ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Լեւոն Դոխոլյանի ֆեյսբուքյան էջից
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ հետեւյալ գրառմամբ. «Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է: Հայրենիքում է մեր անցյալն ու ապագան…»: Իսկ թե ում հայրենիքում է «իր անցյալն ու ապագան» գտել ՕԵԿ պատգամավորը, դժվար է ասել, համենայնդեպս, հայրենիքի սիրո մասին պատգամավոր Դոխոլյանը հիշել է Դուբայում` ծովափին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր ավանդներն են երաշխավորման ենթակա, եւ որոնք՝ ոչ:
Ալիսա Հայրապետյան (74 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝
-ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
-պատկանում են բանկի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին,
-պատկանում են բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ նրա ընտանիքի անդամներին,
-ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
-սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից:
Հայտնում ենք, որ հիմնադրամը երաշխավորում է ՀՀ-ում գործող բանկերում (բացառությամբ իր՝ ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում՝ ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը:
Ավանդների հատուցումը երախշավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են, եւ անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը, մինչեւ կենսաթոշակային տարիքը, կորցրել է աշխատանքը, ապա նա իրավունք ունի՞ ստանալու իր կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը:
Ստելլա Դանիելյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների՝ մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝
Եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային վճարների եւ դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին: