Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին ոչնչացնել սպառնացող կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Նիկոլ Փաշինյանը քննարկման էր հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր սոցցանցերում մեղադրանքներ էին հնչեցրել, թե իբր «Փաշինյանի ու Բաղրամյան 26-ի միջև սերտ կապեր կան». «Բոլոր այդ մարդիկ այսօր չեն եկել, որ իրենց հավաստի տեղեկությունները քննարկենք: Ես բոլոր մեղադրանքներին պատասխանում եմ իմ գործունեությամբ: Ընդհանրապես իմ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն ու ռազմավարությունը դուրս չի գալիս այս տրամաբանությունից, մենք ոչ թե գործում ենք ըստ այնմ, թե ով ինչ է ասում, այլ գործում ենք ըստ այնմ, թե մենք ինչ ենք ասում, ինչ ասելիքներ ունենք հանրությանը, ինչպես ենք պատկերացնում զարգացումները: Ամեն ինչ ասել ենք, ես ելույթներ եմ ունենում, սոցիալական ցանցերում եմ հանդես գալիս, այդ առումով ես ասելու նոր բան չունեմ, եկել եմ, որ հանդիպեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե հավաստի տեղեկություններ ունեն»,- ասել է պատգամավորը:

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Հանդիպման մասնակիցներից մի կին, ով ներկայացել է որպես տիկին Ջաղինյան, Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել, թե ով էր նա 2008-ի դեպքերի ժամանակ։

«2008 թվականին իմ մասնակցության ինչ-որ հեռախոսազրույցներ են դրել շրջանառության մեջ ու ասել՝ ահա ամբողջ ճշմարտությունը, իսկ որևէ մեկն ասե՞լ է՝ իմ հեռախոսազրույցների մեջ կոնկրետ ինչն է խնդիրը։ Էն ինչ, որ ես էդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008 թվականին, նույն իրավիճակում կասեի հիմա։ Անկեղծ ասաց, ես շատ հպարտ եմ, որ էդ օրը ես խոսել եմ էդպես, էդ տեքստով եւ շատ հպարտ եմ էն ամեն ինչի համար, որը ես էդ օրը արել եմ, ինչ որ էդ օրը ձեռնարկել եմ, ուղղված է եղել բացառապես հայ ժողովրդի օրինականությունը, Սահմանադրությունը պաշտպանելուն»,- հայտարարել է Փաշինյանը:

«Մարդ սպանելո՞վ»,- արձագանքել է կինը, որին Փաշինյանը հակադարձել է․ «Դուք տեղեկություն ունեք, որ ես մարդ եմ սպանե՞լ, դիմեք հատուկ քննչական ծառայությանը, նոր դիմեք ինձ»։ Ի պատասխան այս դիտարկմանը, քաղաքացին ասել է․ «Շատ լավ գիտենք՝ այդ մարմինները ինչ ձեւի են աշխատում, ես չունեմ էնտեղ դիմելու, էնտեղ աշխատում են լկտի, ստախոս տականքներ, ինձ մի ուղարկեք էնտեղ: Արել ես, պատասխան եմ պահանջում։ Ինչ ասել ես, լսել ենք, ասա՝ 2008 թվականին ինչ արեցիր ու ինչի 137 հոգի մարդ մեռավ ու էսօր պատասխան չկա, եւ ինչի քո նմանները, որ քաղաքական դաշտում իրենց ճղում են ու ընդդիմություն են ցույց տալիս, ինչի փոփոխություն չկա, ինչ ինստիտուցիոնալ, ժողովուրդը էսօր մեռնում ա»,-գոռգոռացել է կինն ու հեռացել, ապա քիչ անց վերադարձել, հասցեն թողել՝ սպառնալով․ «Ոչնչացնելու եմ, քեզ երկերեսանի»։

Կատարվածի շուրջ Arm Lur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից, ով ասաց, որ տիկնոջ պահվածքը ոչ ադեկվատ է գնահատում. «Եթե մինչև հիմա լռել են և չէին եկել ասելու իրենց ասելիքը, ուրեմն՝ պետք է մեկընդմիշտ լռեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Թե ով է այդ կինը և ինչ նպատակ էր հետապնդում, դեռևս պարզվել չհաջողվեց:




Լրահոս