համայնքի ղեկավար Յուրա Մարգարյանից, սակայն նա հայտարարեց, թե նման բան տեղի չի ունեցել:




Լրահոս