Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած Լյուքս Ստեփանյանի սպանության կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվել է ծառայողական քննություն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ծառայողական քննությանը կհաջորդեն պաշտոնանկություններ: Նա նաեւ չի բացառել որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը: Թվում է, թե միանգամայն նորմալ գործընթաց է: Իրականում, սակայն, դա ամենեւին էլ այդպես չէ: Նախ` քչերն են կասկածում, որ եթե չլիներ Լյուքս Ստեփանյանի հարազատների վշտի ու ցասման դրսեւորման ծայրահեղ արտահայտությունը` զինվորի դիակը Գեղարքունիքի մարզից Հանրապետության հրապարակ հասցնելու հետ կապված, ապա Լյուքսի սպանությունը կլրացներ հայոց զինված ուժերում գրանցվող սպանությունների տխուր վիճակագրությունը: Լավագույն դեպքում` կարող է դատապարտվեր զինվորին սպանած ծառայակիցը, քանի որ, կարծես թե` դատելով մինչ այս հրապարակված նյութերից, սպանությունը կատարվել է բացահայտ կերպով, եւ սպանողն էլ արդեն իսկ խոստովանել է հանցանքը: Սակայն մտածել, թե ծառայակցին սպանած զինվորից բացի, սպայական անձնակազմից որեւէ մեկը պատասխանատվություն կկրեր կատարվածի համար, բնականաբար, միամտություն կլիներ: Հայկական բանակում գրանցված սպանությունների ու որպես ինքնասպանություն ներկայացված դեպքերի մեծ մասի հետ կապված պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ պատճառը զինվորների միջեւ միջանձնային հարաբերություններն են: Լյուքս Ստեփանյանի դեպքում եւս սկզբնական շրջանում ՊՆ ներկայացուցիչները հենց այս շեշտադրումն էին առանձնացնում: Անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւան-Սեւան մայրուղու վրա բանակցելով սպանված զինվորի ծնողների հետ` զինվորի դագաղի մոտ, ասաց, որ կատարվածը զինծառայողների միջեւ ծագած վիճաբանության արդյունք է, այսինքն` դարձյալ միջանձնային հարաբերություններում առկա խնդրի, եւ հետեւաբար` ոչ սպայական անձնակազմի դրսեւորած անգործության: Մինչդեռ հիմա ՊՆ խոսնակը հայտարարում է, թե ծառայողական քննությանը հաջորդելու են պաշտոնանկություններ: Հետաքրքիր է՝ Արծրուն Հովհաննիսյանը որտեղից գիտի, թե ինչպիսի բացահայտումներ են լինելու ծառայողական քննության արդյունքում, որ ի սկզբանե վստահեցնում է, թե դրան հաջորդելու են պաշտոնանկություններ: Արդյոք այդ հայտարարությունը չի կարելի ընկալել որպես ի սկզբանե ծառայողական քննությունն իրականացնող մարմինների վրա գործադրվող ճնշում: Սրանք հարցեր են, որոնք, ցավոք, կմնան անպատասխան: Իսկ ՊՆ-ն լավ կաներ մի ծառայողական քննություն էլ սկսեր` պարզելու համար, թե ում հրահանգով են զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչները հայտնվել Երեւան-Սեւան մայրուղու վրա` խոչընդոտելու սպանված զինվորի դիակը Երեւան բերելը:
ՕԳՈՒՏ ՉԻ ՏԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ