Մեր պատվիրակությունը չպետք է թողներ` հարցը հասունանար այնքան, որ մեկ նստաշրջանի ժամանակ երկու հակահայկական հարցեր դրվեին քվեարկության. Հովհաննես Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է` վաղը Եվրոպայի խորհրդի խորհրարանական վեհաժողովի կայանալիք նիստում քննարկվելու է նաև երկու հակահայկական զեկույց: Դրանցից մեկը կրում է «բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը, որը պատրաստվել է պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) կողմից: Իսկ մյուսը` պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) կողմից պատրաստված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը» զեկույցն է։

Երկու հակահայկական զեկույցների ճակատագրի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, վաղը ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու են երկու հակահայկական բանաձևեր: Արդեն տեսակետներ են շրջանառվում, թե նախագծերի քննարկումը կարող է չկայանալ: Կարծում եք՝ այս փուլում իրականում հնարավո՞ր է կանխել այդ բանաձևերի ընդունումը կամ քննարկումը:

– Հստակ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի,  բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականին միջամտում է այդ հարցերին և հայտարարություններ է անում: Ամեն դեպքում կարծում եմ, որ վաղը քվեարկություն կլինի: Վաղն այդ երկու հարցերը քվեարկության կդրվեն:

– Կարծիքներ են հնչում, որ նմանատիպ բանաձևերի ընդունման պատճառն Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն է, որը հաղթում է ԵԽԽՎ-ում: Կարծում եք հիմնավո՞ր է այս պնդումը, թե մեր պատվիրակների թերի աշխատանքի արդյունք է:

– Բազմաթիվ խնդիրներ կան, նաև տարածաշրջանային զարգացումներ, գլոբալ զարգացումներ. դրանք բոլորն իրար հետ կապված են: Նաև դեր խաղաց մեր անդամակցությունը ԵՏՄ-ին, դրանք բոլորն իրար հետ կապված են: Չեմ կարծում, թե ադրբեջանական պատվիրակությունը շատ լավ է աշխատել, կամ հակառակը` մեր պատվիրակությունը վատ է աշխատել: Ամեն դեպքում մեկ բան հստակ է`մեր պատվիրակությունը չպետք է թողներ, որ հարցը հասունանար այնքան, որ մեկ նստաշրջանի ժամանակ երկու հակահայկական հարցեր դրվեն քվեարկության: Ես նման բան չեմ հիշում այսքան տարիների ընթացքում:

– Հնչում էր նաև նստաշրջանը բոյկոտելու տարբերակը: Դուք դա ճիշտ կհամարե՞իք:

– Բայց դա ինչ կտար մեզ: Մենք Եվրոպայի խորհրդին անդամակցել ենք ոչ թե նրա համար, որ պարբերաբար Ադրբեջանի հետ նման հարցերի շուրջ կոնֆլիկտներ կամ խնդիրներ ունենանք: Եվրոպայի խորհրդի անդամակցությունն այդպիսի նպատակներ չունի: Եթե դուք բոյկոտում եք, բոյկոտում եք այն նպատակները, որի համար անդամակցել եք Եվրոպայի խորհրդին: Բոյկոտելը սխալ է, պետք է աշխատել, փորձել բացատրել իրավիճակը, փորձել բացատրել այդ հարցի աննպատակահարմարությունը և պետք է աշխատել ուղղակի:

– Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները կարո՞ղ են որոշիչ նշանակություն ունենալ:

– Իհարկե, կարող են ունենալ, որովհետև շատ զգայուն հարցի մասին է խոսքը: Խոսքը գնում է նաև Ղարաբաղի հարցի կարգավորման մասին և այն, որ Եվրոխորհրդում է դրված, կարող է ավելի իրավիճակը սրել: Դրա համար Մինսկի խմբի հայտարարությունը շատ կարևոր էր:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս