ՀՅԴ-ի կողմից ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո դաշնակցականների քաղաքական հակառակորդներն ավելացել են և ակտիվացել: Ինչպես հայտնի է` օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ իրենք սկզունքորեն ընդունել են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը:
Իհարկե, այս հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին: Իհարկե, ԲՀԿ-ում սեթեւեթում են եւ չեն թաքցնում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու կամ համագործակցելու ցանկության մասին, բայց այս անգամ իշխող կուսակցությունը կարծես թե նախընտրել է համագործակցել ՀՅԴ-ի հետ: Գաղտնիք չէ, որ կոալիցիայի դեպքում դաշնակցականները նաև պորտֆելներ կստանան և այս հանգամանքը էլ ավելի է սրել իրավիճակը:
Արդյունքում ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրեն հասու միջոցներով կարծես թե տեղեկատվական պատերազմ են սկսել ՀՅԴ-ի հետ: Դա առաջին հերթին բնորոշվում է այդ կուսակցությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների գործունեությամբ:
Գաղտնիք չէ, որ elq.am լրատվական կայքը գտնվում է ԲՀԿ-ի վերահսկողության տակ և այսօր առավոտյան այդ կայքում հայտնվեց «Սփյուռքի դաշնակցականների մի մասը պահանջում է Հրանտ Մարգարյանի հրաժարականը, մյուսները հրաժարվում են Դաշնակցությունից» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը հղում անելով իր աղբյուրներին, ներակայացնում է, թե իբր դաշնակցականների ներսում պառակտումներ կան և շատերը պահանջում են Հրանտ Մարգարյանի հրաժարականը:
Սրան զուգահեռ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՕԵԿ-ի դեպքում: Այս լուսանկարից պարզ երևում է, թե ինչպես է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սոցցանցի իր էջով կիսվել ոչ վաղ անցյալում Հրանտ Մարգարյանին վերաբերող մի հոդվածով: Այս դեպքում տարօրինակն այն է, որ այժմ Հեղինե Բիշարյանի այս էջը ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել. այն կարծես թե անհետացել է:
Թե ի՞նչն է պատճառ դարձել Բիշարյանի էջի անհետացման համար, թերեւս, կարելի է գուշակել, սակայն ՀՅԴ-ի դեմ սկսված տեղեկատվական պատերազմն իրոք զավեշտի է վերածվում: Արժեր արդյոք` հանուն իշխանական կերակրատաշտի, այդքան ակնհայտ արշավ սկսել հայ քաղաքական դաշտի սիմվոլը համարվող ՀՅԴ-ի դեմ: Ի վերջո նրանց քաղաքական փորձառությունը որեւէ մեկ կասկածի տակ չի կարող դնել:
Նաիրա Հովհաննիսյան