Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ԵԽԽՎ-ի դեմ ուղղված բողոքի ակցիա է անցկացնելու:
Հայտարարությունում մասնավորապես, նշվում է.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ցույց:
Ցույցը տեղի կունենա հետևյալ պահանջներով`
1.Պահանջել ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով
2.Անհապաղ արձագանքել վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին
3.Դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը
4.Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:
Տվյալ արատավոր երևույթենրի հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:
Կոչ ենք անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը և հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման և իրական ժողովրդավարության կայացման գործին:
Կոչ ենք անում նաև ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին և ներկա գտնվել բողոքի ցույցին: