2015-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը սկսել է ամփոփել անցած 2015 թվականը, եւ առկա տվյալներն արդեն իսկ տխուր պատկեր են նկարագրում: Այսպիսով՝ անցած տարվա պետական բյուջեի պլանով հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 140 միլիարդ 312 միլիոն դրամ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում ընդհանուր հավաքագրվել է 1 տրիլիոն 65 միլիարդ 644 մլն դրամի հարկեր եւ տուրքեր:

Այսինքն՝ Հայաստանի պետական բյուջեն անցած տարվա ընթացքում թերակատարվել է մոտ 75 միլիարդ դրամի չափով, կամ նույնն է թե՝ շուրջ 7 տոկոսով: Ի դեպ, 2015-ի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են 1 տրիլիոն 329 միլիարդ 172 միլիոն դրամ: Ըստ պլանի՝ անցած տարվա պետբյուջեի դեֆիցիտը պետք է կազմեր 121 միլիարդ 818 միլիոն դրամ: Սակայն նախատեսվածից պակաս հարկային մուտքերի հավաքագրման արդյունքում բյուջեի դեֆիցիտը մեխանիկորեն պակասուրդի չափով ավելանում է: Այսինքն՝ չնայած 2015 թվականի բյուջեի դեֆիցիտի պաշտոնական թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ այն կազմելու ավելի քան 200 միլիարդ դրամ:
Հարկային մուտքերից հատկապես նվազել են ավելացված արժեքի հարկից հավաքագրված միջոցները: 2014-ին ԱԱՀ-ի մասով հավաքագրված է եղել 440 միլիարդ 361 մլն դրամ, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 423 միլիարդ 933 մլն դրամ: Այս հանգամանքը ուշագրավ է, քանի որ ԱԱՀ-ն է այն հարկատեսակը, որը բնորոշում է տնտեսությունում տիրող իրավիճակը: Այսինքն՝ եթե տնտեսությունը զարգանում է, ապա ԱԱՀ-ն չի կարող նվազել: Զարգացումը ենթադրում է նոր միջոցների շրջանառություն, նոր ներդրումների առկայություն եւ այսպես շարունակ: Իսկ այդ ամենը չի կարող չհանգեցնել ԱԱՀ-ի մուտքերի աճի: Սակայն, երբ ԱԱՀ-ն սկսում է նվազել, այն էլ ամբողջ 4 տոկոսով, ապա դա նշանակում է, որ տնտեսությունը ետընթաց է ապրում, այն դադարել է զարգանալ: Եթե իրավիճակը ընտանիքի օրինակով նկարագրենք, ապա ստացվում է, որ 2015-ին Հայաստանի հնարավորությունները նախորդ տարվա համեմատ նվազել են, եւ սոված չմնալու համար պետություն-ընտանիքը սկսել է նախորդ տարիների կուտակած գումարները մսխել, ինչպես նաեւ նոր պարտքեր է կուտակել:
2015 թվականի պետական պարտքի վերջնական թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն տասնմեկ ամիսների արդյունքներով պետական պարտքը 2015 թվականին աճել է 371 միլիոն 902 հազար դոլարով, որից 276 միլիոն 653 հազար դոլարը արտաքին պարտքն է: Մասնավորապես, անցած տարվա սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 524 հազար դոլար, իսկ այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ այն արդեն կազմել է 4 միլիարդ 813 մլն 426 հազար դոլար:
Այն փաստը, որ նման ծավալի գումարների հոսքի պայմաններում անգամ ԱԱՀ-ի գծով պետբյուջեի մուտքերը նվազել են, վկայում է, որ վարկային միջոցները, մեղմ ասած, մսխվել են: Պատկերացրեք՝ դուք վարկ եք վերցնում եւ այն ծախսելուց հետո պարզվում է, որ ձեր ընտանիքի կենցաղային խնդիրների հետ կապված հոգսերը դրա արդյունքում ոչ միայն չեն պակասել, այլ մի բան էլ ավելացել են: Սա հնարավոր չէ այլ կերպ բնորոշել, քան ֆինանսական միջոցների վատնում:
Ի դեպ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով Հայաստանից արտահանման ծավալները նախորդ` 2014 թվականի համեմատ նվազել են 4,7 տոկոսով: Տվյալ դեպքում խոսքն արտահանումից Հայաստան եկող գումարների` մոտ 67 մլն դոլարով նվազման մասին է: Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է՝ տրանսֆերտները անցած տարի, նախորդ 2014-ի համեմատ, կտրուկ նվազել են: Մասնավորապես, 2015-ի նոյեմբերին բանկերի միջոցով Հայաստան ուղարկված ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 68 մլն 415 հազար միլիոն դոլար: Ինչպես հայտնի է՝ զուտ ներհոսքը ՀՀ եկած եւ ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է: 2014-ի նոյեմբերին Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 90 մլն 166 հազար դոլար, իսկ 2013-ին այդ ցուցանիշը եղել է 140 մլն 177 հազար դոլար: Այսինքն՝ Հայաստան եկող տրանսֆերտները, ինչպես ողջ տարվա ընթացքում, շարունակում են նվազել: Սա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը հենց տրանսֆերտներն են: Այսինքն՝ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների գործողություններն ուղղված են եղել տնտեսության զարգացման դեմ: Մեկը մյուսին հաջորդող կառավարությունները տարեցտարի ավելի են կենտրոնացրել տնտեսությունը՝ այն բաժանելով տարբեր մենաշնորհների միջեւ: Սակայն տրանսֆերտների մեծ հոսքերի պայմաններում տնտեսությունը շարունակել է գործել: Իշխանություններին հարկավոր չի եղել ինչ-որ բարիք ստեղծելու մասին մտածել:
Նրանց գործողությունները ուղղված են եղել այն բանին, որ Հայաստան եկած գումարները վերջնահաշվարկում հայտնվեն իրենց գրպաններում: Սակայն վերջին երկու տարիներին արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես նավթի գնի կտրուկ անկման արդյունքում ռուսական ռուբլու արժեզրկումը, հանգեցրին նրան, որ Հայաստան եկող տրանսֆերտները գնալով նվազեցին: Նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը լիարժեք փլուզումից փրկելու համար հարկավոր է, որ կառավարությունը սկսի արդյունավետ գործել, եւ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծվեն: Սակայն տնտեսական զարգացման հեռանկարներն ուղղակի հակասության մեջ են ներկա իշխանությունների անձնական շահերի հետ, քանի որ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ անողը հենց նույն իշխանավորներն են: Այլ կերպ ասած, մոտ ապագայում Հայաստանի տնտեսությունը շարունակելու է ետընթաց ապրել, քանի որ այդ գործընթացը կարող է շտկվել միայն իշխանափոխության դեպքում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՉԿԱ ՈՒ ՉԿԱ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս անցած տարվա հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին: Հիշեցնենք, որ այդ հրապարակումներում նախարարի կնոջը մեղադրել էին ուրիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու մեջ: Խոսքը ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի մասին էր, որի արդյունքում զոհվել էր «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատեր Հովհաննես Հայրապետյանը: Երիտասարդի մահվանից հետո «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը ղեկավարում է նրա հայրը՝ Փայլակ Հայրապետյանը:
Եւ, ահա, նախարարի ու նրա կնոջ դիմումի հիման վրա անցած տարվա աշնանը հարուցվեց քրեական գործ, որը քննում է ՀՀ քննչական կոմիտեն: Նշենք, որ նախարարի եւ նրա կնոջ զայրույթն առաջացրած հիմնական նյութի հեղինակը եղել է «Հայկական ժամ» կայքի լրագրող Ալիս Խեչոյանը, որին մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել: Նշված կայքի խմբագիր Աննա Գեւորգյանից տեղեկացանք, որ տոնական օրերին քննչական կոմիտեի ու ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել են իր բնակարանը եւ փորձել են գտնել Ալիս Խեչոյանի գրառումները: Քննիչները առգրավել են անգամ խմբագրի որդու՝ տարրական դասարանի աշակերտի դպրոցական սեւագրերը, ինչպես նաեւ իրենց հետ տարել են համակարգչի հիշողության կրիչը՝ «վինչեսթրը»:

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՉՏԱԼ
Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ սուր շնչառական` H1N1 («խոզի գրիպ») տեսակի վիրուսից եւս երկու կին է մահացել, այսպիսով՝ մահացածների թիվը հասավ 18-ի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, եւ բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատեւ արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ էլ ՊՆ-ը հատուկ միջոցառումներ է իրականացնում տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Այս պահին էլ զինված ուժերում որեւէ տեսակի վարակի ու անհանգստացնող հիվանդությունների ցուցանիշներ չկան»:

 

ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գնաճը կազմել է 3.7 տոկոս: Նշենք, որ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գնաճը կազմել է 3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 5.6, ծառայություններինը՝ 3 տոկոս:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռ որոշում չի կայացրել` 2017թ. խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, եւ այդ իսկ պատճառով մամուլով հրապարակվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ին ասել է Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը։
«Խաչատուր Սուքիասյանը միշտ էլ հրապարակային է եղել իր գործունեության մեջ, իսկ երբ որոշում կայացնի, պաշտոնապես կհայտարարի այդ մասին»,- ասել է նա:

 

ԱՆՊԱՇՏՊԱՆ
Արտերկրում Հայաստանի դեսպանությունների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանական ցանցահենների կողմից: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ` այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում: Ադրբեջանցի հաքերների այս գործողությունները նվիրված են Բաքվի հունվարյան ջարդերի 26-րդ տարելիցին:
 

ՎԵՐՋՆԱԳԻՐ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Գազպրոմ»-ը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին` առաջարկելով որպես տարացման վճար Հայաստանին մատակարարվող գազի տասը տոկոսի փոխարեն անցնել ֆինանսական վճարման: Ընկերությունը բացահայտորեն ակնարկել է, որ հակառակ դեպքում պատրաստ է Իրանի միջոցով գազ մատակարարել Հայաստանին: «Մենք նախարարությունում վերլուծել ենք, թե որքանով է իրական վերջնագիրը, եւ հաստատել, որ այսօր «Գազպրոմ»-ը կարող է Իրանի միջոցով մոտ 1 միլիարդ կուբամետր գազ մատակարարել Հայաստանին, սակայն որոշ ներդրումներից հետո միայն նրանք կարող են ամբողջովին բավարարել հայկական շուկան: Այս սպառնալիքը, անշուշտ, էներգիկ տեսանկյունից մեզ համար ծանր հետեւանքներ կունենա»,-հայտարարել է Կալաձեն:

 

ԱՌԱՆՑ ՊՆԱԿԱԼԵԶՈՒԹՅԱՆ
«Պետք է վերջ տալ անդրկուլիսային մանր-մունր բազարային շահերով առաջնորդվելուն եւ, այսպես ասած, մուտիլովկաներին: Վերջապես պետք է հասկանանք, որ քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում միմյանց հայհոյել: Ամոթ է: Մենք լուրջ վտանգների առջեւ ենք կանգնած… Հարկավոր է վերջ տալ պնակալեզությանն ու ստորաքարշությանը, որոնց շնորհիվ ոմանք պահում են իրենց դիրքերը: Պետք է գործի մեկ կարեւոր սկզբունք. ներգրավվեն միայն նրանք, ովքեր ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլեւ առաջին հերթին առաջնորդվում են պետական շահերով: Պիտի կարողանանք վերջ տալ այն հոգեբանությանը, երբ որոշ չինովնիկներ առավոտյան տանից դուրս են գալիս միայն մեկ հոգսով՝ ինչպես մարդկանց ոտք գցեն, որպեսզի ընկնելուց հետո գրպանից մի քանի դրամ գողանան»,-«Առաջին լրատվական»-ին ասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը:




Լրահոս