ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ՈՒ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԻԺՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ի լուսադեմին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկի դիմապակին անհայտ անձը պայթեցրել էր: Խանութի սեփականատիրոջ կինը հրապարակավ կասկած է հայտնել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է կազմակերպել այն: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Խանութի սեփականատեր Արսեն Արսենյանի կինը՝ տիկին Սուսաննան, հայտնել էր, թե սա առաջին դեպքը չէ, որ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը:
Իսկ ի՞նչ կապ կա Սամվել Ալեքսանյանի եւ Արսեն Արսենյանի միջեւ:
Կեղծ «ռազբոյն» ու 170 հազար դոլարը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս 2004 թվականին Սամվել Ալեքսանյանի քեռու տղաները` Սամվելը, Ռուդոն, Արսեն Արսենյանը, Արմեն Իսրայելյանը, որը հայտնի է Ձուկ մականունով, աշխատել են Սամվել Ալեքսանյանի թիմում, եղել են նրա տարբեր բիզնեսների «փողեր հավաքողները» կամ այսպես ասած՝ «նազիր-վեզիրները»: Ի դեպ, ըստ լուրերի՝ Ձուկն ու Արսենը միմյանց հետ ծանոթացել են կալանավայրում: Եւ Ալեքսանյանի մոտ լինելով ու հաճախ մեծ գումարների հետ առնչվելով՝ այս «հրաշալի քառյակը» չի դիմացել գայթակղությանը եւ որոշել է պատգամավորի միլիոններից ձախ բաժին ունենալ: Հերթական մի օր, երբ պատգամավորի բիզնես գումարները հավաքած՝ նրանք վերադարձել են մայրաքաղաք, որոշել են 170 հազար ԱՄՆ դոլար գումարը «մեջ-մեջ անել»: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տղաները ավազակային հարձակում են բեմադրել՝ Սամվել Ալեքսանյանին պատմելով, թե իբրեւ դիմակավորված անձինք իրենց սպառնացել են սպանել՝ պահանջելով մոտների եղած գումարը: Ըստ ամենայնի, Սամվել Ալեքսանյանը հավատացել է տղաներին, քանի որ 2004 թվականին տեղի ունեցած դեպքը այդպես էլ չի բացահայտվել ո՛չ իրավական, ո՛չ էլ քրեական ճանապարհով: Ու կարելի է ասել՝ պատմությունը փակվել էր:
Ինքնախոստովանություն
Տպավորությունն այնպիսին է, որ այսքանից հետո տղաները պետք է վայելեին իրենց «աշխատանքի պտուղները», քանի որ հա՛մ փողն էին կիսել, հա՛մ շարունակում էին աշխատել Ալեքսանյանի հետ՝ լկտի պահվածքով աչքի ընկնելով: Սակայն պատգամավորի քեռու տղաների` Սամվելի, Ռուդոյի, Արսեն Արսենյանի եւ Արմեն Իսրայելյանի` Ձկան «ջրերը սկսել են մի առվով չհոսել». նրանք, հավանաբար, լավ չեն կիսել ավարը: Ու վեճն այն աստիճան է թեժացել, որ «ռազբոյից» 10 տարի անց Արսեն Արսենյանը գնացել եւ Սամվել Ալեքսանյանին պատմել է ողջ եղելությունը՝ հավատարմության այդ քայլի դիմաց ներում հայցելով:
Բայց, ինչպես դասականն էր ասում, «խիյարը թարս բուսնեց», եւ Սամվել Ալեքսանյանը իր վստահելիների դավաճանությանը խիստ պատիժներով է պատասխանել` նրանց ձեռքից վերցնելով իր կողմից տրված մեքենաները, տները, տարածքները եւ այլն:
Կասկածում են բոլորին
«Ժողովուրդ»-ն այս միջադեպի մանրամասները եւ հնարավոր շարժառիթները պարզելու համար այցելեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Նկատենք, որ համայնքում մեծից փոքր բոլորը գիտեն, որ այդ 4 հոգանոց թիմը, որին, ըստ էության, մատնել է Արսեն Արսենյանը, այլեւս «մեջք» չունի: Ու այն մարդիկ, որոնց Լֆիկի անվան տակ տարիներ շարունակ նեղացրել, վախեցրել, ծաղրել են, հերթով հաշիվներ են պահանջում բոլորից, այդ թվում եւ Արսեն Արսենյանից, որը նաեւ հայտնի ընտրակեղծարար է:
Ի՞նչ կասկածներ ունի ինքը՝ խանութի սեփականատեր Արսեն Արսենյանը. ո՞վ է պայթեցրել իր խանութը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, եթե հիմքեր չունենար, չէր մեղադրի Սամվել Ալեքսանյանին: Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ փաստեր ու հիմքեր ունի՝ պատգամավորին մեղադրելու համար, Ա. Արսենյանը չմանրամասնեց` նշելով, թե երկու օր հետո կխոսի ու բոլորի ներկայությամբ, հիմա ինչ-որ բանի է սպասում:
Անդրադառնալով 2004 թվականին Սամվել Ալեքսանյանի գումարները ավազակային հարձակման բեմադրությամբ գողանալու եւ նրան դավաճանելու պատմությանը՝ Արսեն Արսենյանը նշեց. «Հենա Դուք ինձնից լավ գիտեք, կա հին պատմություն, ես չարածի համար պատասխան եմ տալիս, ռազբոյ չի եղել, լավություն եմ արել, մարդկանց ասել եմ, որ սա սենց է ու հիմա… նման մի բան: Ես Սամվել Ալեքսանյանից չեմ վախենում եւ վախենալու բան էլ չունեմ»:
Բայց միաժամանակ Արսենյանը հայտնեց, որ վստահ չէ, թե Սամվել Ալեքսանյանի մարդիկ են արել: Ասաց՝ երբ ապացույց լինի, նոր վստահ կասի. «Մենք բոլորին էլ կասկածում ենք»:
Արսեն Արսենյանը հայտնեց, որ ոստիկանություն է դիմել, բայց իր ցուցմունքում ոչ մեկի անունն էլ չի տվել, թե ում է կասկածում. «Որ մարդու վրա հիմնավորված բան չունեմ, ոնց ասեմ, իր մարդիկ են, բոլորին էլ կասկածում եմ»:
Նշենք, որ Մալաթիայում առեւտրականների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ Արսեն Արսենյանը մարդկանց տոկոսով գումար է տալիս, ուստի չի բացառվում, որ կատարվածը պարտքուպահանջի պատճառով եղած լինի: Այս հարցին ի պատասխան՝ Արսենյանի կինը` Սուսաննա Տոնոյանը, ասաց. «Այո՛, կարող եք նշել, որ տոկոսներով գումար ենք տվել ու այս խանութը կարողացել ենք պահել, հիմա գումար չունենք, որ ունենաք, կտանք: Մեկ ամիս առաջ էլ այս խանութը բանկի տակ էր, որ տոկոսով գումար ունենայինք, ուրիշի չէինք տա»:
Ի դեպ, Արսեն Արսենյանը հերքեց նաեւ այն լուրերը, որ նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, բայց այլ հարցերի չցանկացավ պատասխանել:
Հավելենք, որ մամուլը գրել էր, թե նա հաշմանդամ ազատամարտիկ է, սակայն Արսեն Արսենյանը հերքեց նաեւ դա՝ ասելով. «Ես ինսուլտ եմ տարել, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց ազատամարտիկ չեմ, չկա նման բան, սուտ են գրել, ի՞նչ ազատամարտիկ»:
Նշենք, որ Անդրանիկի փողոցում գտնվող խանութը պայթեցնելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով, որտեղից էլ, ամենայն հավանականությամբ, կուղարկվի ՀՔԾ, քանի որ պատգամավորի անունն է շոշափվում:
Քրգործը կջրվի
Արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ ելք կունենա քրգործը, քանի որ պատգամավոր Ալեքսանյանի կողմից ուղղակի կամ անուղղակի կատարված որեւէ հանցանք այսքան տարիների ընթացքում չի պատժվել: Նա մշտապես «փակել է տվել» գործերը, քանի որ գործող իշխանության հենարաններից է:
Բայց այս պատմությունը ուշագրավ է նրանով, որ փաստորեն մի պայթյունը խոշոր ավազակային հարձակման կամ դրա բեմադրության վաղեմի գործը բացեց: Արսեն Արսենյանը խոստովանում է, որ նման բան է եղել՝ ասելով, որ ինքը մեղավոր չէ, չի մասնակցել: Սակայն Ալեքսանյանի քեռու տղաները պնդում են, որ ինչ արել են, 4 հոգով են արել ու պատիժն էլ խմբակային պետք է կրեն: Այնպես որ, իրավապահների համար քննության լայն դաշտ է բացվել: Թե այս խմորն ինչքան ջուր կվերցնի, եւ ինչով կավարտվի պատմությունը, դժվար է ասել, բայց որ հայ հասարակությունը հոգնել է լֆիկ Սամոյից, նրա կասկածելի թիմից ու ռազբորկաներից, փաստ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ ՈՒ ԱԶԱՏՎԵ՞Ց
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր` Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջինիս ազատ են արձակել:
Նշենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի արդյունքում կալանավորվել էին 4 անձ` Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Այս գործով նախաքննությունը ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է:
Ի սկզբանե մարզպետի դեմ սպանության փորձը շատերը համարեցին պատրաստված շոու, որի նպատակը սակարկությունն է: Բանն այն է, որ մարզպետի որդին մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ, ինչից հետո նրան կալանավորել էին: Եվ, ահա, ըստ լուրերի` Արա Բուդաղյանին անազատության մեջ պետք է պահեին այնքան ժամանակ, մինչեւ սակարկության արդյունքում լուծվեր մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը:
2015 թվականի հոկտեմբերի 5-ին մարզպետի որդուն ազատ արձակեցին, սակայն Արա Բուդաղյանը արդեն 7 ամիս է՝ փաստացի պատանդի կարգավիճակում է: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը մշտապես հայտարարել է, որ Արա Բուդաղյանին կալանավորելը, մեղադրանք առաջադրելը եղել է առանց որեւէ փաստական հիմքի. «Մենք անընդհատ այս մասին բարձրաձայնում էինք, այս հանգամանքը շեշտում էինք, ցույց էինք տալիս, որ Արա Բուդաղյանի մեղավորությունը մատնանշող որեւէ փաստ, ապացույց գոյություն չունի: Այդ պատճառով, մեզ հասած տեղեկություններով, նախաքննական մարմինը փորձում է անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ: Հայկ Ալումյանը հաստատեց մեր այս տեղեկությունը, որ Գարեն Աթաջյանի զրպարտող ցուցմունքը նրա ազատության գինն էր:
Ի դեպ, նշենք, որ այս գործով կալանավորված անձանցից միայն Գարեն Աթաջանյանն է ցուցմունք տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո էլ նախաքննություն իրականացնող մարմինը նրան ազատ է արձակել: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գարեն Աթաջանյանի պաշտպան Մհեր Բադալյանից, որը խիստ վրդովված հայտնեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Ի դեպ, հավելենք, որ 2015 թվականի սեպտեմբերից Արա Բուդաղյանի մտերիմներին արգելել են տեսակցել նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, ասաց, որ որեւէ պատճառաբանություն չեն տվել. «Ամեն ինչ իրենց ձեռքն է, իրենք են որոշում»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՌԱՆՑ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է, որ հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։ «Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, եւ մենք ունենք արդեն առաջարկություններ։ Այսպիսով, գարնանային արձակուրդ չի լինելու։ Իսկ մնացած հինգ օրերի համար մենք կամ յուրաքանչյուր օրը մեկ ժամ ավել դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն»,- նշել է Աշոտյանը։ Հիշեցնենք, որ H1N1-ի հետ կապված դպրոցներում արձակուրդները երկարաձգվել էին երկու շաբաթով։ Ի դեպ, տարեսկզբին ոտքը կոտրած Աշոտյանը թեեւ դեռ պաշտոնապես աշխատանքի չի վերադարձել, սակայն ամեն օր գնում է աշխատավայր. «Բժիշկների լուռ անհամաձայնությամբ օրվա երկրորդ կեսին գալիս եմ աշխատանքի։ Աշխատանքի պաշտոնապես կվերադառնամ, երբ պատրաստ կլինեմ»,- ասել է նա:

 

57 ՄԱՀ ԲԱՆԱԿՈՒՄ
Հայաստանի զինված ուժերում եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում 2015 թվականին գրանցվել է զիծառայողների մահվան 57 դեպք: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման` «2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են՝ հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները՝ (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն եւ այլ գործողություններ) 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը եւ ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1»:




Լրահոս