ՊՆ-ում քննարկվել են ռազմական հոգեբանության խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած “Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները” թեմայով երկօրյա գիտաժողովում:
Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ:
Բացման խոսքում ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը և գործնականորեն կիրառել այն ոլորտի կայացման աշխատանքներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ ռազմական հոգանության ոլորտի զարգացումը իրականացվում է ռազմական բարեփոխումներ շրջանակներում և շարունակական բնույթ է կրելու. “Այսօր ՀՀ զինված ուժերում մենք գտնվում ենք հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ և հետևողական ջանքեր ներդնել, որպեսզի մինչև վերջ կարողանանք ձևավորել այս համակարգը: Արցախյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակը հոգեբանական մեծ առավելություն ունի, որը պետք է պահպանել”,- նշել է Սեյրան Օհանյանը: 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գիտաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ` հույս հայտնելով, որ դրանք բեղումնավոր արդյունքներ կտան:
Գիտաժողովում ելույթ է ունեցել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշել է, որ բարոյական խնդիրները մեր հասարակության անբաժանելի մասնիկն են կազմում, իսկ նախազորակոչային և զորակոչային փուլում երիտասարդների մոտ հոգեբանական խնդիրները բազմաթիվ են ու խոցելի: Արամ Սիմոնյանը նաև կարևորել է պաշտպանության նախարարության ջանքերը` զինված ուժերում ռազմական հոգեբանության խնդիրների լուծմանն ուղված հարցերում գիտուսումնական հաստատությունների հետ համագործակցելու ուղղությամբ:




Լրահոս